Friday, May 23, 2008

«ՀԺԿ-ն սկզբունքայնության համար վճարեց հոկտեմբերի 27-ով»

Այսօր լրացավ ՀԺԿ-ի հիմնադրման 10-րդ տարեդարձը: Այս հոբելյանը միջոցառումներով առանձնապես աչքի չընկավ. կուսակցության հիմնադիրներն ու համակիրներն ուղղակի այցելեցին պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու կուսակցության հիմնադիր Կարեն Դեմիրճյանի հուշարձանին:

«Հաշվի առնելով մարտի 1-ի արյունահեղությունը, պայքարի այս փուլը, վերջին շաբաթվա ընթացքում երկու վաղաժամ կյանքից հեռացած մտավորականների, քաղաքական գործիչների վախճանը, որը դասում ենք մարտի 1-ի զոհերի թվին, որեւէ այլ միջոցառում չենք կազմակերպել»,- «Ա1+»-ին ասաց ՀԺԿ վարչության անդամ, առաջին օրից ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը: Նա նկատեց, որ 10 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր ժողովը, իսկ արդարադատության նախարարությունը կուսակցությունը գրանցել է հունիսի 15-ին. «Հուսով ենք, որ մինչեւ այդ՝ երկրում իրավիճակի որոշակի փոփոխություններ տեղի կունենան եւ մենք կկարողանանք տոնել 10 -ամյա հոբելյանը»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:

Կուսակցությունը, ըստ նրա, իր գաղափարներից, հիմնադրի ծրագրերից որեւէ անգամ չի շեղվել. «Եվ մենք դրանով հպարտանում ենք, բայց եւ շատ ծանր, մեծ գին ենք վճարել մեր սկզբունքայնության համար՝ սկսած հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, վերջացրած ուժի կիրառման արդյունքում իշխանությունից հեռացվելուց. Հանրապետականները շեղվեցին եւ ՀԺԿ-ին զրկեցին լծակներից»,- հիշեցնում է Ռուզան Խաչատրյանը եւ ավելացնում,- կուսակցությունը ստեղծվեց հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի, եւ պատահական չէր, որ հենց «ժողովրդական» անվանվեց, եւ. «Մինչ օրս էլ ՀԺԿ-ն ժողովրդի հետ է, բոլոր ծանր օրերին եւ հուսով ենք` ուրախ օրերին եւս, որոնք առջեւում են, կլինենք միասին»,- ասաց Ռուզան Խաչատրյանը:

No comments: