Sunday, May 11, 2008

Հարցեր, որոնց պատասխաններըը բոլորը գիտեն

Մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո ռեժիմը միայն մի նպատակ ուներ` թաքցնել կատարվածը: 20 օր շարունակվող ինֆորմացիոն տեռորի խնդիրը հենց դա էր. այնպես անել, որ մարդիկ չիմանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Այդ ծրագիրը ձախողվեց. տարածվող տեսասկավառակներն ու հազարավոր ականատեսների վկայությունները բացահայտեցին կատարվածի իրական պատկերը: Եվ ռեժիմը փոխեց մարտավարությունը: Նրանք ստիպված եղան ընդունել իրենց արած «ղալաթը», բայց հիմա նոր բան են մտածել: Ուզում են ցույց տալ, թե ցանկացած դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր այդ «ղալաթը» կանխել, բայց չի արել դա: Իրականությունն այն է, որ ռեժիմը ոչ միայն ամենայն մանրամասնությամբ ծրագրել էր մարտի 1-ի օպերացիան, այլեւ ամեն ինչ արել էր, որպեսզի որեւէ մեկը (եւ առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանը) չկարողանա խոչընդոտել դրան: Ասվածը հիմնավորելու համար մենք ընդամենը մի քանի հարց կուղղենք Ռոբերտ Քոչարյանին:

1. Պրն Քոչարյան, մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակը «խուզարկողներն» ինչո՞ւ էին տրորում վրանները, որոնց մեջ քնած մարդիկ կային: Չէ՞ որ այդպես կարող էին նաեւ «իրեղեն ապացույցներ» ոչնչացնել: Եվ ինչո՞ւ առգրավվեցին այդ «օպերացիայի» բոլոր տեսաժապավենները: Գուցե ա՞յն պատճառով, որ դա ոչ թե խուզարկություն էր, այլ սովորական ռազմական օպերացիա: Եվ ինչո՞ւ ձեր թիկնազորի պետը, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւերը ոլորելով, նրան հեռացրեց Ազատության հրապարակից: Այդ երբվանի՞ց է «խուզարկությունը» համարվում կյանքի համար վտանգավոր գործողություն:

2. Եթե, ինչպես պնդում եք, մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէր, ինչո՞ւ էր ձեր թիկնազորն ամենայն մանրամասնությամբ խուզարկում նրա նստավայրը մտնողներին, այդ թվում` նաեւ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին: Ներս մտնելիս խուզարկելը դեռ ոչինչ, ենթադրենք` վախենում էին, թե ինչ-որ մեկը կարող է վնասել Տեր-Պետրոսյանին: Բայց ինչո՞ւ էին դուրս եկողներին նույնպես խուզարկում, ընդհուպ մինչեւ` մեքենաների բեռնախցիկները: Ո՞ւմ էին փնտրում, եթե որեւէ մեկի ելքն արգելված չէր:

3. Պրն Քոչարյան, ինչո՞ւ էիք անպայման ուզում մարդկանց Ֆրանսիայի դեսպանատան առջեւից տեղափոխել Մատենադարան: Եթե խնդիրը «չարտոնված հավաքն» էր, ի՞նչ տարբերություն, թե որտեղ այն կկայանար: Գուցե պատճառն այն էր, որ բաց տարածքում դժվա՞ր էր միտինգավորների վրա հարձակվելը: Գուցե նեղ փողոցներն ու Մատենադարանի մերձակա հրապարակն ավելի հարմա՞ր էին, որովհետեւ բնակելի շենքերի տանիքները կամ Մատենադարանի մերձակա թեք լանջերը սնայպերների համար կարող էին հրաշալի կրակակետեր լինել: Փաստն այն է, որ քաղաքապետարանի դիմաց մարդ սպանելը շատ դժվար կլիներ, ինչը եւ ապացուցվեց հետագայում: Այդ հրապարակում զոհեր չեղան, զոհեր եղան միայն այնտեղ, որտեղ հնարավոր էր բնակելի շենքերի տանիքներից կրակել ցուցարարների վրա:

4. Պրն Քոչարյան, ո՞ւմ արձակած փամփուշտներից են զոհվել տասը քաղաքացիները: Եթե, ինչպես պնդում եք, ցուցարարները զինված են եղել եւ կրակել են ոստիկանության վրա, ինչո՞ւ առ այսօր դա հաստատող գոնե մի փաստ չեք ներկայացնում, ինչո՞ւ տեսագրություններ չկան, ինչո՞ւ զենք չի հայտնաբերվել: Ամբողջ հրապարակը սանտիմետր առ սանտիմետր նկարահանվել է, ինչո՞ւ հրազենով զինված գոնե մի ցուցարար չի երեւում: Ինչո՞ւ են հրազենային վերքեր ստացած զինվորներն ու ոստիկանները վիրավորված հիմնականում ոտքերից գուցե նրանք չեն ցանկացել հրաման կատարել, եւ ինչ-որ խմբեր թիկունքից կրակե՞լ են նրանց ոտքերին:

5. Պրն Քոչարյան, ինչո՞ւ է ձեզ այդքան վրդովվեցրել այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքնակամ չի ջարդել ձեր թիկնազորի շղթան եւ չի եկել քաղաքապետարանի մոտ: Գուցե ձեր ծրագրած «կոլցո» օպերացիայի կետերից մեկն էլ այն է եղել, որ «խառը իրավիճակում» ինչ-որ մեկը որեւէ տանիքից կրակի՞ նրա վրա:

6. Պրն Քոչարյան, մարտի լույս 2-ի գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է իր տանը` կալանքի տակ: Իսկ դուք եւ Սերժ Սարգսյանը որտե՞ղ եք եղել: Զորք էլ ունեիք, թիկնազոր էլ, ինչո՞ւ չփորձեցիք գնալ ցուցարարների մոտ եւ «հանդարտեցնել իրավիճակը»:

Հարցերն, իհարկե, կարելի է շարունակել, բայց կարծում ենք` այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ մարտի 1-ի օպերացիան ռեժիմի կողմից լավ էլ մանրամասն մշակված է եղել:

Վերջում` «մարդկային նկարագրին» վերաբերող մի դրվագ: 1999թ. հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ երկիրը բառիս բուն իմաստով կաթվածահար վիճակում էր, Ռոբերտ Քոչարյանն «առանձնազրույց ունեցավ» Նաիրի Հունանյանի հետ, բայց այդպես էլ ժողովրդին ուղերձով դիմելու քաջություն չունեցավ: Ավելի ուշ պատճառաբանեց, թե սափրված չի եղել: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:


chi.am

No comments: