Wednesday, April 30, 2008

Արամ Կարապետյանը ազատազրկվա՞ծ է

Այսօր լրանում է 67-րդ օրը, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս ողջ ժամանակահատվածում, բացի առաջին օրվանից, ոչ մի քննչական գործողություն չեն իրականացրել,- ասվում է «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ,- «Մենք եւս մեկ անգամ փաստում ենք, որ ՆԺԿ նախագահը ոչ թե նախնական կալանքի մեջ է գտնվում, այլ արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման եւ մեկուսարանում անհասկանալի հանգամանքներում պատիժ է կրում: Սա բացահայտ ապօրինություն է, վարչախմբի կողմից դրսեւորված անհանդուրժելի եւ խիստ դատապարտելի գործելաոճ, որի դեմ ՆԺԿ-ն հետեւողականորեն պայքարելու է հնարավոր բոլոր օրինական միջոցներով»:

Ըստ հաղորդագրության` վերջին շրջանում, Արամ Կարապետյանից բացի, վարչախմբի կողմից ուղղորդված անախորժությունների է բախվել նաեւ ՆԺԿ վարչության անդամ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, ՀՊՃՀ-ի մաթեմատիկայի դեպարտամենտի դոցենտ, հայկական միջազգային մաթեմատիկական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Խաչատրյանը: Բավական չէ, որ ԱԱԾ աշխատակիցները նրա բնակարանում փետրվարի 24-ին անցկացրած խուզարկության արդյունքում վարկաբեկիչ ոչինչ չգտնելով` առգրավել են համակարգիչն ու բջջային հեռախոսը եւ մինչ օրս չեն վերադարձրել նրան, երեկ էլ Արաբկիրի թաղապետարանից այցելել էին պարոն Խաչատրյանին եւ հայտնել, որ հնգօրյա ժամկետում նա պետք է քանդի իր ավտոտնակը, որն, ի դեպ, օրինական է /Երեւանի քաղաքապետի որոշում` թիվ 1474-Ա, 01.04.2008թ./: Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները սպառնացել են, որ հակառակ դեպքում իրենք կքանդեն ավտոտնակը, եւ որ իրենց ոչ մի որոշում չի հետաքրքրում»:

Հիշեցնենք, որ պարոն Կարապետյանի ձերբակալության օրը` փետրվարի 24-ին, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկեցին կուսակցության կենտրոնական գրասենյակը եւ, ոչինչ չգտնելով ՆԺԿ նախագահի դեմ, իրենց հետ տարան գրասենյակի բոլոր համակարգիչները` խոստանալով դրանք վերադարձնել մի քանի օրից: Սակայն մինչ օրս նրանք չեն կատարել իրենց խոստումը:

«Մենք սա դիտարկում ենք որպես ԱԱԾ-ի կողմից Նոր ժամանակներ կուսակցության գրասենյակային աշխատանքները խաթարելու եւ նպատակաուղղված կազմաքանդելու ապօրինի միտում, հետեւաբար, օրենքով սահմանված կարգով, պայքարելու ենք նաեւ այս հակաօրինական գործելակերպի դեմ», -ասված է հայտարարության մեջ:


A1+

No comments: