Friday, May 23, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (Մաս 10-րդ)

11. ի՞նչ է անունդ, բանտապահ

Գերապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է տեղի ունենալու` Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս: Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի, երեւի շատ էի լարված: Սատանան գայթակղում է ինձ. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ: Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները: Մտածելը` չգիտեմ, բայց Արարատը` Զուրաբյան, ողջ կյանքում հոգիս կուտի. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում»,- ամեն անգամ կասի նա: Ու չեմ ազատվի ես նրա ձեռքից: Է~յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին` Մաթեւոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է, մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ: Նույնը վերաբերում է նաեւ Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին: Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր «կամերները», չզգամ դրանց հերոսական շունչը: Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ քո ընկերները բանտում են: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում:

Չի եղել մի օր, որ ես չցանկանամ ձեր կողքին հայտնվել, չմտածեմ այդ մասին: Բայց այդտեղ գալ կարող էի միայն արժանապատիվ ճանապարհով: Ամեն ինչ արեցի, անգամ հասա նրան, որ ինձ գտնելը պատվի խնդիր դառնա սերժական ԱԱԾ-ի համար: Անգամ փորձեցի օգնել, հուշել ԱԱԾ-ին, նրան մատուցեցի 50/50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն:

Արդյունքում` նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ գերապպա եմ կոնծում... Ինչպիսի~ նվաստացում...

Վերջին 10 տարում ես հայաստանյան որեւէ բար չեմ մտել, տանել չեմ կարողացել ռեստորանները, զզվել եմ սրճարաններից: Գլխավոր խմբագրի իմ հարմարավետ աշխատասենյակը բանտախուց է եղել ինձ համար. առնվազն շատ հաճախ այդպես է թվացել: Տասնյակ անգամներ փորձել եմ փախչել այդ խցից ու փախել եմ, բայց այդ փախուստը ամենաշատը մի ժամ է տեւել, ինչ-որ Անտեսանելի ձեռք վզիցս բռնել է եւ ետ բերել իմ բանտախուց: Ինչ-որ Անտեսանելի ձեռք ինձ գամել է պաշտոնս խորհրդանշող բազկաթոռին:

Ամեն բացթողման, ամեն սխալի, ամեն վրիպման, ամեն անճշտության, ամեն անուշադրության համար ամաչել եմ, գետինն եմ մտել: Ամեն անգամ այդպիսի դեպքերում ինձ թվացել է, թե օրը ցերեկով, լրիվ մերկ կանգնած եմ Հանրապետության հրապարակում, ու մարդիկ 100 դրամ են վճարում` իմ մերկությունը դիտելու, իմ անճոռնիությունը ծաղրելու համար: Սրան դիմանալ հնարավոր չէ, ցանկացել եմ փախչել ու փախել եմ:

Բայց այդ անիծված Անտեսանելի ձեռքը ԱԱԾ չէ, նրանից հնարավոր չէ փախչել. ամեն անգամ նա ինձ ետ է բերել իմ բանտախուցը եւ մի Անտեսանելի բանտապահ կարգել իմ դռան առաջ: Ի՞նչ է այդ Անտեսանելի բանտապահի անունը. գուցե Փառամոլությո՞ւն, գուցե Մեծամտությո՞ւն, գուցե Կարիերի՞զմ, գուցե Տգիտությո՞ւն, գուցե Շահամոլությո՞ւն: Իսկ գուցե Պատվախնդրությո՞ւն, գուցե Պատասխանատվությո՞ւն, գուցե Սե՞ր, գուցե Հայրենի՞ք, գուցե Քաղաքացիությո՞ւն, գուցե Ծառայությո՞ւն: Իսկ գուցե իմ դռան առաջ ոչ թե մեկ, այլ տասնյակ Անտեսանելի բանտապահներ են կանգնած, եւ իմ դռան առաջ հաշտ ու խաղաղ իրար կողքի ապրում են Փառամոլությունն ու Ծառայությո՞ւնը: Գուցե ոչ թե հաշտ ու խաղաղ են ապրում, այլ ամեն օր իրար մռութ են ջարդում, պայքարում են իրար իմ դռան մոտից ընդմիշտ քշելու եւ իմ բանտապահը լինելու իրավունքի համար:
Ինչ էլ լինի իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ի անունը, ես նրանց չբացակայելու մասին ստորագրություն եմ տվել: Ուշ երեկոյան նա ինձ թույլ է տվել մեկնել երեխաներիս հետ տեսակցության: Բայց հաճախ այդ տեսակցությունը չի կայացել. կա՛մ զավակներս քնած են եղել, կա՛մ էլ ես կտտանքներից բզկտված:

Երբեմն գիշերը վեր եմ թռել` քնիս մեջ հասկանալով, որ էլի մի սխալ, էլի մի վրիպակ, էլի մի անգրագիտություն եմ թույլ տվել: Վեր եմ կացել, վազել, բայց աչքս ընկել է ժամացույցին. արդեն ուշ է, տոմսերը հանված են վաճառքի, եւ լուսաբացի հետ ես իմ սեփական մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում, ընդամենը 100 դրամով:

Առավոտյան` սահմանված ժամին, ներկայացել եմ իմ բանտապահ(ներ)ին: Անցել եմ իմ խուցը, ամաչել, գետինը մտել, անզորությունից խելագարվել ու խելագար հարձակվել իմ կալանավորների վրա: Հետո ավելի եմ ամաչել, ավելի եմ գետինը մտել, անզորությունից հեկեկացել եմ, փախել եմ անզորությունից... Բայց Անտեսանելի ձեռքը հասել է ինձ, Անտեսանելի բանտապահը քացու տակ է տվել ինձ, ու ես հնազանդվել եմ, հնազանդվել եմ...

Արտակարգ դրությունը փրկություն էր ինձ համար, իմ դեմ հարուցված հերթական քրգործը` հույս, իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը նման էր ազատագրման: Բայց սին դուրս եկան իմ սպասումները, եւ ինչպես տեսնում եք` հիմա ստիպված եմ ոչ միայն ինքս ինձ քարշ տալ աշխարհով մեկ, այլեւ իմ բանտախուցը, իմ ամոթը:

Ու չնայած Շվեյցարիայում եմ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ իմ մերկությունը ի ցույց է դրվում Հանրապետության հրապարակում: 100 դրամով, ընդամենը 100 դրամով:

Նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ զգում եմ, որ իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ը հսկում է սրճարանի դուռը, բոլոր այն դռները, ուր ես մտնում եմ` իմ բանտախուցը հետս քարշ տալով:

Մի՞թե ազատում չկա այս բանտախցից, այս բանտապահ(ներ)ից... Կա, եւ այդ ազատումը ԱԱԾ մեկուսարանն է: Միայն ԱԱԾ բանտապահները ինձ կկարողանան դուրս կորզել իմ բանտապահ(ներ)ի ձեռքերից, միայն նրանց սապոգների տակ կջարդվի այդ Անտեսանելի ձեռքը, միայն նրանց հարվածների տակ իմ բանտապահ(ներ)ը կփախչեն ինձնից, ինչ էլ լինի նրա (նրանց) անունը` Փառամոլություն թե Մեծամտություն, Կարիերիզմ թե Տգիտություն, Քաղաքացիություն թե... Բայց, չէ, եթե նրա (նրանց) անունը Քաղաքացիություն է կամ Սեր կամ Հայրենիք կամ Ծառայություն կամ Ազատություն, ես չեմ ազատվի նրանցից, նրանք ինձ չեն թողնի ոչ մի կտտանքի, ոչ մի խոշտանգման, անգամ մահապատժի սպառնալիքի տակ:

- Ո՞վ ես դու, իմ բանտապահ: Ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ իմանալ քո անունը:

- Իմ անունը գրված է ԱԱԾ բանտապահի սապոգի տակ: Իմ անունը կտեսնես այն ժամանակ, երբ ԱԱԾ սապոգի տակը կտեսնես:

(շարունակելի)


payqar.org

No comments: