Wednesday, May 14, 2008

Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին

Ի գիտություն «Օվիր»-ի Ալվինայի: Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն:

Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը` գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը` գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար, ողջ Ռուսաստանը կգրավեր:

Իսկ թե ո՞վ է «Օվիր»-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:

Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանը, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն.

1. համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավելի ապրում է Հայաստանում և ունի սեփականություն:

2. մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղին հայտնի է բոլորին, իսկ եթե տիկին Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է:

Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար «Օվիր»-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:

Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրագոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում` անօրինական հայտարարություններ անելը, թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ «Օվիր»-ի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար:

Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների, և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում:

Ուզում եմ «Օվիր»-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ` անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակե՞ն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:

Հայաստանը մեր Հայրենիքն է, և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:

Նանոր Սեֆիլյան

Երևան,

8 մայիսի, 2008

No comments: