Thursday, May 15, 2008

Բերման են ենթարկում

Այսօր առավոտյան է միայն ազատ արձակվել դեռ երեկ ժամը 17-ից ոստիկանությունում գտվող Ապարանի բնակիչ Դավիթ Միքայելյանը: Նրան բերման էին ենթարկել ոստիկանություն առանց որեւէ ծանուցագրի եւ առանց մեղադրանք ներկայացնելու, հակաօրինական պահել մոտ 20 ժամ: Այսօր Ապարանում բերման են ենթարկվել եւս 5 հոգի:

Այսօր առավոտից բավականին «արդյունավետ» է գործում ոստիկանության Մալաթիայի բաժինը: Տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն բերման են ենթարկվել 25-30 հոգի՝ Մալաթիայից: Բերման ենթարկվածների թվում են նաեւ ոսկու շուկայի աշխատակիցներ: Նրանց հարցաքննել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում` առանց որեւէ հիմնավորման եւ առանց փաստաբանի ներկայության:

Բերման են ենթարկվել նաեւ Էրեբունու բնակիչ Մայիս Պողոսյանը, որին հարցաքննել են քաղաքային վարչությունում եւ փորձում են մեղադրանք առաջադրել քրեական օրենսգրքի 154 հոդվածով` ընտրակաշառք բաժանելը: Էրեբունուց բերման ենթարկվածների թվում է նաեւ ՀԺԿ երկու անդամ, որոնք արդեն քաղաքային վարչությունում հարցաքննվել են: ՀԺԿ վարչության անդամ, լրատվական ծառայության պետ Ռուզան Խաչատրյանը, «Ա1+»-ի հետ զրույցում հաստատելով այս լուրերը, երեւույթը մեկնաբանեց այսպես. «Շատ հասկանալի եւ զարմանալի պահվածք են դրսեւորում՝ սրանով փորձելով լուծել մի քանի խնդիր. ռեպրեսիաներով ուզում են վախի մթնոլորտ ստեղծել երկրում, որովհետեւ տեսնում են, որ ժողովրդական շարժումը չի մարում, մարդիկ հաստատակամ են իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ հունիսի 20-ին հանրահավաքի մասին էլ որ հայտարարվեց, այդ առումով էլ փորձում են մթնոլորտը խտացնել, որ հանրահավաքը տեղի չունենա»,- ասաց Ռուզան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հատկապես զանգվածային ռեպրեսիվ գործողություններին Մալաթիայում, ապա այս փաստը, ըստ Ռուզան Խաչատրյանի, «միանշանակ կապվում է Մալաթիայից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի անձի հետ»:

Ըստ Խաչատրյանի, քանի որ Հակոբյանը ձերբակալվել է, կալանքի ժամկետը երկարաձգվել է, որեւէ քննչական գործողություն չի կատարվում ու հիմքեր չկան գործը դատարան ուղարկելու, ուստի.

«Փորձում են իր տարածքում, իր սեփականություն հանդիսացող օբվյեկտների աշխատողներից կորզել ցուցմունքներ՝ շինծու գործ սարքելու համար: Նման վարքագիծ դրսեւորվեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի դեմ մեղադրանք թխելուց»: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հաստատելով տեղեկությունները ավելացրին, որ ոստիկանություն բերման ենթարկելու դեպքեր արձանագրվել են նաեւ Արմավիրում եւ Էջմիածնում: Ինչ վերաբերում է Մալաթիայի դեպքերին, ապա այստեղ եւս պնդում են, որ ցուցմունքներ կորզելու նպատակը Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քաղաքական գործը` 300 հոդվածը, տնտեսական դաշտ տեղափոխելն է:


A1+

No comments: