Friday, May 23, 2008

Հմայակ Հովհաննիսյան` Տասը տարի ընդդեմ կրակահերթերի

Համաժողովրդական շարժումը՝ հանուն սեփական երկրում օրինականության հաստատման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվության վերականգնման, ունի ոչ թե մեկ կամ երկու, այլ տասը երկար ու ձիգ տարիների պատմություն:

Այդ շարժումը սկիզբ առավ ուղիղ 10 տարի առաջ` 1998 թվականի մայիսի 23-ից, երբ Կարեն Դեմիրճյանի ջանքերով հիմնադրվեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Հիմնադիր համաժողովում կուսակցությունն իմ առաջարկությամբ, որպես սեփական ծրագրի հիմնադրույթներ, ընդունեց Կարեն Դեմիրճյանի նախընտրական պլատֆորմը: Դրանով մենք հասարակությանը հղեցինք հստակ ազդանշան. Կարեն Դեմիրճյանը իր քաղաքական զինակիցների հետ միասին չի հանդուրժելու Հայաստանի ժողովրդի կամքի եւ արժանապատվության ոտնահարումը, առաջարկում է պայքարի նոր ճանապարհ եւ կարճ ժամանակում հասնելու է արդյունքի:

Այդպես էլ եղավ.մեկ տարվա ընթացքում իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը վերածվեց «անգլիական թագուհու», կամ ինչպես ինքը հետագայում խոստովանեց` «դիտորդի», իսկ ռեալ իշխանությունն անցավ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքին: Մենք հաղթեցինք, եւ մեր հաղթանակը կլիներ անբեկանելի եւ անշրջելի, եթե չհնչեին հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցները...

Ինչո՞ւ եմ այսօր կարեւորում արդի համաժողովրդական շարժման գաղափարական եւ քաղաքական ակունքների պարզաբանումը: Այն պարզ պատճառով, որ անցած ժամանակաշրջանում չեն փոխվել ինչպես մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, այնպես էլ դրանց լուծումներին խոչընդոտող հակահայաստանյան իշխող վարչակազմը, որը ձեւավորվեց 1998-ի նախագահական ընտրությունների կեղծման արդյունքում, եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից կարճ ժամանակ անց երկրում հաստատեց սեփական գերիշխանությունը: Ահավասիկ, միանգամայն տեղին է զուգահեռը հոկտեմբերի 27-ի եւ սույն թվականի մարտի 1-ի կրակոցների միջեւ: Երկու դեպքերում էլ կրակեցին Հայաստանի վրա, կրակեցին Հայաստանի ժողովրդին հուսահատեցնելու եւ ծնկի բերելու նպատակով: Երկու դեպքերում էլ սպանությունները կրում էին ցուցադրական հաշվեհարդարների բնույթ: Երկու դեպքերում էլ կրակոցները ծրագրված էին որպես Հայաստանի ժողովրդից հաղթանակը խլելու միջոց: Երկու դեպքերում էլ ողբերգությունը տեղի ունեցավ Հայաստանի հասարակության կողմից իշխող զույգի մերժման եւ լիակատար մեկուսացման ֆոնի վրա:

1998-ից սկսած` համաժողովրդական շարժման հիմնական նպատակը հայության համախմբումն է: Այդ նպատակով 1999-ին Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը: Մենք խնդիր էինք դրել ամեն գնով պահպանել համազգային նույնականացման այն ոգին, որն ամփոփվում է «հայ» հասկացության մեջ, որով տոգորված էր 1988 թվականի համազգային շարժումը, եւ որն ապահովեց Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի փայլուն հաղթանակը:

Կարեն Դեմիրճյանի ավանդը հայոց անկախ պետականության կերտման գործում չէր սահմանափակվում անկախության նյութատեխնիկական եւ մշակութային նախադրյալների ստեղծմամբ, այլ ներառում էր շատ ավելի կարեւոր ոլորտ՝ ազգ-պետության հիմքում ընկած միասնական ազգային ինքնանույնացման չափանիշների ձեւավորումը: Խորհրդային Հայաստանի տասնչորս տարիների ղեկավարման ընթացքում նա արմատախիլ արեց իր նախորդների կողմից խրախուսվող «վիրահայերի», «սյունեցիների», «լոռեցիների» եւ էլի «ինչ-որ տեղացիների» տարածաշրջանային, հատվածապաշտական ինքնանույնացման հոգեբանությունը` ամրապնդելով բոլորի մոտ որպես հայ եւ հայաստանցի ինքնանույնացման միասնական գիտակցությունը:

1998-ից հետո մենք լուրջ մտահոգություններ ունեինք Հայաստանում սկիզբ առած միասնական ազգային ինքնանույնացման չափանիշների խարխլման եւ դրանց պառակտողական, հատվածապաշտական, տարածաշրջանային ինքնանույնացման չափանիշներով փոխարինելու վտանգավոր միտումների կապակցությամբ: Այդ մտահոգությունն էր, որ Կարեն Դեմիրճյանին ստիպեց միավորել ուժերը Վազգեն Սարգսյանի հետ՝ նպատակ ունենալով համատեղ ջանքերով պաշտպանել հայաստանակենտրոն արժեհամակարգը եւ կանխել այլեւայլ տարածաշրջանային մաֆիոզ խմբավորումների կողմից այդ արժեհամակարգի քայքայումը եւ տարրալուծումը:

Ո՞վ կարող է համոզել, որ տասը տարի առաջ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին մտատանջող խնդիրներն այսօր էլ ավելի չեն սրվել եւ բարդացել: Այո, ազգային օրգանիզմը քայքայող այդ չլուծված խնդիրներն այսօր այնքան են սրվել ու բարդացել, որ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր զուգահեռներ անցկացնել դրանց եւ մի շարք թերզարգացած երկրներում ռասայական կամ էթնիկական անհանդուրժողականության հայտնի պրոբլեմների միջեւ: Դա ոչ այլ ինչ էր, քան սեփական տասնամյա գործունեության ողբերգական արդյունքների մասին ինքնախոստովանություն: Ինչպես նախորդ տասնամյակում ձեւավորված միասնական ազգային ինքնանույնացման գիտակցությունը 1988-1994 թվականներին բերեց «միացում» գաղափարի հաղթական իրագործմանը, այնպես էլ քոչարյանական տասնամյակում այդ գիտակցության քայքայումը եւ փոխարինումը մաֆիոզ գավառական ինքնանույնացման գիտակցությամբ հանգեցրեց հակառակ՝ կործանարար արդյունքի:

Իշխանությունը զավթած փոքրամասնության հոգեբանությամբ իրականացվող «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը ոչ միայն բզկտեց, ջլատեց միասնական ազգային օրգանիզմը, այլեւ երկիրը բաժանեց իշխող ղարաբաղյան կլանին ենթակա տարածաշրջանային մաֆիոզ խմբավորումների ազդեցության գոտիների: Կլանային հիերարխիայում այս կամ այն տարածաշրջանային մաֆիոզ խմբավորման դիրքը՝ խորհրդարանում մանդատների եւ կառավարությունում լծակների թիվն ու կշիռը, կախված են այն բանից, թե տվյալ կլանը ընտրություններին որքան ձայներ է բերում ղարաբաղյան կլանի պարագլուխներին: Եթե «ապարանցիներն» են այդ հարցում առավել նախանձախնդիր, ուրեմն նրանք են ստանում Ազգային ժողովում թվով ավելի շատ մանդատներ եւ կառավարությունում թվով ավելի շատ պաշտոններ: Եթե ղարաբաղյան կլանին նրանց մատուցած ծառայությունները զիջում են այն ծառայություններին, որոնք մատուցում են, ասենք, «վիրահայերը», վերջիններն են կերակրատաշտից ավելի մեծ պատառներ ստանում: Կերակրատաշտի շուրջ «ախոռային» մրցակցության այս տխուր պատկերը ոչ մի առնչություն չունի քաղաքականության կամ քաղաքական մրցակցության հետ: Եւ եթե չլիներ համաժողովրդական շարժումը, որին նոր՝ հզոր ազդակներ հաղորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն, վերլուծաբանները ստիպված կլինեին արձանագրել Հայաստանի Հանրապետությունում հրապարակային քաղաքականության լիակատար մահը:

Համաժողովրդական շարժումն ի սկզբանե՝ 1998-ից ընտրել է քաղաքացիական պայքարի այն ճանապարհը, որը ենթադրում է չարին բռնությամբ չպատասխանելու բարոյական դիրքորոշումը: Վերջերս «Նովիե իզվեստիա» թերթին տրված հարցազրույցում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերահաստատելով սեփական նվիրվածությունը այդ դիրքորոշմանը, այն բնութագրեց որպես դասական «գանդիզմ»: Հավատարիմ մնալով «գանդիզմի» սկզբունքներին` մենք, միաժամանակ, պարտավոր ենք մինչեւ վերջ՝ մինչեւ Հաագայի դատարան, հասցնել նրանց, ովքեր գործելով Հայաստանի Հանրապետության անունից` մարտի 1-ին սպանդի ենթարկեցին մեր հայրենակիցներին: Ես չեմ հավատում, որ հասարակությանը կհաջողվի բանտից ազատել քաղաքական բանտարկյալներին, քանի դեռ չի հաջողվել իրական հանցագործներին կանգնեցնել Հաագայի միջազգային դատարանի առջեւ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում նախապատրաստել Հաագայի դատարանին ուղղված համապատասխան հայց՝ ի պաշտպանություն այդ հայցադիմումի հավաքելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստորագրությունները:

Մարդասպաններին միջազգային մակարդակով պատժելով միայն մենք կարող ենք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում մեկընդմիշտ բացառել բռնությունը:

Աղբը տնից դուրս չհանելու մասին բոլոր տխմար դատողություններին մենք պետք է պատասխանենք Շարլ Մոնտեսքյոյի խոսքով. «Քաղաքացին անհրաժեշտության դեպքում պարտավոր է մեռնել հանուն հայրենիքի, սակայն պարտավոր չի ստել հանուն հայրենիքի»: Ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու նպատակին կարող է ծառայել մարտի 1-2-ի եղեռնագործության հասարակական հետաքննությունը, որը ստեղծված պայմաններում այլընտրանք չունի: Ակնհայտ է, որ խամաճիկային Ազգային ժողովի կողմից ձեւավորվելիք հատուկ հանձնաժողովի միջոցով անկախ, անաչառ եւ քաղաքացիների համար համոզիչ հետաքննության անցկացումը բացառված է: Մյուս կողմից, եվրոպական «մոնիտորինգային» կառույցների զանցագործության պատճառով ռեժիմին առայժմ հաջողվել է խույս տալ անկախ միջազգային հետաքննությունից: Այսպիսով, այսօր մարտի 1-2-ի եղեռնագործության բոլոր հանգամանքների անաչառ հետաքննության միակ հնարավորությունը բացարձակապես կախված է Հայաստանի քաղաքացիական հասարակության արժանապատվությունից, արդարամտությունից, արիությունից եւ հետեւողականությունից: Որքանով են մեր հասարակության մեջ առկա այդ բարձր քաղաքացիական որակները` ցույց կտան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվելիք հատուկ լսումները: Լսումների ընթացքում պարբերաբար կներկայացվեն հասարակական անկախ հետաքննության արդյունքները, եւ կորոշվեն Հաագայի միջազգային դատարանին դիմելու հետ կապված բոլոր կոնկրետ քայլերը, ինչպես նաեւ անաչառորեն կգնահատվի դրանց փաստագրական հիմնավորվածության աստիճանը:



Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ

hzh.am

No comments: