Wednesday, May 21, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (Մաս 8-րդ)

10. Մղձավանջ ու անուրջներ Լոզանում

Ես
իզուր հրաժարվեցի որեւէ բան խմելու` այդ խստաբարո տիկնոջ առաջարկից: Մի բաժակ վիսկի կխնդրեի. եվրոպացիք սիրում են հաստ պատերով բաժակով վիսկի խմել: Կասկած չկա, որ հենց այդպիսի բաժակով վիսկի կբերեին ինձ: Հաստատ «Ջեկ Դենիելս» կլիներ, որից զզվում եմ: Բայց եթե անգամ «Գրին լեյբլ» լիներ, մի կում կանեի, բթացնող ժպիտով կնայեի տիկնոջը, ու նրապատասխան ժպիտը կկասեցնեի` բաժակը քներակին զարկելով
:

Ահա նա ընկած է անակնկալ հարվածից: Մահվան դատավճիռը կայացված է: Այդ վճիռը ես եմ կայացրել: Տիկինը, ի՞նչ տիկին, այդ պոռնկուհին խախտել է օրենքըս, մի գաղտնի օրենք, որի գոյության մասին ոչ ինքը գիտեր եւ ոչ էլ, առավելեւս` ես: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ դատավճիռն օրինական չէ: Բազմաթիվ գաղտնի օրենսգրքերից որեւէ մեկի գաղտնի էջերից որեւէ մեկի գաղտնի տեքստում կլինի մի գաղտնի նախադասություն, որ ինձ իրավունք է տալիս մահապատժի ենթարկել այս պոռնկուհուն: Նա չգիտեր այդ մասին, բայց մի՞թե օրենքի չիմացությունը որեւէ մեկին ազատում է նրա առաջ ունեցած պատասխանատվությունից: Մահապատիժ` գլուխը հատակին սվաղելու եղանակով: Ահա, վերցնում եմ սեղանի վրա դրված բրոնզե տակդիրով ալպյան գրանիտի ծանր կտորը, եւ ի կատար ածում դատավճիռը: Ձեռքերս արյունի մեջ են, դեմքս կռկվում է պոռնկուհու մակարդվող արյան ճնշումից, նրա ուղեղը լավայի հանդարտությամբ հոսում է մանրահատակի վրայով: Ես բղավում եմ ամենասրտագին հայհոյանքներ.

-Հայրիկ, այդ ի՞նչ է պատահել:

Այդ ձայնը ինձ մեխում է տեղում: Չեմ կարող շրջվել, ձեռքերս ու դեմքս արյան մեջ են: Չեմ կարող շարժվել, մարմնովս փակում եմ այդ խստաբարո տիկնոջ ջնջխված գլուխը.

-Ոչինչ չի պատահել, աղջիկս: Այս տիկինը վատ է զգում ուղղակի: Միջանցքի վերջում մի մարդ կա նստած: Գնա, ասա նրան թող բժիշկ կանչի:

Լսում եմ նրա հեռացող ոտնաձայները:

-Տիկին, վեր կացեք, տիկին: Խնդրում եմ, տիկին, արթնացեք տիկին, խղճացեք ինձ տիկին, մի սպանեք ինձ տիկին...

Ես ցնցում եմ նրան, փորձում եմ արթնացնել, հավաքում եմ մանրահատակի վրա հոսող նա ուղեղը եւ փորձում ետ լցնել նրա գանգի մեջ: Ես հեկեկում եմ անզորությունից, հեկեկում եմ հուսահատ: Բղավում եմ` շփոթված: Թիկունքիցս մի տղամարդու ձայն եմ լսում:

-Այո, սպանությունը նման է արտաամուսնական սեքսի: Դրա ընթացքը անասելի հաճույք է պատճառում, իսկ երբ ամեն ինչ ավարտված է, սկսում է տանջել մեղքի ու զղջումի զգացողությունը:

Պատից կախված սարսափազդու նկարներից մեկն էր ինձ հետ խոսում.

-Բայց դու մի նահանջիր, չէ՞ որ դու արդարադատություն իրականացրիր, չէ՞ որ դու Յոզեֆի վրեժը լուծեցիր: Բացատրիր դստերդ եւ նա ամեն ինչ կհասկանա, նա կարդարացնի...

-Ձայնդ կտրիր,-ասացի ես առանց շրջվելու,-չեմ ուզում, որ նա այս ամենը հասկանա, չեմ ուզում, որ նա արդարացնի որեւէ սպանություն...

-Դու թույլիկ ես...

Ես շրջվեցի` նկարից ինձ էր նայում Ամենայն հայոց կաթողիկոսը, «Մերսեդեսի» բանալիները մատին պտտեցնելով...

Արթնացա քափ քրտինքի մեջ. Լոզանում եմ, հյուրանոցի իմ համարի մահճակալին փռված:
Վեր կացա, լվացվեցի, սուրճ պատվիրեցի: Հարկավոր է զանգել Մարկոյին: Գրպաններումս փնտրում-գտնում եմ նրա համարը:

-Մարկո բարեւ, ես եմ: Յոզեֆին սպանել են:

-Գիտեմ, արդեն լսել եմ...

-Իսկ դա քեզ հետ որեւէ կապ ունի՞, դե, քո գործերի հետ:

-Չէ, ոչ մի կապ: Ես էլ մտածում էի քեզ հետ է կապված:

-Ինձ հետ էլ կապված չէ, գիտեի, որ քեզ հետ էլ կապ չունի, ուղղակի համոզվելու համար հարցրի: Դա մի անհավատալի պատմություն է: Յոզեֆին սպանածներից մեկի տեղն էլ գիտեմ, այստեղ` Լոզանում:

-Եթե այդ պատմությունը քեզ հետ իրոք կապ չունի, մի խորացիր, գնա քո ճամփով,-խորհուրդ տվեց Մարկոն:

Հրաժեշտ տալով Մարկոյին, ես կախեցի լսափողը: Մոտեցա պատուհանին, բացեցի այն. անձրեւախառը օդը սառեցրեց ճակատս: Հարկավոր է մի բան խմել: Եթե ես սովորական ճամփորդ լինեի, ճամպրուկիս մեջ անպայման հայկական կոնյակ կլիներ, գուցե նաեւ ծիրանի չիր: Իսկ հիմա գնա ու հայկական կոնյակ գտիր էս լպստած քամբախտում: Հյուրանոցի հենց պատին կից մի բար էի տեսել, որոշեցի գնալ այնտեղ (հյուրանոցային բարերը տաղտուկ են): Հյուրանոցից վազեվազ հասա, այնտեղ, այնպես որ համարյա չթրջվեցի, մոտեցա բար-կանգնակին.

-Հայկական կոնյակ ունե՞ք. պարտադիր չէ «Նաիրի», կարելի է նաեւ «Ախթամար», «Անի», «Արարատ» հինգ կամ երեք աստղանի:

-Ցավում եմ, պարոն, չունենք,-ժպտալով ասում է բարմենը:

-Իսկ հայկական գինի՞, պարտադիր չէ «Արենի», կարելի է նաեւ պաչիկ կամ պասեք, կամ զոքանչ, կամ բաջանաղ,- դառը հեգնական շարունակում եմ ես:

-Ոչ, պարոն:

-Ուրեմն հայկական օղի էլ չունեք: Այդ դեպքում գերապպա լցրեք:

Գերապպան իտալական խաղողի օղի է, մոտավորապես այն, ինչ վրացիք չաչա կամ ճաճա են կոչում, այսինքն` խաղողի ճաճի օղի, իսկ մենք` յաթրջի: Եւ ինչպես են եվրոպացիք այս յաթրջին առանց պանրի կամ առանց թթվի խմում: Թթու. ո՞վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլեւ քո թթուն: Հայկական մոռացված եւ մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել: Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է: Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. վաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «տակի» եւ ճախի, այսինքն թեւերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մալականի, այլ հայկական տեխնոլոգիաներով), մանդակի թթու, ջոնջոլի թթու: Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն բիբարի թեւերի բիբարի ճախի թթուն է: Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն: Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքը ավարտված է: Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են փոքր պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ: Կան նաեւ տերեւներ, բազմաթիվ տերեւներ: Ահա այս տերեւներից եւ թերահաս պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն եւ եթե թթու դնողը գիտե իր գործը ` օղորմած տատիկիս նման, ուրեմն դա թթու չէ այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն:

Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում: Դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, իծկոթ, սինդրիկ...

Հիմա Իջեւանի լեռնային բացատներում երեւի դուրս է եկել սինդրիկը: Հիմա Իջեւանի անտառները պճնվել են կանաչով: Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջեւան` գառի սեզոնի բացումն անելու: Դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. Իջեւան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետէկել ե՞ս», «էկել եմ»:

Որոշ ժամանակ անց կամ ես եմ զանգում Բիձիկին, կամ ինքը ինձ.

-Մի հատ կյառը չուտե՞նք:

-Հա, բա ինչ անենք:

Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել: Իջեւանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր` Վարդավառի կապակցությամբ: Վարդավառը Իջեւանում նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը, եւ նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների եւ ուլերի գրոհը: Բայց տարվա մնացած օրերին Իջեւանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել: Գառան միս իհարկե, կա, բայց մեզ կենդանի գառ է հարկավոր, իսկ այն ձեռքբերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում եւ գտնել: Մինչ այդ «տեղաքում» ենք, այսինքն, փորձում ենք կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում: Որպես կանոն «տեղաքումը» արդյունք չի տալիս: Պետք է մեկնել: Բայց ո՞ւմ մեքենայով: Հարցը սկզբունքային է, որովհետեւ գառը ոչ միայն լողացած չէ, այլեւ ճանապարհին չի խնդրի կանգնել` բնական կարիքները հոգալու համար եւ այդ ամենը անում է բեռնախցիկում: Բիձիկը եւ ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ` այն կարծես «մեյկայում» էր այսինքն նոր ` լվացել. թխի գա:

Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք: Չաղը Ժպիտի հետ է, Բոբոն պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք: Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր: Հասնում ենք գյուղամեջՏղերք բարեւ ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի»: Գյուղացիների միջեւ տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որեւէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ մարդու տան տեղը ցույց տա: Որպես կանոն երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը:

-Էդ ո՞վ ա,-որպես կանոն կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը ասում է,-մինն ունենք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չեն:

Որպես կանոն առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել: Փնտրտուքը պետք է շարունակել.

-Բա ո՞վ կյառը կունենա տատի,-հուսահատ հարցնում ենք մենք:

-Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք:

Կոնկրետ հասցե ունենալը միշտ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.

-Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահում եմ րեխի բանակի քեֆի համար:

-Փաստորեն լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:

Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառը կա: Մտնում ենք գոմ: Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:
Ու սկսվոմ է իմ ամենասիրած մասը` սակարկությունը: Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի:

-Ի՞նչ ես ասում էս գառը, հորողբեր:

-35 մանեթ,-ասում է հորողբերը, մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը: Այսինքն 35 հազար դրամ է ասում:

-Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն,-նեղսրտում ենք մենք,- 25 մանեթ ենք տալիս տանենք:

-25 մանեթով հենա ես կուտեմ էլի:

-Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա:

-Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի:

-Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք տանենք:

Հորողբորը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում էԵս ծախու ապրանք չունեմ», սրտնեղած ասում է նա: Որպես կանոն այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր շուտ արեք:

-Դե լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի,-ասում ենք մենք հորողբորը, փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ` Իջեւան:

Գառը որպես կանոն մորթում է եղբայրս` Արտակը: Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը: Բայց որպես կանոն եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ:


(շարունակելի)
payqar.org

No comments: