Tuesday, May 20, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (Մաս 7-րդ)

9.մահապատիժ Վիեննայում

Երբ արդեն երկրորդ կրկնակի էսպրեսոն էի խմում, եկավ Յոզեֆը: Նա այլայլված տեսք ուներ.
-Ես պրոբլեմներ ունեմ, ինձ հետապնդում են, իմ դեմ քրեական գործ է հարուցված,-շտապելով ասաց նա:

Ապա պատմեց, որ երբ առավոտյան աչքերը բացել է, տեսել է իր ննջասենյակի բազկաթոռին նստած, անվրդով թերթ կարդացող (դա «Վիներ Ցայտունգ» էր եղել) մի մարդու, որի սեւ վերարկուն եւ ցիլինդրը նետված են եղել իր մահճակալի վրա: Երբ այցելուն զգացել է, որ Յոզեֆը արթնացել է, ծալել է թերթը եւ նրան դիմել մի շատ տարօրինակ հարցով.

-Ի՞նչ եք կարծում, ճիշտ կանեն, եթե Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ ընդունեն:

Յոզեֆը, բնականաբար, պարզաբանում է պահանջել լկտի կերպով իր բնակարան ներխուժելու կապակցությամբ, եւ սպառնացել է բողոքել: Այցելուն սակայն չի շփոթվել եւ բացատրել է, որ ինքը այդտեղ գտնվելու իշխանություն եւ լիազորություն ունի.

-Եթե չունենայի այստեղ չէի գտնվի,- ասել է նա:

Անծանոթը նաեւ Յոզեֆին տեղեկացրել է, որ ինքը ձերբակալված է եւ որ հավելյալ պարզաբանումներ նա կստանա Հիմնարկում, ուր եւ իրենք անհապաղ պիտի մեկնեն: Խորհրդավոր այցելուն զգուշացրել էր նաեւ, որ դիմադրությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չէ: Եւ իրոք ննջասենյակից դուրս գալով Յոզեֆը նախասրահում տեսել էր թղթախաղով զբաղված երեք հոգու, որոնք հագնված էին եղել առաջին անծանոթի նման:

Անծանոթը հրաժարվել էր Յոզեֆին ննջարանում մենակ թողնել` հագնվելու համար: Ավելին, նրան ուղեկցել էր անգամ զուգարան: Ու մինչ Յոզեֆը նստած էր եղել զուգարանակոնքին, անծանոթը հենց նրա մոտ պատին հենված շարունակել էր «Վիներ Ցայտունգի» ընթերցումը: Միայն մեկ անգամ թերթից կտրվելով Յոզեֆին ասել էր.

-Երեւում է, երեկ «McDonalds»-ում եք սնվել:

Ի վերջո սպիտակ լիմուզինով Յոզեֆին տարել էին Վիեննայից դուրս գտնվող մի բարձրահարկ շենք, որի մուտքի ցուցանակի վրա գրված էր եղել ընդամենը մեկ բառ` Հիմնարկ:

Յոզեֆին հրահանգել են սպասել մի երկար ու նեղ միջանցքում, որտեղ ոչ ոք չի եղել, բացի հատակը շարունակ մաքրող մի ալեխառն ծերունուց: Հետո նրան տարել են մի դահլիճ, որը լեփ լեցուն է եղել, իսկ բեմի վրա նստած են եղել 9 հոգի` դատավորի պատմուճաններով: Յոզեֆին նստեցրել են մեղադրյալի աթոռին, իսկ բեմի կենտրոնում նստած մարդը ոտքի է կանգնել եւ հայտարարել.

-Քաղաքացի Յոզեֆ, ձեր դեմ քրեական գործ է հարուցված քանի որ դուք հանցագործ եք: Դուք ձերբակալված եք: Որեւէ բան ունեք ասելու Հիմնարկին:

Յոզեֆը մի կերպ հաղթահարել էր շփոթվածությունը, ոտքի կանգնել եւ ասել.

-Ես ոչ մի հանցանք չեմ գործել

Այս հայտարարությունից հետո մի անասելի քրքիջ էր պայթել դահլիճում: Առաջին շարքերում նստածները ծիծաղից փորները բռնած սկսել էին գետնին թավալվել: Նույնը տեղի էր ունեցել նաեւ բեմի վրա ձախից առաջինը նստած մարդու հետ, որը ի տարբերություն մյուսների 10 րոպեից էլ չէր հանգստացել եւ երբ նրան պատգարակի վրա դուրս էին տարել, նա շարունակել էր ցնցվել, ապա կծկվել եւ ամուր բռնել փորը: Ի վերջո ներկաները ընդունել էին նախկին լուրջ տեսքը եւ Յոզեֆը շարունակել էր.

-Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչում են մեղադրում:

Բեմի կենտրոնում նստածը մի պահ խոժոռվել էր, բայց պատասխանել էր հանգիստ.

-Ձեր մեղադրանքը դեռ ձեւակերպված չէ, այն գտնվում է ձեւակերպման փուլում, եւ մենք չենք կարող ձեզ նախաքննության գաղտնիքներ հայտնել: Ձեր հանցանքը նախաքննության գաղտնիք է հանդիսանում:

-Ես գոնե կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ օրենք եմ խախտել,-համառել էր Յոզեֆը:

-Դա ձեր սրբազան իրավունքն է, եւ ես պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ դուք խախտել եք Ավստրիայի հանրապետության թիվ 865 գաղտնի օրենքի 306, 212, 224 հոդվածները, բայց ես ձեզ չեմ կարող ասել, թե դրանք ինչի մասին են, որովհետեւ, ինչպես նշեցի, դրանք գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ են,- ասել էր կենտրոնում նստածը:

Յոզեֆը հուսահատ փռվել էր մեղադրյալի աթոռին:

-Դատավարությունը, միայն դատավարությունը կորոշի, թե դուք ինչպիսի որոշման եք արժանի,-ասել էր կոնտրոնում նստածը, ինչին հետեւել էին դահլիճում ներկաների բուռն, հոտնկայս ծափահարությունները, որոնք ուղեկցվել էին «Բռավո» եւ այս կարգի այլ գոչյուններով:

Ի վերջո, բեմում նստածները ետեւի դռնով դուրս էին եկել դահլիճից, հանդիսականներն էլ հեռացել էին կողքի դռնից: Յոզեֆը դահլիճում մնացել էր մեն մենակ: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո նա դուրս էր եկել միջանցք, որտեղ էլի ոչ ոք չէր եղել` բացի հատակը շարունակ մաքրող ալեխառն ծերունուց: Վերջինս հասնելով Յոզեֆին ասել էր «Քեզ պատրաստվում են գնդակահարել, այնպես որ ավարտիր կիսատ գործերդ»:

Ծերունին ոչ մի հարցի չէր պատասխանել, Յոզեֆն էլ մի կերպ գտել էր ելքը ու դուսր եկել շենքից եւ նկատել էր, որ մուտքի մոտ այլեւս չկա «Հիմնարկ» գրությամբ ցուցանակը:

Այս պատմությունը ինձ շատ զարմացրեց, չնայած ահագին ծանոթ թվաց: Մի փոքր մտածելուց հետո ես Յոզեֆին ասացի, որ նա պետք է փաստաբան վարձի:

-Ես արդեն դա արել եմ. քեռուս հին ծանոթը փաստաբան է, նա խոստացավ իմ մեղադրանքի մասին մի բան պարզելու փորձ անել, չնայած ասաց, որ այնքան էլ հեշտ չէ բան իմանալ Հիմնարկից:

-Իսկ ի՞նչ է այդ Հիմնարկը, ի՞նչ է իրենից ներկայացնում,-հարցրի ես:

-Չգիտեմ, փաստաբանս էլ ոչինչ չասաց:

-Իսկ միգուցե ոստիկանություն դիմես, իրավապաշտպաններին, մամուլին, ի վերջո:

-Փաստաբանս խորհուրդ չտվեց: Ասում է, որ դա գործին չի օգնի, միայն կզայրացնի Հիմնարկին: Փաստաբանս ասում է, որ լավագույն ելքը մեղքը ընդունելն է ու ներում հայցելը:

-Բայց դու իսկապե՞ս ինչ որ հանցանք գործել ես:

-Ոչ, բայց գուցե իրո՞ք չարժե զայրացնել հիմնարկին:

-Դա շատ պատասխանատու հարց է, ես չեմ կարող քեզ նման խորհուրդ տալ: Իսկ գուցե դա կապված է Մարկոյի հետ:

-Ես չգիտեմ ինձ ինչի մեջ են մեղադրում, ես գիետմ, որ հանցանք չեմ գործել,-հուսահատ ասաց Յոզեֆը եւ ինձ մեկնեց մի ծրար,- խնդրում եմ քեզ, եթե ինձ որեւէ բան պատահի, եթե ես կենդանի չլինեմ, այս ծրարը հասցրու Լոզան Համաեվրոպական Հիմնարկ, հասցեն գրված է ծրարի վրա:

Ես վերցրի ծրարը. դրա վրա խոշոր տառերով գրված էր` Բողոք:

-Եթե քեզ պետք է, ես ծրարը իհարկե, Լոզան կհասցնեմ: Բայց ի՞նչ իմաստ ունի բողոքելը, եթե, ինչպես դու ես ասում, դա պետք է անել միայն այն դեպքում, երբ դու կենդանի չլինես,-զարմացա ես:

-Ընթացակարգն է այդպիսին,-հառաչեց Յոզեֆը,-իմ փաստաբանը հիվանդ է, անկողնուն գամված, եւ չի կարող ինքը անհրաժեշտության դեպքում Բողոքը Լոզան հասցնլ: Իսկ Հիմնարկի հետ ունեցած գործերով պատրաստի բողոք ունենալը եւ վստահ լինելը, որ մահապատժի իրագործման դեպքում այն արագ Լոզան կհասնի, ըստ իմ փաստաբանի, ամենակարեւորն է: Ես մտածեցի, որ դու միեւնույն է պետք է դեպի Արեւմուտք շարժվես. եւ քեզ դժվար չի լինի բողոքը տանել:

-Ինչ խոսք ինձ համար դժվար չէ: Բայց ի՞նչու ես դու անընդհատ մահապատժի մասին խոսում, մի՞թե մի ցնդած հավաքարարի ասածը հիմք է քեզ համար,-սրտնեղեցի ես:

Յոզեֆը սարսափած նայեց ուղիղ աչքերիս մեջ:

-Փաստաբանս էլ հաստատեց, որ Հիմնարկի գործերը երկու ելք կարող են ունենալ. ներում կամ մահապատիժ: Որոշումները ուժի մեջ են մտնում եւ իրագործվում են անհապաղ:

Ես չգիտեի ինչ ասել: Յոզեֆի պատմածը ինձ ցնորք էր թվում, հրեշավոր թյուրիմացություն:Նա նույնպես հույս ուներ, որ այդ ամենը թյուրիմացություն է եւ այս է պատճառը, որ մերժեց միասին Ավստրիայից հեռանալու առաջարկս.

-Ես պետք է մնամ եւ պարզեմ, թե ինչ է կատարվում, դու միայն խնդրում եմ չմոռանաս իմ բողոքի մասին:

-Բայց ես ինչպե՞ս կիմանամ, եթե քեզ Աստված չանի, որեւէ բան պատահի:

-Եթե ես վաղը չգամ կամ չզանգեմ, կամ հաղորդագրություն չթողնեմ, մեկնիր Լոզան,- ասաց Յոզեֆը եւ ոտքի կանգնեց,-ես պետք է գնամ:

-Յոզեֆ, ես համոզված եմ, որ թյուրիմացությունը կհարթվի,-փորձեցի նրան սրտապնդել:

-Հուսանք, հուսանք,-դառնացած ասաց նա, ու հեռացավ:

Բարձրացա սենյակ, Յոզեֆի բողոքը դրեցի պահախցի մեջ: Անսպասելի մի միտք անցավ գլխովսՈւզում եմ Դանուբը տեսնել»:

-Ուզում եմ Դանուբը տեսնել,- իմ միտքը կրկնեցի ես:

Իսկապես ուզում էի տեսնել Դանուբը, եւ դա Յոզեֆի հետ ունեցած խոսակցության ծանր տպավորության հաղթահարման միակ հնարը թվաց ինձ:

-Ինչպես կարող եմ Դանուբի ափին հայտնվել,- հարցրի հյուրանոցի աշխատակցին:

-Դուք պետք է հյուրանոցի դիմացի փողոցով գնաք դեպի ձախ:

-Իսկ հեռո՞ւ է, կարո՞ղ եմ քայլելով գնալ:

-Այո, բայց պետք է մոտ 20 րոպե քայլեք:

Դա իսկական փրկություն կլինի. 20 րոպե քայլքի արդյունքը կլինի այն, որ ակնհայտ կդառնա Յոզեֆի պատմածների ցնորք լինելը: Նման բան չի կարող լինել, այն էլ Եվրոպայի կենտրոնում:

20 րոպե քայլեցի, Դանուբը չկա: Եւս 10 րոպե` էլի չկա:

-Ներեցեք հեռո՞ւ է այստեղից Դանուբը, կարո՞ղ եմ ոտքով հասնել,-հարցնում եմ մի պատահական անցորդի:

-Այնքան էլ հեռու չէ, եթե ուզում եք ոտքով գնալ, պետք է մոտ 20 րոպե քայլեք: Այս փողոցով ուղիղ շարունակեք ճանապարհը:

Լավ, քայլելը չի խանգարի: Քայլում եմ եւս 20+10 րոպե, իսկ Դանուբը չկա: Էլի դիմում եմ մի պատահական անցորդի: Ընթերցողը սա գեղարվեստական տրյուկ կհամարի, բայց սա ճշմարտություն է, եւ այդ հերթական պատահական անցորդը տվեց բառացիորեն նույն պատասխանը իմ` բառացիորեն նույն հարցին: Քայլեցի եւս 20+10 րոպե եւ արդեն ժամուկես չեմ կարողանում անցնել այդ 20 րոպեանոց անիծյալ ճանապարհը:

Հերթական պատահական անցորդը ավելի բարի գտնվեց. նա հորդորեց տաքսի նստել: Այդպես էլ արեցի, որովհետեւ այլեւս ի վիճակի չէի քայլել: Բայց այդ անիծյալ տաքսին ընդամենը րոպեուկես հետո կանգ առավ Դանուբի ափին.

-Ահա Դանուբը,- հպարտությամբ ասաց վարորդը:

Իսկ Դանուբը իսկապես գեղանի էր: Ճիշտ է Բելգրադում այն շատ ավելի մեծ էր եւ շատ ավելի հզոր, բայց այստեղ էր նա ձեռք բերում իր հանդարտությունը, հանգստությունը, խաղաղությունը: Խռովքի եւ հանդարտության ինչպիսի զուգադրում

Մոտ կես ժամ կանգնեցի Դանուբի ափին, հիացա նրանով, մի անցորդի խնդրեցի ինձ լուսանկարել Դանուբի հետ, հիշեցի Մարկոյին, որը գուցե հիմա նույնպես կանգնած էր Դանուբի ափին: Արդեն սկսում էր մթնել եւ որոշեցի վերադառնալ հյուրանոց, բնականաբար տաքսիով: Ոտքերս նվվում էին, փռվել էի սենյակիս բազկաթոռին, ու հեռուստացույցիս ալիքներն էի փոխում:Յոզեֆն է, այո Յոզեֆն է. նրա լուսանկարը ցույց են տալիս հեռուստացույցով, ապա ինչ որ կադրեր` կրակոցներից ծակծկված ավտոմեքենա` Յոզեֆի ավտոմեքենան է, եւ նրա մեջ անշարժ ընկած մի մարմին` Յոզեֆն է:

Հաղորդումը գերմաներեն է, եւ ոչինչ չեմ հասկանում, չնայած` առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է` մահապատիժն ի կատար է ածվել: Ես շոկի մեջ եմ. միթե այս ամենը իրականություն է, միթե այս ամենը իսկապես տեղի է ունեցել: Բողոքը: Ես խոստացել եմ այն Լոզան հասցնել: Զանգում եմ հյուրանոցի ընդունարան.

-Խնդրում եմ ճշտել` ինչպես կարող եմ շուտափույթ մեկնել Լոզան:

Մոտ տասը րոպեից հնչում է հեռախոսի զանգը:

-Լոզան կարող եք մեկնել երկու ժամից գնացքով

-Խնդրում եմ մի տեղանոց կուպե պատվիրեք, պատրաստեք իմ հաշիվը, տաքսի կանչեք. ես մեկնում եմ:

Երբ իջա ֆոյե, հենց նոր բերել էին երեկոյան անգլերեն թերթերը: Այնտեղ փոքր լուր կար Յոզեֆի նկարով: Գրված էր, որ նրան գնդակահարել են ոստիկանները, իրենց հրահանգներին չենթարկվելու եւ զինված դիմադրության փորձի համար:

Հաջորդ օրը երեկոյան մոտ Լոզանում էի: Գնացքից իջնելով միանգամից տաքսի նստեցի եւ ցույց տվեցի ծրարի վրայի հասցեն: Դա հենց փողոցի վրա բացվող մի դուռ էր, սեղմեցի զանգի կոճակը: Դուռը բացեց տարիքավոր մի մարդ: Ասացի, որ բողոք եմ բերել. մարդը ինձ ներս հրավիրեց, ուղեկցեց մինչեւ նախասրահ, որտեղ սարսափազդու պատկերներով նկարներ էին կախված` մեծ նկարներ: Ես նստեցի բազմաթիվ բազկաթոռներից մեկի վրա: Հինգ րոպեից ներս մտավ մոտ հիսուն տարեկան, բայց շատ գրավիչ տեսք ունեցող մի կին: Նա հագնված էր ճաշակով, բայց պաշտոնական, չնայած հոգ էր տարել, որ վերնաշապիկի վերին կոճակները չկոճկված լինեն, այնպես որ կրծքի կեսը երեւա. դա ամենեւին էլ հիսուն տարեկանի կուրծք չէր եւ կոնտրաստը ավելի նկատելի էր դառնում մուգ շագանակագույն նրա կոստյումի ֆոնին:

Ես նրան հանձնեցի ծրարը` առանց որեւէ բան ասելու: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղ գտնվող թուղթը մի հայացք գցեց նրա վրա, ապա դիմեց ինձ.

-Շատ օպերատիվ եք աշխատում. եթե չեմ սխալվում, նրան միայն երեկ են գնդակահարել: Դուք լավ փաստաբան եք երեւում:

-Ես նրա փաստաբանը չեմ, ընդամենը սուրհանդակ:

-Միեւնույն է գովելի է: Որեւէ բան կխմեք:

-Ոչ շնորհակալություն, ինձ դրսում մեքենա է սպասում: Բայց եթե թույլ կտաք, ես ուզում եմ մի հարց տալ:

-Խնդրեմ:

-Յոզեֆը ինչ որ գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ խախտելու համար է մահապատժի ենթարկվել:

-Այո, միանգաման ճիշտ եք:

-Բայց նա ինչպես կարող էր իմանալ մի օրենքի մասին, եթե այն գաղտնի է:

Կինը մի տեսակ ձգվեց.

-Օրենքի չիմացությունը, երիտասարդ, որեւէ մեկին չի ազատում նրա առաջ ունեցած պատասխանատվությունից,-ասաց նա:

Նրա հայացքում անհողդողդություն հայտնվեց, ես նույնպես նման արտահայտություն տվեցի իմ դեմքին: Առանց հրաժեշտ տալու շրջվեցի, դուրս եկա այդ անիծյալ հիմնարկից, նստեցի ինձ սպասող տաքսին.

-Տարեք ինձ որեւէ հյուրանոց,- ասացի ես:

(շարունակելի)


payqar.org

No comments: