Երիտասարդներն իրենց ակցիան սկսեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից: Ակցիայի ամբողջ ընթացքը նկարահանում էր ոստիկանության տեսախցիկը, սակայն դա երիտասարդներին ամենեւին չխանգարեց, նախատեսված սցենարն իրականացնել: «Էս ինչ եք ձեր վրա գրել` «Ազատություն»: Հըլը մի հատ շարք կանգնենք, թե չէ գլուխներդ կջարդեմ»,- սուլելով ասաց «Հիմա»-ի ոստիկանապետը, իսկ 28 «ազատազրկվածներից» մեկը նկատեց. «Ժողովուրդ, էս ոստիկանապետը պարզվում է տառաճանաչ է:
Կարդաց «Ազատություն»: «Ոստիկանապետը» տեսնելով, որ լրագրողներ կան դեպքի վայրում` բղավեց.«էս լրագրողներին հավաքեք տարեք, թողեք մենակ «Հ1»-ին»: Իսկ, երբ փորձեցինք զրուցել ոստիկանապետին կերպարանավորող երիտասարդ աղջկա հետ, նա չպատասխանեց եւ մեր հարցերին, իսկ մի քանի րոպե հետո ավելացրեց.»Լրագրողների հարցերին պետք է չպատասխանել եւ նայել ոստիկաներին բնորոշ բութ հայացքով»:
Ակցիային հետեւում էին նաեւ ոստիկանները, որոնք այսօր շատ բարեհամբույր էին եւ ընդամենը ժպտում էին` իրենց երիտասարդների բեմադրությամբ տեսնելով:
ՀՀ Գլխավոր դատախազության իրենց բողոքն արտահայտելուց հետո` երիտասարդները շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ 1 րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Նրանք իրենց բողոքը հայտնեցին նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանությունների մոտ, իսկ Կառավարության շենքի մոտ բացի «քաղբանտարկյալների» մասին հիշեցնելուց` նրանք նաեւ վանկարկեցին.«Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան»:
Կառավարության մուտքի մոտ ազատազրկվածների հայտնվելը հետաքրքրություն առաջացրեց: Կառավարության շենքից ոմանք դուրս եկան` «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկողներին ավելի լավ տեսնելու համար: Երիտասարդները ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին հիշեցրեցին նաեւ Բաղրամյան փողոցում տեղակայված ՀՀ նախագահի նստավայրում եւ ԱԺ-ում գտնվողներին, որից հետո շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա` զբոսնելու: Ոստիկանները երիտասարդների մուտքը արգելեցին միայն Ազատության հրապարակ` առանց որեւէ բացատրության:
Ի դեպ, երիտասրդներին ամբողջ ակցիայի ընթացքում հետեւում էին նաեւ քաղաքացիական հագուստով երիտասարդներ, որոնցից մեկը հետեւում էր մեքենայի միջից եւ անընդհատ հեռախոսով խոսում: Նրան խիստ մտահոգվեց, երբ տեսավ, որ իրեն լուսանկարում են:
No comments:
Post a Comment