Ըստ հաղորդագրության` վերջին շրջանում, Արամ Կարապետյանից բացի, վարչախմբի կողմից ուղղորդված անախորժությունների է բախվել նաեւ ՆԺԿ վարչության անդամ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, ՀՊՃՀ-ի մաթեմատիկայի դեպարտամենտի դոցենտ, հայկական միջազգային մաթեմատիկական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Խաչատրյանը: Բավական չէ, որ ԱԱԾ աշխատակիցները նրա բնակարանում փետրվարի 24-ին անցկացրած խուզարկության արդյունքում վարկաբեկիչ ոչինչ չգտնելով` առգրավել են համակարգիչն ու բջջային հեռախոսը եւ մինչ օրս չեն վերադարձրել նրան, երեկ էլ Արաբկիրի թաղապետարանից այցելել էին պարոն Խաչատրյանին եւ հայտնել, որ հնգօրյա ժամկետում նա պետք է քանդի իր ավտոտնակը, որն, ի դեպ, օրինական է /Երեւանի քաղաքապետի որոշում` թիվ 1474-Ա, 01.04.2008թ./: Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները սպառնացել են, որ հակառակ դեպքում իրենք կքանդեն ավտոտնակը, եւ որ իրենց ոչ մի որոշում չի հետաքրքրում»:
Հիշեցնենք, որ պարոն Կարապետյանի ձերբակալության օրը` փետրվարի 24-ին, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկեցին կուսակցության կենտրոնական գրասենյակը եւ, ոչինչ չգտնելով ՆԺԿ նախագահի դեմ, իրենց հետ տարան գրասենյակի բոլոր համակարգիչները` խոստանալով դրանք վերադարձնել մի քանի օրից: Սակայն մինչ օրս նրանք չեն կատարել իրենց խոստումը:
«Մենք սա դիտարկում ենք որպես ԱԱԾ-ի կողմից Նոր ժամանակներ կուսակցության գրասենյակային աշխատանքները խաթարելու եւ նպատակաուղղված կազմաքանդելու ապօրինի միտում, հետեւաբար, օրենքով սահմանված կարգով, պայքարելու ենք նաեւ այս հակաօրինական գործելակերպի դեմ», -ասված է հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment