Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եռաբլուր պանթեոնում մայիսի 8-ին հաղթական ու տոնական տրամադրությունը բացակայում էր. պատճառը բացատրում էին Եռաբլուր այցելած երկրապահները: «Մեր ընկերները անազատության մեջ են, մենք ո՞նց կարող ենք տոն նշել, քեֆ անել»,- ասում էին նրանք: Թերեւս միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցելության պահին եւ ընթացքում թեւածեց հաղթական ոգի, երբ հազարից ավելի մարդիկ, ովքեր սպասում էին, որ առաջին նախագահի հետ իրենց հարգանքի տուրքը մատուցեն Արցախի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին` նախագահին տեսնելով սկսեցին ծափահարել եւ վանկարկել «հաղթանակ»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, համաժողովրդական շարժման մյուս լիդերները, ԵԿՄ անդամներ, տարբեր կուսակցությունների նախագահներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ կանանց համաժողովրդական շարժման մասնակիցները լուռ բարձրացան Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմի մոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը վարդագույն վարդերի մեծ փունջ դրեց Վազգեն Սարգսյանի շիրմաքարին ու խոնարհվեց Գրետա եւ Զավեն Սարգսյանների առջեւ՝ շնորհավորելով նրանց տոնի առթիվ, որի ձեռքբերման գործում մեծ է եղել նրանց որդու՝ Վազգեն Սարգսյանի ավանդը: Մինչ այդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր շուրջ համախմբված երկրապահներին եւ Արամ Սարգսյանին ցույց տվեց իր ԵԿՄ անդամատոմսը, որի հերթական համարը 1 էր եւ որն իրեն էր հանձնել Վազգեն Սարգսյանը:
Այսօր Եռաբլուր չայցելեցին ամեն տարի մայիսի 8-ին իրենց զոհված մարտական ընկերներին հարգանքի տուրք մատուցող մի շարք երկրապահներ՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սմբատ Այվազյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Հուսիկ Բաղդասարյանի, Հովիկ Հարությունյանի, Աշոտ Զաքարյանի եւ մյուսների գլխավորությամբ: Նրանք այս օրը կնշեն մեկուսարաններում:
Առավոտյան ժամը 9-ին սակայն Եռաբլուր պանթեոնում ամփոփված իրենց ընկերներին էին այցելել Երկրապահ կամավորականների միության անդամները՝ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Ավելի ուշ իրենց կուսակցական եւ գաղափարական առաջնորդի շիրմին էին այցելել Հանրապետական կուսակցության անդամները:
Սպայի տան մոտ տեղադրված Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտից մի խումբ երիտասարդներ էլ երթով, բռունցքները վեր պարզած «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով եկան Եռաբլուր. «Մենք ոտքով գալով, հարգանքի տուրք մատուցեցինք մեր բոլոր զոհված հայրենակիցներին, եւ մեր աջակցությունն ենք հայտնում զնդաններում գտնվող իսկական երկրապահներին»,- ասաց ՀՀ շարքային, ազատ, անկախ քաղաքացի ներկայացած Տաթեւիկը:
Նկատենք, որ առաջին անգամ այսօր Եռաբլուրում պատվո պահակախմբի դեր կատարում եւ կարգն էին հսկում ոչ թե Ռազմական ոստիկանության երիտասարդ սաները, այլ ոստիկանները:
A1+
No comments:
Post a Comment