Saturday, May 17, 2008

Երիտասարդները պահանջում էին միտինգի թույլտվություն

Տարբեր բուհերի մի խումբ ակտիվ երիտասարդներ այսօր բողոքի երթ էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազություն-Ազգային ժողով-Երեւանի քաղաքապետարան երթուղով:

Երիտասարդները պահանջում էին չոտնահարել խոսքի ազատությունը, վերացնել միտինգների արտոնման արգելքը, ազատ արձակել կալանավորված քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին: «Քաղաքապետարանի մոտ գոռալու ենք արտոնում, որ գոնե միտինգների ժամանակ կարողանանք շփվել մեր նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ լսել նրա տեսակետները»,- «Ա1+»-ին ասաց ԵՊԲՀ 20-ամյա ուսանող Սեւակ Հովհաննիսյանը: Երիտասարդներն կալանավորվածների նկարները ձեռքներին վանկարկում էին «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան», ինչպես նաեւ` «Լեւոն, Լեւոն»:

Հյուսիսային պողոտայի էլիտար կիսակառույցների շինարարներն, իրենց աշխատանքները մի պահ թողնելով, նայում էին երթի մասնակիցներին ու բռունցք արած՝ միանում նրանց կոչերին: Երթի մասնակիցները, այդ տեսնելով, էլ ավելի ոգեւորվեցին ու սկսեցին միահամուռ ծափահարել նրանց: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող սպասարկման օբյեկտների մոտով անցնելիս երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «Սուքիասյան» ու ծափահարել: Անցորդները հետաքրքրությամբ հետեւում էին երիտասարդներին, նրանցից ոմանք նույնիսկ ասում՝ «ապրեք»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ նրանք սկսեցին դոփելով ու գոռալով քայլել: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ նրանց էին սպասում կալանավորվածների կանայք, որոնք ամեն ուրբաթ ի պաշտպանություն իրենց ամուսինների հավաքվում են դատախազության շենքի մոտ: Նրանք որոշ ժամանակ միասին սկսեցին ակցիա անել, իսկ ապա՝ երիտասարդները շարժվեցին դեպի քաղաքապետարան: Այստեղ նրանց արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքապետարանի աստիճանների ներքեւում շրջան արած կանգնել էին: Երթի մասնակիցները, նրանց տեսնելով, սկսեցին գոռալ`«Արտոնում, միտինգներ, ցույցեր, երթեր ենք պահանջում»:

Երեւանի քաղաքապետարանի մոտ երիտասարդները շատ կարճ մնացին: Քաղաքապետարանի մոտից ոստիկանները սկսեցին ուղեկցել երթի մասնակիցներին մինչեւ դատախազություն: Այս ամբողջ ընթացքում նրանց նկարահանում էր ոստիկանության տեսախցիկը:

Դատախազության մոտից ակցիայի մասնակիցները պատրաստվում են երեկոյան գնալ Հյուսիսային պողոտա՝ քաղաքական զբոսանքների:


A1+

No comments: