Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն այն դեպքերից չէ, երբ բռնատիրական վարչակարգի առաջնորդները կարող են պարզապես հեռանալ քաղաքական ասպարեզից կամ ընդդիմություն ձեւավորել: Փետրվարի 19-ին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում պարզորոշ կերպով երեւաց, որ, այնուամենայնիվ, վարչախումբն ունեցավ բավականաչափ մարդկային ռեսուրսներ` համատարած ընտրակեղծիքների իրականացման եւ իշխանությունը բռնի ուժով պահպանելու համար: Ընդդիմության կողմից սպասված ավազակապետության կազմաքանդումը, փաստորեն, տեղի չունեցավ: Ընտրակեղծիքների իրականացմանն ու բռնություններին, ինչպես նաեւ ավազակապետությանն այլ ծառայություններ մատուցելու պատրաստ գտնված անձանց կողմից այդ գործելակերպն ընտրելու շարժառիթներն այլեւս որեւէ նշանակություն չունեն: Պարզապես ընդդիմությունն այժմ արդեն պետք է հստակ գիտակցի. ընտրական հանձնաժողովների անդամներին, օլիգարխներին եւ այլոց նախկինում գործած ապօրինությունների համար պատասխանատվության չենթարկելու խոստումները` պայմանով, որ այդ անձինք փետրվարի 19-ի ընտրությունները չպիտի կեղծեին, չաշխատեցին: Եվ բացարձակապես անիմաստ է պատրաստվել Երեւանի քաղաքապետի, Ազգային ժողովի կամ որեւէ այլ հերթական ընտրության. ավազակապետության համար ցանկացած ընտրություն կշարունակի ծառայել ընդամենը որպես ծածկույթ` Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի եւ այլ կառույցների անբարեխիղճ բյուրոկրատների ձեւական պահանջները բավարարելու համար: Եթե ընդդիմությունը հանցագործներին կրկին առաջարկի ուղղվել ու խոստանա այդ դեպքում նրանց անպատիժ թողնել` դա արդեն ավազակապետության սպասավորների համար պարզապես զվարճանալու առիթ կդառնա: Վերջին ամիսներին կատարվածը հուշում է` ետդարձի ճանապարհ եւ ներման հնարավորություն ավազակապետության սպասավորների համար այլեւս չկա. ընտրական հանձնաժողովների իշխանամետ անդամները եւ օլիգարխները իրենց հնարավորությունը բաց են թողել փետրվարի 19-ին, պետական ապարատի եւ ուժային մարմինների ղեկավարները` մարտի 1-ին, Սահմանադրական դատարանի անդամները` մարտի 8-ին:
Ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է հիասթափվի երկարատեւ պայքարի անհրաժեշտության հեռանկարից: Վերջին յոթ ամիսների քաղաքական զարգացումներն արդեն կարեւոր արդյունքների են հասցրել: Քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքը միայն բավական է` ընդդիմադիր դաշտում զարգացումները խիստ դրական գնահատելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմամբ եւ ընդդիմության միավորվելով հնարավոր դարձավ քաղաքական դաշտի հստակ բաժանումը` մի կողմից ազատության ու բարեփոխումների ձգտողների, մյուս կողմից` ավազակապետերի ու նրանց «հաճախորդ»-կոլաբորացիոնիստների միջեւ: Նշենք նաեւ, որ Հայաստանը փրկվեց Ս.Սարգսյանի լեգիտիմ նախագահ դառնալու վտանգից. եթե Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը տեղի չունենար, կազմակերպվելու էր ընտրությունների երկրորդ փուլ` Ս.Սարգսյանի եւ Ա.Բաղդասարյանի մասնակցությամբ, ընդ որում` վերջինս առաջին փուլում պետք է շուրջ 40 տոկոս քվեներ ստացած լիներ, իսկ երկրորդ փուլից հետո` «արժանապատվորեն» շնորհավորեր Ս.Սարգսյանին: Այդպիսով, Ս.Սարգսյանը ոչ միայն կստանար լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան եւ ցանկացած հանցավոր ծրագրերի իրականացման քարտ-բլանշ, այլեւ վերջնականապես կոչնչացներ ընդդիմությանը` դաշտում թողնելով միայն «կառուցողական հաճախորդներին»:
Ստեղծված իրավիճակում ընդդիմության հետագա գործողությունները պետք է զարգանան քաղաքացիական անհնազանդության տրամաբանությամբ. խաղաղ բողոքի արտահայտությունները պետք է ուղեկցվեն ապօրինի իշխանության հետ համագործակցությունից հրաժարվելով: Քաղաքական զբոսանքները, դեսպանատների մոտ եւ այլ վայրերում պիկետները շարունակելու հետ համատեղ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն` բողոքի զանգվածային արտահայտությունների համար, ինչպես ապրիլի 19-ին: Միաժամանակ ակնհայտ է, որ դեպքից դեպք հանրահավաքներ արտոնելով եւ որոշ այլ քայլերով իշխանությունները պարզապես փորձելու են բարեփոխումների իմիտացիա ստեղծել, մասնավորապես` հունիսին ԵԽԽՎ-ին ներկայացնելու բան ունենալու համար: Իշխանությունները չեն պատրաստվում ենթարկվել բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու, ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու, մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու պահանջներին: Իր հերթին, ընդդիմությունը պետք է պնդի այդ պահանջների կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հստակ ուղերձ հասցնի միջազգային ատյաններին, որ Ս.Սարգսյանի կողմից կոսմետիկ բնույթի բարեփոխումներ կատարելու կամ որոշ պայմանագրեր ստորագրելու խոստման դիմաց նրա իշխանության լեգիտիմության ճանաչումը չի կարող նպաստել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը. դա հակառակ ազդեցությունը կունենա, եւ միջազգային ատյանները կկիսեն հնարավոր ծանր հետեւանքների ողջ պատասխանատվությունը: Իսկ իրավիճակն իսկապես շտկելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրությունների անցկացումն է:
No comments:
Post a Comment