Friday, May 2, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ` Արեւմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ (2-րդ մաս)

Արեւմուտք ասելով, ես, առաջին հերթին նկատի ունեմ Եվրոպական կազմակերպությունները` Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդա­մակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ: Սակայն, նախքան բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կատարել հետեւյալ անհրաժեշտ պարզաբանումը: Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է` ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները: Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Դա ապացուցելու համար բավական է, թեկուզ, նշել «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակատար անկարողությունը, ինչպես նաեւ այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003 թ. ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ Եվրադատարան ներկայացված հայցադիմումը:

Կարծում եմ, նույնքան եւ գուցե ավելի պերճախոս է այդ կազմակերպությունների դրսեւորած անսկզբունքային վերաբերմունքը Հայաստանում կայացած վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նկատմամբ: Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ: Դրանք են` ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR)» դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի երկու զեկույցները (փետրվարի 20 եւ մարտի 3), «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE)» դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը (ապրիլի 14), «Եվրախորհրդի խորհրդարա­նական վեհաժողովին» դեսպան Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ներկայացրած համատեղ զեկույցը (ապրիլի 15), «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» թիվ 1609 բանաձեւը (ապրիլի 17), ինչպես նաեւ «Եվրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսար» Թոմաս Համմարբերգի զեկույցը (մարտի 20), որը վերաբերում է մարտի 1-ի իրադար­ձություն­ներին եւ իր օբյեկտիվությամբ առանձնանում մյուսներից:

Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվությունը դրսեւորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում, նախքան խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը եւ նախքան ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը, տեղ գտավ հետեւյալ ձախորդ ձեւակերպումը. «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»: Թեեւ այնուհետեւ ինչպես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդների «հեղինակավոր» կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաս­տերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են: Երբ հարցնում ես` եվրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեին, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը:

Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաեւ նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնցից հարկ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել հետեւյալ երկուսի վրա: Այսպես, Գերդ Արենսի փետրվարի 20-ի զեկույցում գրված է հետեւյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ էր անցկացնում` շարունակելով գործել որպես վարչա­պետ: ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու: Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն»: Օգտվելով Գերդ Արենսից, բայց ավելի առաջ գնալով, Ջոն Պրեսկոտն ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարում է. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր` որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը: Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. Լ.Տ.-Պ.), սակայն այդ որոշումը նրան ընտրարշավային անարդար առավելություն ընձեռեց»: Ցավալի է, որ դիտորդական առաքելությունների հարգարժան ղեկավարները զլացել են ընթերցել ՀՀ ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը, որում հստակորեն նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր, որպես թեկնածու գրանցվելուց հետո, շարունակել իր պաշտոնավարությունը, այն է` եթե օժտված լիներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով: Իսկ հաջորդ կոպիտ սխալը տեղ է գտել Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ապրիլի 15-ի համատեղ զեկույցում, որում նշված է, թե Սահմանադրական դատարանն իբր «հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նիստեր գումարել եւ վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում: Զեկույցի հեղինակներն, ակներեւաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ, խուսափելով պատասխանատվությունից, պարզապես անտեսել է այն:

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից-փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպման համեմատ, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»: Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» դիտորդական առաքելությունը, փաստորեն, միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները: Դրանից ոգեւորված, Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի եւ ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլեւ բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը:

Արեւմուտքն, այսպիսով, բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն:

Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանագրել, որ Եվրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները` ինչ-որ չափով նաեւ նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը: Եվրոպական կազմակերպությունները որոշ առումով հանդուրժեցին նաեւ մարտի 1-ի արյունահեղությունը` այն համարելով ոչ թե որպես վարչախմբի կիրառած վայրագ բռնության, այլ ընդդիմության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման արդյունք: Եթե այդ կազմակերպությունները հանդուրժեն նաեւ այն, որ այդ աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն դրա պատասխանատվությունը կրող իշխանությունները, ապա, որեւէ կասկած չի կարող լինել, որ նրանք վերջնականապես կկորցնեն իրենց վարկը Հայաստանում: Եվրոպական կազմակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մասնակի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատակամություն եւ հետեւողականություն կդրսեւորի «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» ապրիլի 17-ին ընդունած իր բանաձեւի պահանջների կատարման գործում:

No comments: