Wednesday, April 30, 2008

Պողոտայում շարունակում են վանկարկել...

Երեկոյան տեղացած անձրեւից հետո Հյուսիսային պողոտայի զբոսնողների թիվն ավելացավ: Մինչ այդ մարդիկ անձրեւից պատսպարվել էին պողոտայի բարձրահարկ շենքերի տակ: «Էսքան մեծ-մեծ շենքեր են սարքել, մարդ չի ապրում, գոնե անձրեւից պաշտպանվենք»,- ասում է զբոսանքի մասնակից Հրաչը:

Այսօր ակտիվ էին հատկապես երեխաները, որոնք բարձր վանկարկում էին «Լեւոն նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Վիրավորական վանկարկումներ էին հնչում Սերժ Սարգսյանի հասցեին: Մարդիկ սկսեցին ավելի ուժգին բղավել, երբ պողոտայով անցավ զբոսաշրջիկների մի խումբ:

Ոգեւորության նոր ալիք առաջացրեց նաեւ Հայաստանի ազատական- առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայությունը: Մարդիկ հերթով մոտենում եւ համբուրում էին նրան:

Հովհաննես Հովհաննիսյանը «Ա1+»-ին ասաց, որ ինքը բացակայում էր երկրից, այդ պատճառով էլ նախկինում չի մասնակցել «քաղաքական» զբոսանքներին: «Այսուհետ միշտ կմասնակցեմ, եթե ինձ էլ չբռնեն»,- կատակեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Այսօր պողոտայում զբոսնում էին նաեւ ՀՀ առաջին նախագահի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու «Նոր ժամանակներ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը:


A1+

No comments: