Այսօր կեսօրին Աշնակ գյուղի մոտ տեղի բնակիչները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սերժիկ հեռացիր», «Միացում» կոչերով դիմավորեցին Երեւանից ժամանած կանանց: Նրանք, մի մեծ խումբ կազմելով, երթով շարժվեցին դեպի Թալին: Ի պաշտպանություն մարտի 1-ին ձերբակալված քաղաքական գործիչների եւ ազատամարտիկների կանայք իրենց հերթական ակցիան այսօր անցկացրին Թալինում: Կալանավորվածներից 6-ն այս բնակավայրից են` Հովհաննես Ղազարյան, Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններ, Հայկ Գեւորգյան, Արմեն Ավագյան, Լենդրուշ Տոնոյան: Տիգրան Բաղդասարյանն էլ փախուստի մեջ է:
Շուրջ 7կմ ճանապարհը նրանք անցան ոտքով՝ ամբողջ ճանապարհին երգելով կամ հայրենասիրական, կամ էլ ձեւափոխված բառերով հայտնի երգեր: Նրանց ամբողջ ճանապարհին ուղեկցում էր ճանապարհային ոստիկանությունը, որն ապահովում էր ակցիայի մասնակիցների անվտանգ երթեւեկությունը: Ի դեպ, մայրուղին այդ նպատակով միակողմանի փակվել էր: Մարդիկ մեքենաների միջից կամ զարմացած հետեւում էին, կամ հետաքրքրվում, թե ինչ նպատակով է կազմակերպվել երթը, կամ էլ ազդանշան տալով եւ ձեռքները բռունցք արած պատուհաններից դուրս հանելով՝ իրենց համաձայնությունը հայտնում ակցիայի մասնակիցներին:
Ճանապարհին որեւէ միջադեպ տեղի չունեցավ, եւ մարդիկ անարգել հասան Թալին, որտեղ սպասվածից քիչ մարդ էր սպասում երթի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցները դա վերագրեցին այն վախի մթնոլորտին, որը ձեւավորվել էր մարտի 1-ի իրադարձություններից հետո: Թալինցիներից ոմանք էլ դժգոհեցին, որ եթե նախօրոք իմանային ակցիայի մասին, ապա շատ շատերը կցանկանային միանալ: Թալինի հրապարակում կային նաեւ մի քանի ոստիկաններ, որոնք ընդամենը հեռվում կանգնած հետեւում էին ակցիային, իսկ նրանցից մեկն այս ընթացքում հասցրեց քնել:
Ակցիայի մասնակիցները նաեւ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն կալանավորվածների: Այդ ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանին, որի զեկույցը նրանց շրջանում մեծ ոգեւորություն էր առաջացրել:
Կանայք իրենց ելույթում նշեցին, որ իրենք պայքարում են բոլոր մարզերում, քանի որ բոլոր կալանավորվածներն էլ «հանցագործներ չեն, այլ ազգային հերոսներ են, որոնց ոչ թե դատապարտում են, այլ պարգեւատրում»: Թալինի հրապարակում կանայք շարունակեցին երգել ազգային-հայրենասիրական երգեր: Քիչ անց նրանց միացան Գյումրիից եկող իրենց մյուս ընկերները, որոնք մասնակցել էին Գյումրու ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Ժողովրդավարական հայենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությանը:
Այնուհետեւ՝ միացյալ երկու խմբով կանայք շարժվեցին Երեւան՝ իրենց ակցիան շարունակելով ավտոբուսներում:
A1+
No comments:
Post a Comment