Ամբաստանյալը հայտարարեց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ նման շինծու գործով, ուստի հանդես կգա միայն հայտարարություններով: Վարդգես Գասպարին երեկ դատարանում եռօրյա հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց այն բանից հետո, երբ դատավոր Արշակ Պետրոսյանը «անհիմն» համարեց ու մերժեց ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ընդ որում, «Ժառանգություն» խմբակցության 6 պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել, որով երաշխավորել էին, որ Վարդգես Գասպարին, լինելով ազատության մեջ, չի խուսափի դատաքննությունից: Հայրենադարձված սփյուռքահայը ակտիվ մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին, սակայն մարտի 1-ի նստացույցին չի մասնակցել, լսելով ինչ է կատարվել Օպերայում` առավոտյան 8.30-ին շատերի պես իջել է Մաշտոցի պողոտա, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Երեկ դատարանում իրեն բավական ազատ էր զգում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը՝ նույնիսկ դատական նիստն ուղղորդելու հարցում: Մեղադրողը ընդհատեց պաշտպանի հայտարարությունը, ինչը դատավարական կարգի կոպիտ խախտում է, պարբերաբար ուղղորդում էր դատավորին՝ իր հայտարարություններով ու Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդություններին ներկայացրած առարկություններով: Այնպես որ, դատավորը այդպես էլ չհամարձակվեց «դուրս գալ» դատախազի խոսքերից ու բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած գեթ մեկ միջնորդություն: Դատավոր Արշակ Պետրոսյանի անհաղորդ հայացքից թվում էր՝ դատավարությունը նրան ընդհանրապես անհետաքրքիր էր: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու եւ պարզելու առթիվ: Մասնավորապես պարզվում է` քրգործի նյութերում բացակայում է քրգործ հարուցելու որոշումը. այնքան են շտապել, քրգործն ու նախաքննությունն իրականացրել են առանց որոշման, ինչը պետք է հիմք հանդիսանար նախաքննության եւ դատավարության համար: Պաշտպանը միջնորդեց հարցում անել եւ պարզել, թե կա՞ նման որոշում: Դատախազը առարկեց, իսկ դատավորը մերժեց միջնորդությունը: Պաշտպանը միջնորդեց նաեւ հարցում անել Արաբկիրի ոստիկանություն, թե ինչ իրավական հիմքով, գրավոր կամ բանավոր հրամանով էին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում «պարեկություն անում» Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, որոնք վկա են այս գործով, եւ որոնց ցուցմունքներով է սարքվել գործը: Դատախազը առարկեց, եւ միջնորդությունը մերժվեց: Ամբաստանյալին բերման ենթարկելու փաստաթղթերում մի տեղ գրված է՝ բերման է ենթարկվել առավոտյան 7-ին, մեկ այլ տեղ՝ 8.30-ին: «Դատարան է ներկայացված, ըստ էության, շինծու մի գործ, որը սարքված է անուշադիր, փնթի ու անգրագետ՝ ամենայն անպատասխանատվությամբ», - գործի առթիվ իր հայտարարության մեջ գնահատական տվեց ամբաստանյալը:
Դատախազ Արամ Ամիրզադյանն իրեն այնքան ազատ էր զգում, որ դահլիճից մեկի ռեպլիկին ի պատասխան հայտարարեց. «Ձեր բերած լրագրողներն են»: «Մենք ոչ մեկի բերածը չենք ու ի տարբերություն դատախազության` պատվեր չենք կատարում», - ի պատասխան հայտարարեց «ՉԻ» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հորդորեց նաեւ դատարանի դահլիճը չվերածել շուրջպարի եւ ծառատունկի հրապարակի: Որոշ լրագրողներ էլ` ի նշան բողոքի, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Պաշտպանը միջնորդեց ընդհատել շուրջ 4 ժամ տեւած դատական նիստը, քանի որ ամբաստանյալը հոգնած է եւ վկաներին քննել հաջորդ դատական նիստում: Դատախազը կրկին առարկեց, եւ դատավորը մերժեց միջնորդությունը: Դատավորին պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՝ պատճառաբանելով, որ նա կողմնակալ է, անաչառ չէ եւ կաշկանդված է դատախազի ուղղորդումներով: Դատական նիստն ընդհատվեց:
Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո դատարանի նախասրահում նկատեցինք, որ դատախազը մոտեցել ու զրուցում է վկա ոստիկանների հետ: Մոտեցանք՝ պարզելու, թե արդյոք հարգելի դատախազը չի՞ փորձում ուղղորդել վկաներին: «Ես չեմ ուղղորդում», - հայտարարեց դատախազը: Պարզվեց` ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց գործից կտրել, բերել են դատարան ու ստիպված են լինելու նորից գալ վկայություն տալու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
No comments:
Post a Comment