Saturday, May 10, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (մաս 2-րդ)

2. Բարեւ Վրաստան

Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած` հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր:

Զուրաբի հետ իմ ընկերության եզրակացությունը մեկն է. ափսոս, որ մենք այսքան մոտ լինելով, այդքան վատ գիտենք վրացիներին, նրանց մշակույթը, նրանց զգացմունքներն ու ոգին: Նույնն էլ, ի դեպ, իրենք: Ու չնայած` «մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է» ասացվածքը մենք մերն են համարում, վրացիք` իրենցը, ոչ մենք ենք բավարար չափով կիրառում, ոչ վրացիք. ընդհակառակը շատ դեպքերում ուղիղ հակառակ կերպով ենք վարվում:

Զուրաբի եւ իմ մտերմանալը, թերեւս նրանով էր պայմանավորված, որ մենք շատ բանով ենք իրար նման: Նա էլ ինձ նման դպրոցն ավարտել էր մայրաքաղաքից հեռու, հետո ուսանող դառնալու համար եկել էր մայրաքաղաք եւ ապաստանել հորաքրոջ տանը, ուսանող դառնալու ճանապարհին բարդությունների հանդիպել ու դրանք հաղթահարել, նրա կյանքում էլ էր տատիկը մեծ դեր խաղացել:

Գործնական առումով- ինձ Վրաստան բերած հանգամանքները «սպասարկելու» համար նա լուրջ կապեր ուներ` մասնավորապես սահմանապահների շրջանում: Մենք չգիտեինք, թե արդյոք իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը միջազգային է դարձել, բայց չէինք կասկածում, որ այն Վրաստան հասել է: Ուստի համոզված էինք, որ եթե վրաց իրավապահների ձեռքն ընկնեմ, նրանք ինձ անպայման կհանձնեն ՀՀ իշխանություններին` առանց այն էլ փխրուն հայ-վրացական հարաբերությունները չփչացնելու կամ լարվածություն չստեղծելու նկատառումով: Այս է պատճառը, որ Զուրաբը ձեռնամուխ եղավ ինձ Վրաստանից հանելու գործին, որը հազար ու մի պատմության հետ էր կապված: Ու մինչ Զուրաբի ընկեր սահմանապահները մեր գործերի կարգավորմամբ էին զբաղված, մենք համենայն դեպս հեռացանք Թիֆլիսից, մանավանդ որ` այսպես թե այնպես Բաթում պիտի հասնեինք: Մեզ տեղ հասցնելու գործը ստանձնեց Զուրաբի մանկության ընկեր, ազգությամբ քուրդ Ավոն, որը տաքսի էր քշում Թիֆլիսում: Նա համաձայնեց մեկ-երկու օր իր մեքենայով մեզ ծառայել, մանավանդ որ շատ էր ուզում, որ իր ընկերը պատշաճ մակարդակով ընդունի եւ ճանապարհի հյուրին:

Բայց մենք որոշ ժամանակ ունեինք, եւ Զուրաբը ինձ համար հետաքրքիր ժամանց կազմակերպեց. մենք եղանք վրացիների հպարտությունը հանդիսացող Ձվարիում, որը 6-րդ դարի ճարտարապետական համալիր է, մտանք Զուրաբի հայրենի գյուղ, որը մի չնաշխարհիկ լեռնային վայրում է. այստեղ տեսա շարքային վրացիների, կերա նրանց հացը` ճադին, լսեցի նրանց զարմանալի զարմանալի պատմությունները, որոնք լացելու չափ ծիծաղելի էին եւ լացելու չափ տխուր: Ես սիրեցի վրացիներին, որովհետեւ նրանք շատ նման են մեզ` հայերիս, թե իրենց թերությունների, թե առավելությունների մեջ: Վրաստանում ոչ մի արտառոց բան չպատահեց, եթե արտառոց չհամարենք այն, որ ես ուժեղ տպավորություններ ստացա, ինչի մասին մանրամասն խոսելու առիթ հուսով եմ կունենամ:

Ի վերջո մենք հասանք Բաթում, որտեղ պարզվեց` Զուրաբի ընկեր սահմանապահները հարմար տարբերակ են գտել. եւ պատրաստվում են ինձ ճանապարհել Հունաստան: Ճիշտն ասած ես շատ ուրախացա, որ իմ հաջորդ կանգառը Հունաստանն էր դառնալու, որովհետեւ չէի ուզում Թուրքիա անցնել:

Հունաստան պետք է մեկնեի նավով, ուր ինձ պիտի տեղավորեր անձնակազմի մի անդամ` Անճոռնի Բիձուկը, որի պարտականությունը ըստ էության նավի վրա հավաքարարություն անելն էր: Սա մի աներեւակայելի անճոռնի արտաքինով երիտասարդ էր, որը աչքի էր ընկնում ոչ միայն արտաքին այլանդակությամբ, այլեւ զարմանալի խելքով եւ սրամտությամբ: Բայց սա արդեն մեր պատմության հունական հատվածին է վերաբերում. իսկ վրացական մասը ավարտելով ասեմ, որ այն ավարտվեց դժբախտությամբ: Հենց առաջին օրը մեզ հետ նավ նստած մի դպրոցահասակ տղա խեղդվեց ծովում: Նա բաց ծովում վայր էր ընկել նավից, ոմանք ասում էին դիտավորյալ է թռել: Վրաստանում ծնված մեծացած, բայց ազգությամբ հույն այդ տղայի ընտանիքը մեկնում էր Հունաստան` մշտական բնակության, եւ ահա այսպիսի դժբախտության հանդիպեց:

Իսկ Զուրաբի հետ մենք բաժանվեցինք նորից հանդիպելու հաստատ վճռականությամբ. նա ինձ դեռ կպատմի իր կյանքի բազմաթիվ պատմություններից. մինչ հանդիպում բատոնո:

3. ներիր ինձ, որդիս

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Ինձ թվում էր, որ դա արտաքուստ եւ մի տեսակ արհեստական խաղաղություն է: Ինչ է կատարվում ընդերքում, ինչ է մտածում Ծովը եւ ինչ է ուզում, ինչի մասին է երազում: Բայց միթե ես չեմ ճանաչում Ծովի երազանքը, միթե չգիտեմ նրա մասին ամեն ինչ, համարյա ամեն ինչ: Միթե ես այդ երազանքի իրագործմանը չեմ ծառայում:

Իսկ եթե այդ երազանքը անիրագործելի է, իսկ եթե սին է այդ երազանքը: Միեւնույնն է, ես պիտի ծառայեմ այդ երազանքին, պիտի անմնացորդ ծառայեմ, որովհետեւ խոստացել եմ որդուս…
Ես հիշում եմ այդ օրը: Տուն վերադարձա սովորականի նման ուշ: Նոփ -նոր ծառայողական մեքենաս ինձ հասցրեց մինչեւ մուտքի դուռը, նա ինձ վերցրել էր նոր նորոգված ու հարմարավետ աշխատավայրի մուտքի մոտից: Ես արդեն նաեւ տուն ունեմ եւ այդ նոր նորոգված տանը ապրում են իմ սիրելիները, իմ ընտանիքը: Ես, որ գավառական իմ ծննդավայրը լքել եմ, որպես չարքաշ ընտանիքիս համար ծանրացող մի բեռ, հիմա արդեն կարող եմ ուսերիս կրել ոչ միայն սեփական ընտանիքի բեռը: Իմ բախտը բերեց, ես ունեցա այդ շանսը, բայց միթե դա ինչ-որ բան նշանակում է: Միթե ես` իբր ազնիվ, իբր անկաշառ, իբր համարձակ, իբր հայտնի սուբյեկտս ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, ում բախտը չի բերելու, շանս չեն ունենալու, որովհետեւ մենք, բոլորս նրանց զրկել ենք շանսից, հանուն սեփական շանսի: Միթե մենք չպիտի պայքարենք, որ նրանք նույնպես ունենան այդ շանսը: Չէ, որ կյանքը կարճ է, այնքան կարճ, որ կարելի է նաեւ չապրել, ու չեն ապրելու: Միթե մենք պիտի թույլ տանք, որ նրանք ապրեն առանց կյանքի…

Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել.«Հայրիկ, դու վախկո՞տ ես»:

-Բայց որդիս, ես վախենում եմ քեզ կորցնել…

-Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Միթե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Միթե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին, եւ այդպիսով, միայն այդպիսով փրկեց նրան:

-Քեզ դնել զոհասեղանի±ն: Բայց միթե ես դա չեմ անի հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

-Հայրիկ, դու ստահա՞կ ես:

-Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ներիր ինձ, որդիս:

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Այստեղ, այնտեղ հանդիպող ռազմանավերը կարծես հսկում էին ծովի հանդարտությունը: Նրանց կարծես թվում էր, թե այդ իրենք Ծովին թույլ չեն տալիս ալեկոծվել: Նրանք չէին հասկանում, որ եթե Ծովը ցանկանա, իրենց բոլորին կուլ կտա մի ակնթարթում: Բայց Ծովը տխուր էր, նա տխուր էր այն տղայի համար, որ նետվել կամ ընկել էր նավից: Ծովը սիրում էր իր զավակներին, Ծովը չէր ուզում խժռել իր զավակներին, Ծովը համբերատար էր:

Իսկ ես. արդյոք ճիշտ եմ վարվում, արդյոք իմ տեղը իմ ընկերների կողքին չէ, ովքեր մաքառում են զնդաններում, արդյոք ես նրանց մենակ չեմ թողնում փորձության պահին: Բայց ինքնակամ այնտեղ գնալ, կնշանակի հանձնվել, իսկ հանձնվել չի կարելի: Հարկավոր է պայքարել, հարկավոր է հաղթել: Ես կպտտվեմ աշխարհի շուրջը, եւ դա կդառնա մի նոր հաղթանակ: Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին, բռնեք ինձ եթե կարող եք:

(շարունակելի)

No comments: