Երեւանի որոշ հիմնարկություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում հավակնում են «ուխտատեղի» դառնալ, սակայն բոլորովին այլ նկատառումներով:Զորօրինակ` ՀՀ գլխավոր դատախազության շենքը, որի դիմաց երեկ հերթական անգամ հավաքվել էին հերթական «բողոքականները»` տարբեր բուհերի մի խումբ ուսանողներ, ովքեր եկել էին հիշեցնելու ու լրացուցիչ անգամ պահանջելու` «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը աչքալուսանք տվեց, թե ակցիան առաջին անգամ կանցնի առանց ոստիկանների, սակայն, կարճ ժամանակ անց հին հայկական ասացվածքի հանգույն` ակցիան իրենց ներկայությամբ պատվելու եկան նրանք, որոնց անունը քիչ վերեւում նշվեց` միանգամից չորս ոստիկան: Ակցիայի մասնակից երիտասարդների մեջ էին նաեւ քաղբանտարկյալների զավակները` Արշակ Բանուչյանի որդին` Դավիթը, Հովհաննես Հարությունյանի դուստրը` Տաթեւիկը եւ այլք: Մասնակիցներից մեկը` Բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սեւակ Հարությունյանն ասաց, որ իրենց ակցիայի նպատակը «ժողովրդավարական արժեքների հաստատումն է երկրում, իսկ ժողովրդավարության կարեւորագույն չափանիշներից մեկը քաղբանտարկյալներ չունենալն է»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ու վարկ բաժնի ուսանող Սեւակ Ղազարյանը կարծում է, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ չի գործում սահմանադրական կարգը. «Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ այդ իշխանությունն այսօր յուրացրել են մի խումբ մարդիկ: Մեր հիմնական նպատակը խլված իշխանությունը իրական տիրոջը` ժողովրդին վերադարձնելն է:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Օրինակ` խոսքի ազատության իրավունքը: Հենց այդ իրավունքի սահմանափակման վառ ապացույցն է այն, որ մեր երկրում այսօր քաղբանտարկյալներ կան: Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարել մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»: Սեւակն ասաց նաեւ, որ իրենց բուհում շատ համախոհներ ունի: Իսկ այն հարցին, թե բուհի ղեկավարության հետ արդյո՞ք խնդիրներ չի ունեցել իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով, Սեւակը պատասխանեց. «Ոչ, ես ազատ եմ իմ կամքն արտահայտելիս եւ չեմ կարծում թե երբեւէ նման խնդիր կունենամ»: Ակցիայի մասնակիցները սկսեցին մոտ 10 րոպե «Ա-զա-տու-թյուն» վանկարկել, ինչից կետո հավաքվածներին ներկայացավ դատախազության ներկայացուցիչն ու հարցրեց. «Ձեր ղեկավարներից մարդ կա՞, գլխավոր դատախազն ուզում ա երկու հոգու տեսնել»: Դատախազին տեսակցելու պատրաստակամություն հայտնեցին Սեւակն ու Տաթեւիկը: Մոտ 10 րոպե տեւած «բանակցություններից» հետո, վերջիններս դուրս եկան դատախազության շենքից եւ պատմեցին զրույցի մանրամասները: Պարզվեց` երիտասարդներին ընդունել էր ոչ թե դատախազն անձամբ, այլ դատախազության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ժաննա Կոտիկյանը եւ դատախազության մեկ այլ ներկայացուցիչ: Պատմում է Տաթեւիկը. «Նախ փորձեցին պարզել, թե ով է ակցիայի կազմակերպիչը, ասացի, որ ակցիան ինքնաբուխ է: Ասացին, որ Հայաստանում մոտ 30 հազարից ավելի բանտարկյալ կա, բրինձ հո չի, որ ջոկենք, ասենք` նա քաղբանտարկյալ է, նա` քրեական հանցագործ: Ես էլ զատեցի, ասացի, որ քաղբանտարկյալ ես համարում եմ այս-այս մարդկանց: Իսկ նրանք իրենց կարծիքը պնդեցին, ասացին, որ չեն ընդունում քաղբանտարկյալ հասկացությունը եւ առաջարկեցին գրավոր ներկայացնել մեր պահանջները»: Ի դեպ, «քաղբանտարկյալ» բառի կապակցությամբ դատախազության ներկայացուցիչների առարկությունները խիստ վրդովվեցրին հավաքված երիտասարդներին, ովքեր համառեցին, որ բոլոր ձերբակալվածները միանշանակ քաղբանտարկյալներ են, եւ չեն համաձայնի հրաժարվել այդ «տերմինից»: Երիտասարդների հեղինակությամբ դիմումը, հավանաբար, դատախազություն կներկայացվի այսօր:
No comments:
Post a Comment