Thursday, May 15, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (մաս 5-րդ)

6. մասնագիտությունը` պատերազմ

Այն վարպետությունը, որով Մարկոն կտրում էր իր համար օտար եւ ոչ բարեկամական երկրների սահմանները, ոչ մի կասկած չէր թողնում. դա կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Այս վարկածը ավելի էր հիմնավորվում զարտուղի ճանապարհների եւ հիմնական մայրուղիների նրա գերազանց իմացությամբ: Նա ոչ միայն գիտեր այդ ճանապարհները, այլեւ գիտեր, թե ինչ է կատարվում դրանցում, թե որտեղ է վտանգ սպասում մեզ, գիտեր, թե երբ կվերանա այդ վտանգը:

Մեր մեքենայի ընթացքը, որ հիմնականում վարում էր Մարկոյի վարորդ-թիկնապահը, երբեմն անտանելի կերպով դանդաղում էր, երբեմն մենք ուղղակի կանգնում էինք` սպասելով ինչ-որ բանի կամ ինչ-որ զանգի: Մարկոն թե՛ Հունաստանում, թե՛ Մակեդոնիայում օգնականներ ուներ, չնայած ես նրանցից ոչ ոքի չտեսա: Մոթելներում, սակայն, նրան ճանաչում էին, եւ նրա հայտնվելը ընկալվում էր որպես մի սովորական իրադարձություն: Մարկոն, իհարկե, կասկածելի տիպ է, բայց տարօրինակ էր, որ մեր համատեղ ճամփորդության ընթացքում իմ մտքով ոչ մի անգամ չանցավ, որ նա կարող է ինձ վատություն անել: Սա, ինչ խոսք, պայմանավորված էր նաեւ Իմաստուն Ծերուկի գործոնով, բայց Մարկոն հենց առաջին հայացքից ինձ վստահություն ներշնչեց. եթե դու թշնամի չես, կարող ես հանգիստ լինել:

Եւ այնուամենայնիվ, ինչո՞վ է զբաղվում այս մարդը: Տարբեր վարկածներ քննելով` կանգ առա զենքի առեւտրի վրա, ինչը ճիշտ դուրս եկավ: Մեր հետագա զրույցների ընթացքում Մարկոն դրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ: Նա չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը թմրանյութերի կամ մարդկանց առեւտրով է զբաղված: Ինչ վերաբերում է զենքի առեւտրին, դա բացատրում էր այսպես. «Պատերազմը իմ մասնագիտությունն է, եւ ես ձանձրանում եմ առանց վտանգի»:

Մարկոն ամուսնացած էր, 13 տարեկան դուստր ուներ, բայց մենք նրանց տանը չեղանք. այն գտնվում էր Սերբիայի հյուսիսում, իսկ մեր նպատակակետը մայրաքաղաք Բելգրադն էր, որտեղից պետք է ճանապարհեինք Իմաստուն Ծերուկին եւ որոշում կայացնեինք իր հետագա երթուղու մասին:
Այն միջավայրը, որի ներկայացուցիչն էր Մարկոն, ֆորմալ առումով Սերբիայում վաղուց էր զրկվել իշխանությունից, բայց չնայած սրան` իմ ուղեկիցը իրեն շատ վստահ էր զգում հայրենիքում: Սրա պերճախոս ապացույցը դարձավ այն, որ նա ինձ համար սերբական անձնագիր ձեռք բերեց` նոր անուն ազգանունով: Այս ընթացքում ինձնից պահանջվեց միայն լուսանկարվել, եւ շատ չանցած` ես արդեն Սերբիայի քաղաքացի էի` Բոյան անունով եւ եվրոպական գրեթե բոլոր երկրներ մուտքի հնարավորություն տվող վիզաներով: Մարկոն կատակեց, թե կարող եմ անգամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել եւ ձայն տալ իր ղեկավար-ընկերներին: Նա հույսեր էր կապում ընտրությունների հետ եւ փափագում էր, որ իսկական ազգային ուժերը նորից իրենց ձեռքը վերցնեն Սերբիայի ղեկը եւ իշխանությունից հեռացնեն Ամերիկայի «խամաճիկներին»:

Ես ուզում էի, որ Մարկոյի ցանկությունները իրականություն դառնան, եւ սա ինձ զարմացնում էր: Չէ՞ որ եթե Սերբիայում ապրեի, ես ու Մարկոն, մեծ հավանականությամբ, հակառակ քաղաքական ճամբարներում կլինեինք: Նա, իհարկե, կուսակցական բոս չէր, ոչ էլ օլիգարխ, բայց այդպիսի միջավայրի մարդ էր, երկրորդ պլանի, բայց ոչ երկրորդական դերակատար: Չնայած սրան, մեր հարաբերությունները շատ կարճ ժամանակում դարձան ընկերական, եւ ես, այդ հարաբերությունները չարաշահելով, մի անգամ նեղացրի Մարկոյին:

Մենք ճաշում էինք Դանուբի ափին գտնվող մեր հյուրանոցի ռեստորանում.

- Մարկո,- սկսեցի ես,- ուզում եմ քեզ մի բան հարցնել: Ուղղակի հետո ինձ չեմ ների, եթե չհարցնեմ:

- Հարցրու` տեսնենք:

- Տես` դու սիրում ես քո հայրենիքը, ասում ես, որ սիրում ես սերբերին, հանուն նրանց սպանել ես բազմաթիվ ալբանացիների եւ էլի ուրիշ ազգերի ներկայացուցիչների: Սա հասկանալի է. բայց ասա ինձ` եղե՞լ է այնպես, որ դու ինչ-որ նկատառումներով սպանես, դե, մի պատի տակ թրխկացնես կամ առեւանգես կամ խոշտանգես սերբերի...

Հարցը տալիս զգում էի, թե ինչպես է Մարկոյի դեմքի գույնն ու արտահայտությունը փոխվում: Նա վեր կացավ` ձեռքից գցելով պատառաքաղը եւ դանակը.

- Տղա, դու սադի՞ստ ես, թե՞ դատախազ,- ասաց նա ու դուրս եկավ ռեստորանից:

Ես անվրդով ավարտեցի ճաշս: Մարկոն ֆոյեում թերթ էր կարդում, ավելի ճիշտ` ձեւ էր անում, թե թերթ էր կարդում: Իմ հարցը տակնուվրա էր արել նրա հոգին, եւ այդ վիճակում հնարավոր չէր կարդալ:

- Ներիր ինձ, Մարկո,- նրան մոտենալով` ասացի ես,- ուղղակի ուզում եմ հասկանալ, ուզում եմ ինքս ինձ հասկանալ:

7. Պրոսպեկտով` Օպերա

Մարկոն ինձ մի ծառայություն էլ պետք է մատուցեր. պետք է այնպես աներ, որ Վիեննա թռչող օդանավի ճանապարհին Բելգրադի օդանավակայանի աշխատակիցները, մաքսավորները ինձ ոչ մի հարց չտային: Համաձայնեք, տարօրինակ կլիներ, եթե պարզվեր, որ Սերբիայի քաղաքացի Բոյանը չի տիրապետում մայրենի լեզվին: Բայց սա խնդիր չէր Մարկոյի համար. նա օդանավակայանի աշխատակիցներից ինձ համար ուղեկցորդ գտավ, եւ ես, իհարկե, բոլոր ստուգումները պատշաճ անցնելով, հասա «Ավստրիական ավիաուղիների» օդանավին:

Հրաժեշտից առաջ մենք ճաշել էինք, եւ երբ նա իմացավ, որ ուզում եմ Հայաստան վերադառնալ, բայց երկրի հակառակ կողմից, շշմեց.

- Չէ, քո ծալը հաստատ պակաս է,- ասաց նա:

Նման արտահայտություն Մարկոն մի անգամ էլ էր արել: Ես հետաքրքրվեցի, թե արդյոք Իմաստուն Ծերուկը խառն է զենքի առեւտրի գործերին.

- Չլինի՞ ուզում ես հոդված գրել:

- Կռահեցիր,- ասացի ես:

- Քո ծալը հաստատ պակաս է,- հառաչեց Մարկոն:

Դե, Մարկո, դե, ախպերս, ես քեզ շնորհակալության խոսքեր չեմ ասում, որովհետեւ դա չափից դուրս տափակ կհնչեր այս իրավիճակում: Ուղղակի ասում եմ` հաջողություն, ուղղակի ասում եմ` ի՛մ ախպեր: Մինչ այդ Մարկոն ինձ 10 հազար եվրո էր տվել, որ ես ընդունել էի առանց սեթեւեթանքի: Ասել էր նաեւ, որ Վիեննայում ինձ կդիմավորի Յոզեֆ անունով մի տղա: Ես ասում էի, որ դրա կարիքը չկա, որ ես կարող եմ առանց կողմնակի օգնության շարունակել ճանապարհորդությունս, չէ՞ որ փող ունեմ, Սերբիայի քաղաքացիություն, մաքուր կենսագրություն. «Շատ մի ոգեւորվիր, քո անձնագրի անուն ազգանունով մարդ իսկապես գոյություն ունի, եւ նրան շատ են ուզում տեսնել Հաագայի դատարանում»,- ծամածռվելով` ասաց Մարկոն: Մենք ծիծաղեցինք:

Ահա եւ օդանավը պոկվեց Սերբիայի հողից: Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից եւ մոտենում Վիեննային:

Այո, սա տարօրինակ եւ զարմանալի ճանապարհորդություն է եւ շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել: Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի: Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները` որեւէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ: Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես` խանութ գնալու նման: Բայց մի՞թե սա կարելի է ճանապարհորդություն համարել: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ, մի՞թե կարելի է Հայաստանից փախչել` Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան` երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե կարելի է ճանապարհորդություն համարել Երեւանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:

(շարունակելի)


payqar.org

No comments: