Saturday, May 17, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (մաս 6-րդ)

8. մի շիշ «Ստոլիչնայա»
Յոզեֆը բանկիր էր եւ թերեւս վարում է նաեւ Մարկոյի բանկային գործերը. այստեղից էլ նրանց ծանոթությունը: Քիչ մնաց Վիեննայի օդանավակայանում մենք իրար չգտնենք: Դիմավորողների բռնած ցուցանակների վրա իմ անունը չգտա: Ու երբ արդեն մտածում էի, որ Յոզեֆը ուղղակի չի եկել, հիշեցի հանկարծ, որ ես, ախր, նոր անուն ունեմ: Բոյան անունով եւ անձնագրիս մեջ գրված ազգանունով ցուցանակը ձեռքին կանգնած էր մի երիտասարդ. Յոզեֆն էր: Ես ներողություն խնդրեցի նրանից` ասելով, որ ուշադիր չեմ եղել ցուցանակները կարդալիս եւ սարսափով հիշեցի այն ճանապարհը, որ անցել էի օդանավից սպասասրահ գալիս: Փառք Աստծո, որ անցակետում ոչ ոք անունս չի հարցրել, թե չէ` իսկական անունս կտայի:
Յոզեֆին խնդրեցի ինձ տանել Վիեննայի կենտրոնական մասերում գտնվող մի հյուրանոց: Ճանապարհին մտքումս անընդհատ կրկնում էի նոր անուն ազգանունս, որպեսզի տպավորվի: Տեղավորվեցի մի շատ լավ հյուրանոցում, հետո ֆոյեում Յոզեֆի հետ էսպրեսո խմեցինք, մի քիչ խոսեցինք դեսից-դենից, հետո նա, թողնելով իր հեռախոսների համարները, գնաց իր գործերով: Ասաց, որ հաջորդ օրը կեսօրին կգա: Բարձրացա սենյակ: Դեռ առավոտյան 11.30 էր: Որոշեցի մի քիչ քնել: Արթնացա ժամը 15-ի կողմերը, միացրի «Եվրանյուզը». Հայաստանի մասին ոչինչ չկար: Իջա ինտերնետ ակումբ, կրկնակի էսպրեսո պատվիրեցի եւ սկսեցի կարդալ հայաստանյան թերթերը, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսել էին լույս տեսնել: Հոդվածս, որ ուղարկել էի ընդհատակյա ինտերնետային թերթին, տպագրվել էր նաեւ «ՀԺ»-ում, ուրեմն կարելի էր նորերը գրել:
Գրպանիցս հանեցի «ֆլեշս», որի մեջ ինձ պետքական այլ բաների շարքում նաեւ «KDWin» ծրագիր կար եւ հայերեն տառատեսակ: Մի հոդված գրեցի, ուղարկեցի ընդհատակյա թերթին ու զգացի, որ կարոտել եմ Հայաստանը: Թե ինչ էր պետք անել, պարզից էլ պարզ էր. մոտակայքում մի սուպերմարկետ գտա: Ցուցափեղկերում փնտրում եմ, փնտրում ու չեմ գտնում ռուսական օղի: Ստիպված եմ հարցնել. սուպերմարկետի աշխատակցուհին ինձ ուղեկցում է մի բարձր ցուցափեղկի մոտ, որի ամենավերեւի փեղկի վրա ցույց է տալիս տարբեր շշերի արանքում կուչ եկած մի շիշ «Ստոլիչնայա» օղի: Ձեռքի շարժումով պատվիրում եմ իջեցնել: Սուպերմարկետի բանվորը մի երկար աստիճան է բերում եւ իջեցնում կես լիտրանոց շիշը:

Արարողության մասնակիցները ինձ նայում են շնորհավորող հայացքներով. պատճառը խիստ օրիգինալ գնումն է: Այստեղի սուպերմարկետներից գրեթե ոչ ոք ռուսական օղի չի գնում: Վիեննա այցելած ռուսներն էլ իրենց անհրաժեշտ օղին խմում են բարերում կամ ռեստորաններում կամ էլ ուղղակի բերում են իրենց հետ:

Օղի հայտնաբերելուց հետո գնեցի նաեւ չորս հատ կարտոֆիլ, մի գլուխ սոխ, մի հատ ինչ-որ ապխտած ձուկ, երկու հատ վարունգ, երկու հատ լոլիկ, երկու շիշ գարեջուր, հաց: Այստեղ նորմալ պանիր փնտրելը անիմաստ է անգամ, փոխարենը գնեցի խոստումնալից տեսքով պղպեղ, որը պետք է որ իմ ուզածի չափ կծու լիներ: Վերադարձա սենյակ, մինի-բարից մի երկու բան հանեցի, դրա փոխարեն դրեցի իմ բերած օղին ու գարեջուրը: Զանգեցի ռեստորան, խնդրեցի մատուցարանի վրա սպասք բերել. մի քանի ափսե, դանակ, պատառաքաղ, բաժակ: Լվացի վարունգը, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը: Մատուցարանը բերեց 20-22 տարեկան մի պատանի` Գյունտերը: Աչքերի արտահայտությունից զգացի, որ ֆաշիստ է: Ես նրան տվեցի լվացած կարտոֆիլը, խնդրեցի 15 րոպե ջրով եռացնել միկրոալիքային վառարանի մեջ կամ ուղղակի սալիկի վրա ու բերել: Հատուկ զգուշացրի` չկլպել: Մինչ նա կվերադառնար, ամեն ինչ կտրտեցի, սոխը բաժանեցի չորս մասի, մինի-բարից հանեցի օղին, որ արդեն ահագին սառել էր, գարեջուրը խանութում էլ արդեն սառն էր: Վիսկիի բաժակը կիսով չափ օղի լցրի, բաժակը բարձրացրի` մեր հող ու ջրի կենացը, ասացի, խմեցի, մի կտոր ձուկ վերցրի, հետո` սոխ, հետո` հաց, կերա, գարեջրի շիշը քաշեցի գլխիս: Քեֆս լավ է: Դուռը ծեծում են: Գյունտերն է: Կարտոֆիլն է բերել: Էս ո՞վ է գալիս. արի, ընկեր ջան, արի, ախպեր ջան, մենք պետք է իրար հետ խմենք մի բաժակ:

- We must drink together: You and me. That is Russian vodka,- ասում եմ ես ու վերցնում շիշը:

- Ոչ, ոչ, ես ծառայության մեջ եմ, ինձ չի կարելի:

- Դու կհրաժարվես ռուսական օղո՞ւց. մի՞թե Ավստրիան մոռացել է դարավոր թշնամիներին, մի՞թե Ավստրիան ներել է նրանց, մի՞թե Ավստրիան այլեւս չկա: Դուք օղի չխմեցիք եւ դրա համար չկարողացաք հաղթել ռուսներին: Մի՞թե կարելի է ռոմով ու շնապսով հաղթել նրանց, ովքեր սպիրտ են խմում:

Որքան էլ զարմանալի է, իմ ճառը ազդեց պատանու վրա: Ես դարձյալ կիսով չափ լցրի վիսկիի մյուս բաժակը, իմը նույնպես, իր բաժակը տվեցի իրեն, զգուշացրի, որ մինչեւ վերջ խմի, բաժակս խփեցի բաժակին ու ասացի. «Բարձր ռասայի կենացը»: Գյունտերը մինչեւ վերջ խմում է, ես նույնպես: Նրան սոխ ուտեցնելու իմ բոլոր փորձերը ապարդյուն են անցնում: Նա ուզում է գնալ. ես նրան 10 եվրո եմ տալիս եւ պատվիրում 15 րոպեից գալ` մատուցարանը տանելու:

15 րոպեից Գյունտերը գալիս է, մենք մի-մի բաժակ էլ ենք քցում: Նա հավաքում է մատուցարանը, ես նրան եւս 10 եվրո եմ տալիս եւ հայերեն ասում. «Կամաց կքշես»: Գյունտերը գնում է, ես փռվում եմ մահճակալին:

Լուսաբացին արթնացա գլխիս տրոփյունից, որը ուր որ է կբացվի իմ ձեռքով քառատված գլուխ սոխի նման: Մի կերպ թեքվեցի, վերցրի հեռախոսի ընկալուչը, սեղմեցի 0 կոճակը.

- Գլխացավի դեղ խնդրում եմ: Կրկնակի դոզա: Դուք ինքներդ բացեք դուռը, ես չեմ կարող վեր կենալ:

Մի քանի րոպեից ինչ-որ մեկը ափի մեջ փռած անձեռոցիկի վրա ինձ է մատուցում երկու դեղահաբ` մյուս ձեռքին մի բաժակ ջուր բռնած: Ես կուլ տվեցի հաբերը եւ նորից վայր ընկա մահճակալի վրա: Ինչ-որ ժամանակ անց նորից արթնացա. գլխացավը նահանջել էր, բայց չէր հանձնվել, այն կարծես երկխոսություն էր սկսել տրոփյունից թմրած գլխիս հետ` նրա մեջ մնալու համակեցության
հնարավորություններ գտնելու ձգտումով:

Ցավը հիմա տանելի էր, բայց նրան տանելի էր դարձնում միայն իմ նախընթաց տառապանքի հուշը: Շուտով այն կմարեր, եւ ցավը կդառնար նույնքան անտանելի:

Վեր կացա, տրամվայի սպասողի դիրքով կանգնեցի տաք ցնցուղի տակ: Եւ ցավը քանդվեց, հոսեց, կոյուղին լցվեց` քթիցս ծորացող արյան հետ: Հագնվեցի, իջա ֆոյե...

- Էսպրեսո, խնդրում եմ: Կրկնակի, խնդրում եմ: Ռոմով, խնդրում եմ:

Մի՞թե ես պետք է նկարագրեմ այս հյուրանոցի ֆոյեն: Բազմաթիվ հեղինակներ հենց այդպես էլ կվարվեին. կնկարագրեին ոսկեգույն բազրիքներն ու բռնակները, վերելակի մեծ հայելիները եւ ոսկեգույն պատերը, կողք կողքի շարված հուշանվերային խանութները` հիմար գներով: Բայց արդյո՞ք այդ նկարագրությունը մեր պատմությանը որեւէ նոր իմաստ է տալիս: Մի՞թե մեր պատմությանը անհրաժեշտ է Վիեննայի` զզվելիության չափ «կազմակերպված» այդ քաղաքի նկարագրությունը, որտեղ անգամ թուփը աճում է հաստատված նախագծի եւ ժամանակացույցի համաձայն: Չեմ պատրաստվում ընթերցողին ձանձրացնել այսպիսի նկարագրություններով, մանավանդ որ ամեն թփի ճշգրիտ նկարագրությունը ինձ հետապնդողներին դուրս կբերի ճշգրիտ հետքի վրա. այսպիսին են Վիեննայի թփերը:

(շարունակելի)

payqar.org

No comments: