Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ: Առաջին հայացքից` երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է: Սակայն հարց է առաջանում` ճի՞շտ է, արդյոք, երկխոսության առաջարկի այն ելակետը, թե իբր Հայաստանի հասարակությունը պառակտված է: Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա, կարծես թե, պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ «հաղթած» թեկնածուն ստացել է 53 %, իսկ ընդդիմության թեկնածուները` 47 %: Մի բան է, սակայն, պարզ թվաբանությունը, բոլորովին մի այլ բան` նրա տակ թաքնված իրականությունը:
Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլեւ իշխանությունների շուրջ համախմբված ուժերը: Իշխանությունների համոզմունքը կառուցված է տարրական հաշվարկի վրա: Ըստ նրանց, քանի որ քվեների շուրջ 18 եւ 6 տոկոս ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիային, դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77 %-ը, հետեւաբար խնդիր ունեն ընդամենը 21.5 % ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների եւ ագրեսիվ քարոզչության միջոցով չեզոքացնելը լուրջ խոչընդոտ չպետք է համարել: Այլ հարց է, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականությանը: Նշված երկու անձնավորությունները` Վահան Հովհաննիսյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետեւ հապավված` ԱԽՔ) ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեեւ այդ մասին մենք ժամանակին ահազանգել ենք: Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ ԱԽՔ-ը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ դրանք կեղծված են, հետեւաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները: Ավելին, ի նշան բողոքի, Հովհաննիսյանը հրաժարվեց Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ ԱԽՔ-ի զինակից, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթով հանդես եկավ Համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքում:
Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության ոլորտին: Բայց քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից (շեշտում եմ` ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ: Թեեւ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԽՔ-ը, ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռեւս չի նշանակում, որ վերջինիս միացավ նաեւ նրանց ընտրազանգվածը:Ընդհակառակը, դիտարկումները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի եւ մանավանդ ԱԽՔ-ի թեկնածությունը պաշտպանած քաղաքացիները, հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, այսօր ավելի լարված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ:Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանն ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարակության 77 %-ը ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձեւավորված պատկերացումը հօդս է ցնդում:
Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրության համար դժվար է պատկերացնել, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումից եւ 1991 թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբեւէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա:Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության եւ իշխող վարչախմբի միջեւ: Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջեւ: Հասարակության միասնականությունն, ըստ այդմ, արտահայտվում է ներկա վարչախմբի լիակատար մերժման եւ նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում: Սա նոր, ազատատենչ, անարդարություն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության եւ արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից: Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով՝ հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքացիներին, ապահովել ազատ մրցակցությունը, երաշխավորել սեփականության անձեռնմխելիությունը, կազմաքանդել ձեւավորված կոռուպցիոն համակարգը, հավասարաչափ բաշխել հարկային բեռը, վերացնել մենաշնորհային արտոնություններ շնորհելու սովորույթը, դադարեցնել վիճակագրական աճպարարությունները, հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները, միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ, քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարեւանների հետ եւ այլն: Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը:
Հասարակության եւ վարչախմբի միջեւ առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Սակայն գիտակցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու Եվրոպական կազմակերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաեւ, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը եւ հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել: Հաջորդ բաժնում ես կփորձեմ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել այս հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա:
No comments:
Post a Comment