Tuesday, May 20, 2008

Մասիսցիները շարունակում են հացադուլը

Սամվել Գեւորգյանն ու Կորյուն Թադեւոսյանը Մասիսի հրապարակում շարունակում են հացադուլը: Նրանց երեկ ժամը 12-ի մոտ ոստիկանները բերման էին ենթարկել եւ միայն 17-ի սահմաններում նոր ազատ են արձակել: Հացադուլավորները պահանջում են ազատ արձակել անազատության մեջ գտնվող Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանին եւ մնացած քաղբանտարկյալներին:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Սամվել Գեւորգյանը՝ այսօր իրենց այցի է եկել Մասիսի քաղաքապետը: «Եկավ, հարցրեց՝ ինչո՞ւ եք նստել: Նորմալ զրույց ունեցավ մեզ հետ, սկսեցհամոզել՝ ասելով, թե վատ վիճակի մեջ ենք դնում նրան, դուրս գանք հացադուլից»,- պատմեց Գեւորգյանը:

Երեկվա ճնշումներից հետո այսօր իրավիճակը նորմալ է: Սամվել Գեւորգյանի հավաստմամբ՝ իրավապահ մարմինները մոտ չեն գալիս, միայն դիմացի մայթին մեքենաններով կանգնած մոտ 10 ոստիկան հանգիստ հետեւում են իրենց: Այս ընթացքում մարդիկ մոտենում հետաքրքրվում են, կողքից անցնող մեքենաները, ի նշան համաձայնության իրենց ակցիայի, ազդանշան են տալիս:

Հացադուլավորներին բժիշկներ չեն այցելել, սակայն Սամվել Գեւորգյանի ասելով՝ իրենց առողջական վիճակը լավ է, դեռ ոչ մի բանից չեն բողոքում: Հացադուլը դեռ մոտակա 4-5 օրը կշարունակեն, իսկ հետո՝ դեռ չգիտեն՝ վերջնական չեն որոշել:


A1+

No comments: