Tuesday, April 29, 2008

Զավեշտ N 648

«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը մայիսի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին իրազեկող հայտ էր ներկայացրել քաղաքապետարան:

Մերժելու պատճառաբանությունը թվով 647 զավեշտն է, որ պատահել է Գայանե Մարտիրոսյանի կյանքում քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների հետ առնչությունների արդյունքում: Ուրեմն, մերժումը, ըստ Գայանե Մարտիրոսյանի, Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է կնքել, իսկ քաղաքապետի վստահված անձ, հանրահավաք արտոնող կամ չարտոնող Իրինա Գրիգորյանը այսպես է պատճառաբանել. «Անցյալ անգամ մենք որոշեցինք չմերժել, բայց դուք չարաշահեցիք եւ մեր վստահությունը, եւ ձեզ հատկացված ժամանակը (խոսքը այն կես ժամի մասին է, որ, պարզապես, գողացան` հոսանքազրկելով հանրահավաքը): Դուք հրավիրեցիք ընդդիմադիր ուժերի, ովքեր հարթակից իշխանությանը դեմ կոչեր հնչեցրին: Մենք չգիտեինք, որ դուք ընդդիմադիր եք...»: Պատճառաբանությունը, իհարկե, մի քանի «զավեշտիկների» կարելի էր բաժանել` չմերժելու իրենց ազնիվ ու միամիտ որոշում ընդունելու, հետո` չարաչար խաբված ու չարաշահված զգալու մասով: Բայց բուն զավեշտը նրանց անգիտությունն էր Գայանե Մարտիրոսյանի` ընդդիմադիր լինելու մասին: «Չիմանալով», փաստորեն, նրան, չգիտես ինչու, շատ հաճախ ոստիկանական բաժանմունք ներկայանալու ծանուցագիր են ուղարկում` առանց պահանջի հիմնավորման, պարզաբանման: Մի քանի անգամ «բերման» են ենթարկել, բնակարանն են խուզարկել: Ուղղակի, հենց այնպես: Իսկ զավեշտ N 648-ը «Շուրա Բալագանովի»` Կենտրոն համայնքի ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալ Տարոն Բաղդասարյանի` «Ազատության» հրապարակում Գայանե Մարտիրոսյանին առաջարկածն է, թե` ցրվեք, գնացեք ձեր տեղը: Այսինքն` Հյուսիսային պողոտա: Այսինքն` «Ազատության» հրապարակը իրենցն է, Հյուսիսային պողոտան` մերը:


Zhamanak.com

No comments: