Thursday, May 22, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (Մաս 9-րդ)

10. մղձավանջ եւ անուրջներ Լոզանում (շարունակություն)

Անտառ ասելով, սակայն, Իջեւանում նկատի չունեն ուղղակի անտառ: Աղբյուր ասելով` նկատի չունեն սոսկ աղբյուր: Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ինֆրաստրուկտուրայի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար: Անտառներում կան բազմաթիվ զրուցարաններ` բիսեդկաներ, երկար նստարաններով, սեղաններով: Սրանց կից` խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաեւ առանձին սեղան` բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար: Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ` հնաոճ իրերի թանգարան: Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին: Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով` Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր:

Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, եւ այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել: Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել: Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի: Բայց ահա Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, եւ հուլիսի վերջին կիրակի օրը Իջեւանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար` շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը եւ գիշերը մնալ: Բայց կա մի ոսկե կանոն` եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլեւ այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն` նրանք կարիք չունեն գիշերը մնալու: Ուղղակի պետք է առավոտ շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խնջույքը սկսել. անհարմար բան կստացվի:

Բայց հիմա Վարդավառ չէ, եւ ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության: Ու եթե այստեղ եղած նախորդ խումբը իր ետեւից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը: Եթե տեղանքը մաքուր չէ, դա կարելի է անել միայն մաքրություն անելուց հետո:

Ինչեւէ, շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե` արարողությունը սկսված է: Հա, չմոռանանք արարողության ամենակարեւոր ատրիբուտի` կրակի մասին: Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «ծուխը ծուլ լինի», եւ ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տեսնելով, հասկանան, որ այս աղբյուրը զբաղված է եւ իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան: Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է` իր բազմաթիվ կանոններով: Այդ կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում:

Այս կանոնը թերեւս ձեւավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք: Եւ թերեւս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի: Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի... Եւ Իջեւանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն:

Ահա, երբ ընթերցողը ծանոթ է իջեւանյան անտառային խնջույքի պայմաններին եւ ընդհանուր կանոններին, արժե նրան պատմել նաեւ գառ մորթելու տեղական առանձնահատկությունների մասին: Բանն այն է, որ Իջեւանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն` գառան կոկորդի բացվածքի տակ թաս են պահում, եւ արյունը հոսում է նրա մեջ: Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի: Հավաքած արյունով պատրաստում են իջեւանյան ամենահայտնի դելիկատեսը` գառան արյունով տժվժիկը: Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, եւ այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, եւ երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի եւ թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, եւ շատ չանցած` կերակուրը պատրաստ է: Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն: Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.

- Մի բաժակ բան չխմե՞նք...

Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, եւ էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչեւ չհնչի նույն հարցը.

- Մի բաժակ բան չխմե՞նք...

Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը` պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որեւէ բան ուտելու ցանկություն չկա: Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը: Այս արարողության նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը: Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերը արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ հոգնած ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի:

Սեղանի շուրջ նստած են Չաղը, Բոբոն, Բիձիկը, Ժպիտը, ես: Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա: Միայն մենք ենք եւ ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը: Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա:

- Մի բաժակ բան չխմե՞նք...

Բաժակները լցվում են, բայց այլեւս կենաց չի մնացել.

- Չաղ, մի կենաց ասա:

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է:

- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը...

Ծիծաղում ենք, չխկացնում եւ խմում: Մի շտապիր, սիրելի ընթերցող, այս կենացը անվայել կամ ցինիկ կամ զզվելի համարել: Այս կենացը արտահայտում է պահի երջանկությունը, պահի անհոգությունը, պահի ազատությունը...

Ա~խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից: Ճիշտ է, ես հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց ես գնում եմ Հայաստան: Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:

(շարունակելի)

payqar.org

No comments: