
Մարտի 1-ի դեպքերի «անաչառ ու անկողմնակալ» քննությունն իրականացնող դատախազության հատուկ քննչական ծառայությունը, թերեւս չկարողանալով հիմնավորել ներկայացրած մեղադրանքները, դիմում է շանտաժի ու բռնության: Երեկ առավոտյան ժամը 9.30-ին ոստիկանության
Արտաշատի բաժին բերման են ենթարկվել Արտաշատի բնակիչ,
Տեր-Պետրոսյանի կողմնակից
Աշոտ Կարապետյանը եւ
Տափերական գյուղի բնակիչ,
Տեր-Պետրոսյանի վստահված անձ
Հովակիմ Գեւորգյանը: Վերջինիս 14.30-ի սահմաններում, տեղափոխել են գլխավոր դատախազություն: Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով` քննչական հատուկ ծառայության
քննիչ Կարապետյանը սպառնացել է բերման ենթարկվածին, ավելին` նրան հայհոյել ու ծեծի են ենթարկել դատախազությունում` ստիպելով ստորագրել քննիչի ձեռքով գրված ցուցմունքը:
Հովակիմ Գեւորգյանին դրդել են կեղծ ցուցմունքների. մասնավորապես` նշել մի քանի համագյուղացիների եւ արտաշատցիների անուններ, ովքեր իբրեւ թե մարտի 1-ի դեպքերի մասնակիցներ են:
Բերման ենթարկվածները ազատ են արձակվել երեկոյան ժամը 19-ին, այն դեպքում, երբ օրենքով նրանց անազատության մեջ պահել իրավունք ունեն առավելագույնը 4 ժամ: Սրանով ակնհայտ խախտվել են այդ մարդկանց իրավունքները:
Ի դեպ, ոստիկանները երեկ առանց ծանուցագրի այցելել են Տափերական գյուղի բնակիչ մի կնոջ տուն ու հրահանգել այսօր առավոտյան ժամը 10-ին ներկայանալ ոստիկանություն` սպառնալով, թե հակառակ դեպքում նրան բերման կենթարկեն:
Zhamanak.com
No comments:
Post a Comment