Tuesday, May 13, 2008

Նիկոլ Փաշինյան - Երկրի հակառակը կողմը (մաս 3-րդ)



Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր: Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան: Չէ՞ որ Երկիրը կլոր է, եւ եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն քեզ սիրելի ու հարազատ տեղը: Ինչքան էլ գոռաս` առաջ, դեպի Հայաստան, միեւնույն է, դա հանգեցնելու է վերադարձի: Երկար ճանապարհ կտրելով` դու վերադառնալու ես այն կետին, որտեղ ընդհատվել է քո երազանքը:

Եւ ես ուրախ եմ, որ անցնում եմ այս ճանապարհը, չնայած` շատ տեղերում այնքան քիչ եմ մնում, որ ի վիճակի չեմ ընթերցողին ներկայացնել այս կամ այն երկրի բնապատկերներ: Երբեմն գիշերվա ընթացքում մենք հատում անցնում ենք մի ամբողջ երկիր, եւ ես ընդամենը տեսնում եմ հեռվում կամ ավելի մոտիկ վառվող լույսեր: Առայժմ իմ ճամփորդությունը լավ է ընթանում, բայց արդյո՞ք ինձ կհաջողվի հասնել նպատակակետին` վերադառնալ Հայաստան, վերադառնալ երկրի հակառակ կողմից: Չէ՞ որ ես այստեղ էլ հայրենի ոստիկանության տեսադաշտից հեռու` ամեն պահի կարող եմ ձերբակալվել: Ես չունեմ պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր, ինձ ուղեկցում են մարդիկ, որոնց ես չեմ ճանաչել: Բայց պարզվեց` այս ճամփորդությունը ավելի դժվար չէ, քան սովորական տուրիստական ուղեւորությունը: Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երեւան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:
Մեր նավը պետք է խարիսխ գցեր Սալոնիկում: Իմ հետագա երթուղին անորոշ էր, անելիքը` նույնպես: Բայց ահա, անսպասելի լուր ստացա, որ իմ Իմաստուն Ծերուկը ինձ սպասելու է Սալոնիկում: Սա ինձ շատ ոգեւորեց, որովհետեւ ես գաղափար չունեի, թե ինչպես եմ դուրս պրծնելու Հունաստանից: Ինչ վերաբերում է իմ այժմյան ուղեկցին` Անճոռնի Բիձուկին, նա, ինչպես ասացի, նավի անձնակազմի ամենացածր խավից էր: Նրա տեսքին նայելիս կարելի էր ասել, որ նա իր ողջ կյանքը կանցկացնի ետնախորշերում, բայց պարզվեց` սրիկան չափազանց խելացի է եւ հասցրել է աչքի ընկնել ղեկավարության առաջ: Մի անգամ նավապետը հարբած վիճակում գրազ էր եկել, թե ինքը կարող է խմել ծովի ջուրը` այնպես, որ ծովը դատարկվի: Որպես խաղադրույք նա դրել էր Սալոնիկի իր ճոխ առանձնատունը եւ նշանակել «ծովը դատարկելու» կոնկրետ օր եւ ժամ: Հաջորդ օրը սթափվել էր եւ ընկել հուսահատության գիրկը:

Լուրը շատ արագ տարածվել էր նավի վրա, իսկ գրազի մյուս սուբյեկտը` մի հարուստ գործարանատեր, հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել գրազից եւ զիջել մեծախոս նավապետին: Ու մինչ բոլորը համոզված էին, որ նավապետը խայտառակ կերպով տանուլ է տալու, Անճոռնի Բիձուկը նրան լուր է ուղարկել, թե գիտի ինչ անել` պարտությունից խուսափելու համար: Նավապետը ինքն էր եկել նրա կեղտոտ նավախուցը, ուշադիր լսել նրա խորհուրդները եւ իրոք կարողացել էր խուսափել պարտությունից: Իսկ դա տեղի էր ունեցել ահա թե ինչպես:

Գրազով նախանշված օրը եւ ժամին նավապետը դուրս էր եկել տախտակամած: Այստեղ արդեն նրան սպասում էին ոչ միայն հարուստ գործարարները, այլեւ գրեթե ողջ անձնակազմը եւ նավի ուղեւորները: Գործնականում ոչ ոք չէր էլ կասկածում, որ գործարանատերը կհաղթի, պարզապես մարդիկ ուզում էին տեսնել, թե դա ինչպես տեղի կունենա: Ու երբ դեպքի վայր հասած նավապետը անվրդով ձեռքի պայուսակի միջից հանել էր իր սիրած գավաթը, որով սովորաբար գարեջուր էր խմում, տախտակամածի վրա անզուսպ քրքիջ էր բարձրացել: Բայց նավապետը չէր էլ շփոթվել. հրահանգել էր իր համար բերել առաջին դույլ ծովի ջուրը: Նրա հրահանգը կատարվել էր, եւ նա ապշած ականատեսների հայացքի ներքո իր գավաթը մտցրել էր դույլի մեջ ու այն լցրել ծովի ջրով: Հետո գավաթը մոտեցրել էր շուրթերին` պատրաստվելով այն խմել, մեկ էլ հանկարծ ետ էր տարել ու դիմել գրազի տիրոջը` հարուստ գործարանատիրոջը.

- Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ճշտել գրազի պայմանները. ես պետք է խմեմ ծովի ամբողջ ջուրը. ճի՞շտ է:

- Միանգամայն ճիշտ է,- ասել էր գործարանատերը:

- Այսինքն` միայն ծովի ջուրը եւ ընդամենը:

Այստեղ նորից անասելի քրքիջ էր բարձրացել, ինչի ներքո գործարանատերը պատասխանել էր.

- Միայն ու միայն ծովի ջուրը, ընդամենը ծովի ջուրը:

- Այդ դեպքում,- հաղթական ասել էր նավապետը,- խնդրում եմ փակեք գետերը, որպեսզի դրանք ծովը չլցվեն, թե չէ` ես մի կողմից կդատարկեմ ծովը, մյուս կողմից այն կլցվի գետերի ջրերով, իսկ գետերի ջուրը խմելը մեր գրազի պայմանների մեջ չի մտնում:

Այստեղ հնչել էին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, հիացական բացականչություններ: Գործարանատերը համաձայնել էր ոչ-ոքիի:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած վիճակից ելք կա: Իսկ երբ Անճոռնի Բիձուկը այս պատմությունը ինձ պատմեց, ես հասկացա, որ, եթե, իհարկե, չի խաբում, նա շատ չի մնա իր այսօրվա կարգավիճակում: Նրա խոսք ու զրույցից զգացվում էր, որ իսկապես խելացի է, բայց նրա խելքը ինձ դուր չեկավ, որովհետեւ նկատելի էր, որ նա անուղղելի շահամոլ է: Նա օձի, այսինքն` սողունի հոգեբանություն ուներ. համենայնդեպս, ինձ այդպես թվաց, եւ այս էր պատճառը, որ ես անհամբեր սպասում էի մեր` Սալոնիկ հասնելուն, ոչ այնքան Իմաստուն Ծերուկին հանդիպելու, որքան Անճոռնի Բիձուկից բաժանվելու համար: Վերջինս չնայած Հունաստանից էր, բայց կարծես թե հույն չէր. «Հիմա քարտեզի վրա շատ դժվար է գտնել այն վայրը, որտեղ ծնվել են իմ նախնիները»,- ասում էր նա:

Ինչքան եմ հոգնել այս խելոքի շաղակրատանքից, նրա տխմար խորհուրդներից, նրա այլանդակ դեմքից ու մեծամտությունից: Ահա, հորիզոնում երեւում է Սալոնիկը, ու չնայած Բիձուկը ինձ խնդրում է եւս մեկ օր մնալ, որպեսզի նա իր ողջ ասելիքն ինձ ասի, ես ուզում եմ փախչել նրանից, այդ կեղտոտ խոզի մռութից: Այո, նա ինձ մեծ ծառայություն մատուցեց, բայց ես չսիրեցի նրան, չնայած` հարգանքով կհիշեմ նրա մասին:

Ահա, մեր նավը հասավ նավահանգիստ: Բիձուկը ինչպես գաղտնի դռնով ինձ նավ էր բարձրացրել, այնպես էլ գաղտնի դռնով իջեցրեց` ստիպված լինելով կիսատ թողնել իր պատմությունները: Նա արդեն գիտեր, թե Ծերուկը մեզ որտեղ է սպասելու: Զուրաբի սահմանապահ ընկերները նրան հաղորդել էին հյուրանոցի անունն ու հասցեն: Իմաստուն Ծերուկի հետ հանդիպումը սրտառուչ ստացվեց: Նա վեհապանծ կեցվածքով նստած էր հյուրանոցի ֆոյեում: Ծերուկին տեսնելուն պես հիշեցի նրա` մաքսանենգ լինելու վարկածս: Ճիշտ է, նրա դեմքին նայելիս չէիր մտածի, թե մաքսանենգ է, բայց Բիձուկի դեմքն էլ ամենեւին չէր դավաճանում նրա` «փիլիսոփա» լինելը:
Ես Ծերուկին այդպես էլ չհարցրի, թե արդյո՞ք գործերով է Սալոնիկ եկել, թե՞ հատուկ ինձ համար: Բայց դա ինձ մինչեւ հիմա էլ հետաքրքրում է:

Մենք հրաժեշտ տվեցինք Անճոռնի Բիձուկին: Իմաստունն ինձ ասաց, որ ես կարող եմ իր համարում լոգանք ընդունել, ապա մենք կճաշենք ռեստորանում, ապա, եթե ուզում եմ, կարող եմ քնել ու երբ արթնանամ, պետք է շարժվենք: Իմաստուն Ծերուկը, սակայն, ինձ արթնացրեց ավելի վաղ, քան ինքս կարթնանայի: Նա ասաց, որ մենք պետք է նախ գնացք նստենք, ապա ավտոմեքենա եւ Մակեդոնիայով հասնենք Սերբիա: Ես ըստ էության գլխի էլ չընկա, թե մենք որտեղ հատեցինք հույն-մակեդոնական, ապա` Մակեդոնիա-Սերբիա սահմանը: Սահմանի հատման մասին կարելի էր կռահել միայն այն բանից, որ մենք դուրս էինք գալիս գլխավոր մայրուղուց եւ մտնում ինչ-որ անբարեկարգ, երբեմն` գոյություն չունեցող ճանապարհներ:

Սալոնիկից մենք գնացքով հասանք հույն-մակեդոնական սահմանի մոտ գտնվող մի կիսակայարան, որտեղ մեզ իր «Ռենջ-Ռովեր» ջիփով դիմավորեց ազգությամբ սերբ մի աժդահա` Մարկոն, որին, ինչպես պարզվեց հետո, փնտրում էր Հաագայի միջազգային դատարանը` Կոսովոյի գործով: Նա իր թիկնապահ վարորդի հետ էր:

(շարունակելի)

payqar.org

No comments: