Tuesday, April 29, 2008

«Աշոտ Զաքարյանը խուլիգան չէ»

Վաղը ապրիլի 30-ին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են բռնությամբ ՏԸՀ աշխատանքները խոչընդոտելու մեջ:

Ըստ քրեական գործի՝ Աշոտ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրիի նախընտրական շտաբի համակարգող Մուրադ Գրիգորյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի հետ, ընտրության օրը ժամանել է 34/36 ընտրատարածքային ընտրական տեղամաս եւ ընտրողների անձնագրում դրոշմակնիք դնելու հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, աղմկել, բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել ՏԸՀ աշխատանքներին: Տեղամասից Զաքարյանի եւ Գրիգորյանի դուրս գալուց հետո նույն ՏԸՀ է մտել Շոթա Սաղաթելյանը, ով նույն դրոշմակնիքի վերաբերյալ վիճաբանել է, աղմկել, սպառնացել: Նրանից հետո տեղամաս է մտել Պետրոս Մակեյանը, ով նույնպես վիճաբանել է նույն հարցի շուրջ՝ սպառնացել եւ խոչընդոտել ՏԸՀ աշխատանքներին:

Ի դեպ, նախորդ դատական նիստի ժամանակ վկաները հայտարարել են, որ մեղադրվող անձինք ընտրական հանձնաժողովի աշխատանքը որեւէ ձեւով չեն ձախողել:

Ի պաշտպանություն Աշոտ Զաքարյանի հանդես են եկել մի խումբ ‎‎ֆրանսահայեր` միանալով 1993թ հուլիսից մինչեւ 1995թ մարտը ‎ ‎Ֆրանսիայում Հայաստանի հյուպատոսական բաժնի վարիչ Ելիզավետ Հարությունյանի նամակին: «Աշոտ Զաքարյանին ճանաչել ենք, երբ 1994-1995թթ Ֆրանսիայում նա ուսանում էր ժանդարմների բարձրագույն դպրոցում: Նա Հայաստանի անկախության եւ հայ ժողովրդի բարօրրության համար պայքարող մարտիկ է: Վստահ ենք, որ նա խուլիգանությամբ իշխանություն զավթել չի կարող: Ուզում ենք հավատալ, որ Հայաստանի արդարադատությունը ճիշտ վճիռ կկայացնի իր ազնիվ , պարկեշտ եւ քաջ քաղաքացու հանդեպ»,-ասվում է նամակում:


A1+

No comments: