Thursday, May 29, 2008

Նիկոլ Փաշինյան` Երկրի հակառակ կողմը (Մաս 12-րդ)

13. ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում
Նկարագրելով ֆլամենկոն` ես այդպես էլ ոչինչ չասացի կարմիր զգեստով, կարմիր մեխակ-վարսակալով, կարմիր կոշիկներով իսպանուհու դերի մասին: Չէի մոռացել, քավ լիցի. եթե այդ կարմրազգեստ Արտիստուհին եւ նրա երկնագույն, շերտավոր շրջազգեստներով, սեւ կոշիկներով, երկնագույն մեխակ-վարսակալներով հերարձակ երկու ընկերուհիները (Արտիստուհու մազերը խստորեն հավաքված էին) չլինեին, բեմադրությունը, անշուշտ, կտուժեր:

Նրանք իրենց պարերով, փեշերը պտտելով, կոշիկները գետնին զարկելով մի առանձնակի ուժ եւ հմայք էին տալիս ֆլամենկոյին, բայց նրանք ֆլամենկոյի էությունը չէին: Նույնը կարելի է ասել նաեւ կիթառահարների եւ հարվածային գործիքի վարպետի մասին, որոնք երբեմն մի կողմ էին դնում իրենց գործիքները եւ անցնում ռիթմիկ ծափերի: Այո, նրանք ներդաշնակվում էին ֆլամենկոյի հետ, նրա անբաժանելի մասն էին, նրա թեւերը, բայց ոչ էությունը:

Ֆլամենկոյի էությունը Արտիստն էր, նրա տառապանքը, նրա ցնծությունը, նրա հուսահատությունը, աշխարհի ամենաբարձր կամրջից ցած նետվելու նրա մղումը եւ նրա սփոփանքը` անկման ընթացքում:

Ես մի պահ փորձեցի չնկատելու տալ պարուհիներին, չլսել կիթառների եւ տատամի ձայնը, մոռացության տալ ռիթմիկ ծափերը եւ լսել ֆլամենկոն բացարձակ մերկ վիճակում: Այս դեպքում արդեն ֆլամենկոյի ելեւէջները ինձ այնքան էլ անծանոթ չթվացին: Բայց որտե՞ղ եմ լսել համանման ինչ-որ բան: Ավելի ճիշտ` ոչ թե համանման բան, այլ այս նույն ելեւէջները հիշեցնող. որտե՞ղ եմ լսել:
Հիշեցի, ու դա ինձ ցնցեց. այսպես Տավուշի ետամնաց գյուղերում տարիքով կանայք են ողբում իրենց ջահել բալեքի դիակների վրա, իրենց սիրասուն ամուսինների դիակների վրա: Ինչ խոսք, գեղագիտական համեմատության եզր անգամ գոյություն չունի: Բայց այդ` երբեմն գռեհիկ ողբի եւ ֆլամենկոյի ելեւէջների մեջ ինչ-որ գռեհիկ կապ կա, հաստատ կա: Բայց ի՞նչ կապ կարող է լինել Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ, ի՞նչը կարող էր կապել նրանց: Եւ ես հիշեցի Իրանը: Սպահան քաղաքը, որտեղ մի մոլլա աղեկտուր կանչում էր մինարեթի գագաթից:

Աստված իմ, որքա~ն ընդհանուր բան կար մոլլայի կանչի եւ Արտիստի ֆլամենկոյի ելեւէջների միջեւ: Իսպանիա եւ մահմեդականություն, ահա որտեղ է հանելուկի լուծումը: Չէ՞ որ իսլամի զավակները` արաբները, Աֆրիկայի հյուսիսով հասել են Իսպանիա եւ ասպատակել այն: Չէ՞ որ այդ նույն արաբները ասպատակել են նաեւ Հայաստանը: Ահա թե ինչ կապ կա Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ:

Ու եթե Հայաստանում մոլլաների կանչից մնացել է կանանց` լսողության համար ոչ այնքան հաճելի, երբեմն նույնիսկ գռեհիկ ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ, ընդ որում` ոչ թե արաբական, այլ իսպանական մշակույթ: Եւ այս իմաստով շատ ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում» են «մշակութային օտար ազդեցությունների դեմ»: Ինչքան շատ ենք մենք դրա դեմ պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը:

Պատճառը շատ պարզ է. մշակութային ինտերվենցիայի դեմ պայքարում են ոչ թե հանգ բռնող տխմարների, կոմպոզիտոր կոչվող գրագողերի, պալատական գրողների ու նկարիչների ասուլիսներով, այլ համաշխարհային պրոցեսների իմացությամբ սեփական մշակույթ ստեղծելով: Իսկ մշակույթ կարող են ստեղծել ազատ մարդիկ եւ ոչ թե պալատական կապիկները եւ իշխանական քեֆերը սպասարկող պուտանկաները: Հենց սրանց են հիմա Հայաստանում կոչում մտավորական, արտիստ, մշակութային գործիչ...

Բայց այս ի՞նչ շեղվեցի մեր թեմայից, մեր ժանրից, մեր շուրջերկրյա ճանապարհորդությունից, Լոզանից, բար-սրճարանից, գրապպայից, ֆլամենկոյից, ֆլամենկոյի էությունից ու ծագումից: Իհարկե, ոմանք գուցե թե կառարկեն` ասելով, որ ոչ թե իսպանացիներն են արաբներից ազդվել, այլ արաբները իսպանացիներից: Սա տվյալ դեպքում էական չէ: Չնայած, արաբական վարկածը շատ ավելի ծանրակշիռ է. իսպանական մշակույթը շատ է տարբերվում ընդհանուր եվրոպական մշակույթից, իսկ Իսպանիայի պատմությունը «միջին եվրոպականից» տարբերվում է երկարատեւ արաբական օկուպացիայով, տիրապետությամբ:

Բայց մեր խնդիրը հարցի ոչ թե գիտական, այլ հումանիտար կողմն է, հումանիտար եզրակացությունը: Իսկ այդ եզրակացությունը մեկն է. երկրագնդի վրա ապրող մարդիկ, ազգերը, ժողովուրդները երբեմն շատ ավելի մոտ են իրար, շատ ավելի կապված են իրար հետ, քան անգամ իրենք են պատկերացնում: Չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն համաշխարհային մշակույթի մաս չէ, չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն չի պահպանում եւ պաշտպանում իր ինքնությունը: Բայց պաշտպանվել չի նշանակում նկուղում փակվել, ուրիշից գողանալ եւ այն համարել իրենը: Պաշտպանվել նշանակում է ստեղծել, պաշտպանվել նշանակում է արարել, պաշտպանվել նշանակում է զարմանալ եւ զարմացնել, պաշտպանվել նշանակում է պայքարի մեջ մտնել եւ հղկվել, մշակվել, ամրանալ պայքարում:

Ֆլամենկոն, անշուշտ, իսպանացի իշխանները չեն ստեղծել, այլ իսպանացի ժողովուրդը, թափառական երաժիշտներն ու արտիստները, ազատ էսթետները: Եւ ֆլամենկոն արաբական նվաճումը չի խորհրդանշում, այլ Իսպանիայի ազատագրումը, հակառակ դեպքում այս Արտիստը ոչ թե Արտիստ կլիներ, այլ առավոտ-իրիկուն կկանչեր Մադրիդի բարձր մինարեթներից:

***

Հաջորդ օրը բար-սրճարանում արդեն ֆլամենկոյի երեք ներկայացում կար: Դրանք բոլորը անցնում էին լեփ-լեցուն սրահներում: Ֆրեդը ու ես ներկա էինք բոլոր ներկայացումներին: Մենք երբեմն արտասվում էինք, երբեմն` ցնծում, երբեմն` դառնացած խմում:

Ֆրեդը ասաց, որ Կետրինին Շոտլանդիա տեղափոխելը դեռ երկար կտեւի, գուցե անգամ անհրաժեշտ լինի Կետրինի մի ազդեցիկ բարեկամի միջամտություն` գործը արագացնելու համար: Բայց ես չէի ուզում երկար մնալ Լոզանում. ինձ թվում էր, թե որեւէ տեղ երկար մնալով` ես դադարեցնում եմ Հայաստան գնալը, հարմարվում եմ արտերկրյա նստակեցությանը:

Ի՞նչ եմ ես կորցրել Լոզանում, ի՞նչ եմ կորցրել Վիեննայում, Բելգրադում, Սալոնիկում. ոչինչ, ոչինչ չեմ կորցրել: Ես այդ քաղաքներում գտնվել եմ միայն ու միայն Հայաստան գնալու բերումով, երկրի հակառակ կողմից Հայաստան գնալու բերումով: Եւ այդ քաղաքները, երկրները, այնտեղ ապրող մարդիկ ինձ դուր չեն գալիս...

Ինչո՞ւ նրանք ինձ դուր չեն գալիս` այդ մարդիկ, այդ քաղաքները, այդ երկրները: Իրականում ինքս ինձ դուր չեմ գալիս` այդ քաղաքներում, այդ երկրներում, այդ բարեկիրթ եւ ժպտադեմ մարդկանց միջավայրում: Ես վախենում եմ այդ երկրները, քաղաքները, այդ մարդիկ դուր գան ինձ: Ես վախենում եմ, որ դրանք ինձ դուր գան այնպես, ինչպես դուր են եկել, ինչպես դուր են գալիս մեր տասնյակ, հարյուրհազարավոր, միլիոնավոր հայրենակիցների: Ես վախենում եմ ինձ դուր գա այս երկրներում ապրելը, ես վախենում եմ իմ մեջ արթնանա փախստականի, պանդուխտի, գաղթականի, սփյուռքահայի գենը: Ես ինձ արգելում եմ հիանալ այդ բարեկարգ, բարեկեցիկ երկրներով...

Ես սիրում եմ իմ Հայրենիքը: Ոչ միայն այն Հայրենիքը, որի մասին երազում եմ, այլեւ այն Հայրենիքը, որ կա, գոյություն ունի այս պահին: Ես սիրում եմ այդ Հայրենիքը, այնտեղ ապրող մարդկանց` նրանց բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը այնպես, ինչպես կա:

Մի տարի առաջ զանգ հնչեց իմ աշխատասենյակում. լսափողը վերցրի. զանգը ԱՄՆ-ից էր, խոսողը` 80-ականների վերջին Հայաստանից մեկնած եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող մի մարդ: Այս մանրամասները ես ճշտեցի հընթացս:

Այդ մարդը, ուրեմն, մեր թերթում մի հրապարակում էր կարդացել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մասին, որը պատմում էր նրա կյանքի եւ գործունեության ոչ այնքան դրական կողմերի մասին: Այդ մարդը ոգեւորվել էր, եւ նա զանգել էր ԱՄՆ-ից` ինձ, մեզ բացատրելու, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Նա, չնայած, ԱՄՆ-ից էր զանգում, մի երկար դիսերտացիա կարդաց, ապա սկսեց ծաղրել եւ ձեռ առնել Տիգրան Թորոսյանին: Այդ մարդը` ԱՄՆ քաղաքացին, կարծես ճիշտ համարով էր զանգել, որովհետեւ ինձնից շատ ո՞վ է արգահատանքով վերաբերվում Տիգրան Թորոսյանին:

Բայց դուք չեք հավատա, ինձ հետ մի անհասկանալի բան կատարվեց, ինձ կարծես խայթեցին, վիրավորեցին, նվաստացրին.

- Լսիր, դու, Ամերիկայի քաղաքացի, մյուս անգամ չհամարձակվես այդպիսի տոնով խոսել ՀՀ քաղաքացու հետ: Դու ո՞վ ես, որ զանգես ու բացատրես, թե ինչպիսին պետք է լինի այն երկրի ԱԺ նախագահը, որից դու հրաժարվել ես: Տիգրան Թորոսյանը մե՛ր Տիգրան Թորոսյանն է, ու մենք ինքներս կորոշենք, թե ինչպես վերաբերվել նրան, եւ քեզ նմանների օգնության կարիքը չունենք: Մյուս անգամ չհամարձակվես մեզ հետ քննարկել մեր Տիգրան Թորոսյանին,- վրա պրծա ես:

Մոլեգնել էի, շրխկոցով տեղը դրեցի լսափողը, բայց ցնցվում էի ամբողջ մարմնով: Ես վիրավորվել էի, Աստված իմ, ես վիրավորվել էի...

Ես զզվում եմ այդ բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետեւ այն պոռնկուհու նման գայթակղում է մեզ եւ մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր հայրենիքից, մեզ դարձնում վեհապարծ:
Ես չեմ տրվի այդ գայթակղությանը, ես կտրվեմ հայրենիքի զնդաններին, բայց երբեք լոզանյան հանգստության սեփականությունը չեմ դառնա...

- Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում, ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ...

Ես կտրվեմ իմ երազած, մեր երազած Հայաստանի կերտմանը: Հանուն այդ Հայաստանի, կպայքարեմ մինչեւ վերջ:

Եւ ուրեմն`

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

(շարունակելի)

No comments: