Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը: Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու, որ իրենք արդեն օգնության են կանչել սփյուռքահայությանը: Արտերկրում ապրող հայերին ուղղված նամակի մեջ մասնավորապես գրված է. «Բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ու ձեր ունեցած բոլոր հնարավորություններով ներգործեք ՀՀ իշխանությունների վրա, այլապես վտանգված կլինի բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան»: Իսկ որ Հայաստանի ապագան լրջորեն վտանգվում է, քաղբանտարկյալների հարազատները առավել լավ պատկերացրել են օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված «շոուն» դիտելով, երբ ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու Պետրոս Մակեյանին դատում էին չկատարած հանցանքի համար:
Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը, ով Փանիկի գյուղապետն է, հետեւելով դատավարությանը, այնքան լավատես է գտնվել, որ թույլ է տվել իրեն մտածելու, թե վկաների համարձակ ու անկեղծ ցուցմունքերից հետո՝ ուր-որ է դատարանի դռները կբացեն ու ազատամարտիկներին ազատ կարձակեն. «Երկու ամիս մարդկանց բանտերում պահեցին՝ չգիտես ինչի համար: Գործը սարքեցին գիշերով, բայց գոնե ամոթ ունենային հենց ամսի 25-ին ազատ արձակեին: Հատկապես որ, նորից եմ կրկնում՝ մենք ունենք տեսաերիզ ու այնտեղ հստակ երեւում է, որ Արա Արտուշի Մովսիսյանը (խոսքը Շիրակի մարզի Բնապահպանության պետական տեսչության պետի որդու մասին է), որեւէ կապ չունենալով թիվ 34/06 հանձնաժողովի հետ, վստահված անձ չէր, հանձնաժողովի անդամ չէր, հանկարծ սկսում է բարձր տոնով ելույթ ունենալ հանձնաժողովում ու իր պահվածքը վերագրել անմեղ մարդկանց: Մի քանի հոգու նստեցնելով՝ պետության ապագայի հարց չի լուծվելու, այստեղ տղամարդկություն է պետք, պիտի պետությունը քայլեր ձեռնարկի, իրենք են արել, իրենք էլ պետք է մտածեն»:
Ի դեպ, Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար վերջին 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին արդեն իսկ մասնակցել է 5450 մարդ:
No comments:
Post a Comment