Monday, April 28, 2008

Կոմունիստը շնորհակալություն հայտնեց Տեր-Պետրոսյանին

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներն այլեւս միահամուռ ձեռք չեն բարձրացնում եւ ծափերով ողջունում իրենց առաջնորդներին: ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի 37 պլենումը անցավ աննախադեպ բուռն մթնոլորտում: Քննարկումների արդյունքում որոշ կոմունիստներ լքեցին դահլիճը: Կոմունիստները իրենց ղեկավարությունից պահանջում էին գնահատական տալ մարտի 1-ի ողբերգական դեպքերին եւ բացատրել է` ինչո՞ւ ՀԿԿ-ն մարտի 1-ին ժողովրդի կողքին չէր: ՀՀԿ երկրորդ քարտուղար Ֆրունզիկ Խառատյանը «Ա1+»ին տեղեկացրեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ կոմունիստների հայտարարության ուշացումը կապված է արտակարգ իրավիճակի հետ. «Ընդամենը մեկ շաբաթ է, ինչ արտակարգ իրավիճակը վերացել է, իսկ մենք արտակարգ իրավիճակում չէինք կարող գործել»:

Ընկեր Խառատյանը նշեց, որ եթե այսուհետ ժողովուրդը դուրս գա փողոց` կոմունիստները կկանգնեն ժողովրդի կողքին: «Մեր ղեկավարությունը բացատրեց, թե եղել է արտակարգ իրավիճակ եւ դրանից հետո հայտարարություն է արել: Կարծում եմ, որ կոմունիստները ուշացրել են իրենց հայտարարությունը: Երբ ժողովրդին ծեծեցին, ջարդեցին, սպանեցին, կոմունիստները ոչինչ չասեցին: Անկախ նրանից, թե ինչ կորոշի ՀԿԿ-ի ղեկավարությունը, ես ժողովրդի կողքին եմ»,- ասաց կոմունիստ Ջուլետա Ստեփանյանը:

Նա համարում է, որ ՀՀԿ-ի պլենումը իր նպատակին չծառայեց, քանի որ կոմունիստները միմյանց վիրավորեցին եւ վարկաբեկեցին. «Որոշ կոմունիստներ ասում էին, որ ժողովուրդը, եթե փողոց է դուրս եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ապա իրենք դուրս չեն գա: Կոմունիստը պետք է ազնիվ եւ շիտակ լինի եւ ասի.«Որտեղ ժողովուրդը, այնտեղ մենք»: Կոմունիստները, այդ թվում, նաեւ մյուսները, նախ պետք է շնորհակալություն հայտնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին` ժողովրդին քնից արթնացնելու համար: Այսօր, երբ ժողովուրդը քնից արթնացել է, յուրաքանչյուրը պետք է մտածի իր բացթողումների մասին, այդ թվում` կոմունիստներս»: Տիկին Ստեփանյանը ցավով նշեց, որ կոմունիստների թիվն այսօր քիչ է եւ նրանք տարիքով 70–ն անց են եւ ավելացրեց. ՚Կոմունիստները պետք է փոխեն իրենց մտածելակերպը, աշխատաոճը եւ քայլեն ժողովրդին համընթաց»:

Կոմունիստ Պետրոս Մանուկյանը, որը ՀՀԿ-ի պլենումի ընթացքում դահլիճից առաջին դուրս եկողներից մեկն էր, ՚Ա1+ՙ-ին հայտնեց իր վրդովմունքի պատճառը. ՚Խնդիրն այն է, որ շարքային կոմունիստներն այսօր ավելի ակտիվ են, քան ղեկավարությունը: Գուցե ՀԿԿ ղեկավարները վախենում են գործող իշխանությունների հնարավոր քայլերից, սակայն մենք մարտի 1-ին եղել ենք եւ այսօր էլ ժողովրդի կողքին ենք: Մարտի 1-ին բռնության ենթարկվածների մեջ նաեւ կոմունիստներ կային, սակայն նրանք որպես ՀՀ քաղաքացի էին դուրս եկել հրապարակ եւ ոչ թե ` ՀՀԿ ներկայացուցիչներ: Այս մասին պետք է մտածի ՀՀԿ ղեկավարությունըՙ:

A1+

No comments: