Երեկոյան ես հրաժեշտ տվեցի այդ տարօրինակ անունով բար-սրճարանի տարօրինակ անունով բարմենին: Ուզում էի Ֆրեդին էլ հրաժեշտ տալ, բայց նա ասաց, որ ուզում է կայարան գալ` ինձ ճանապարհելու: Ֆրեդի հետ պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ առավոտյան իմ հյուրանոցում, ապա ճաշել Ժնեւի լճի ափամերձ որեւէ ռեստորանում, որից հետո կմեկնենք կայարան: Իմ գնացքը մեկնելու էր երեկոյան ժամը հինգին:
Նախաճաշից հետո հյուրանոցի ֆոյեում նստած թերթ էի նայում, երբ Ֆրեդը եկավ: Մենք մի-մի կապուչինո խմեցինք, քննարկեցինք վերջին միջազգային լուրերը: ես արդեն փակել էի հյուրանոցային հաշիվները, ձեռքիս մի թեթեւ ճամպրուկ ունեի, բայց այն էլ հյուրանոցում ի պահ թողեցի` կայարան գնալուց առաջ վերցնելու համար:
Մենք մի քիչ քայլեցինք փողոցներում, հետո լճի ափին: Ֆրեդը իր ու Կետի պատմություններից էր պատմում, թե ինչպես իրենց երկրորդ կամ երրորդ հանդիպման, ըստ էության` պատահական հանդիպման ժամանակ Կետը փարվել էր իրեն ու ասել. «Ախ, սիրելիս»: Այս դեպքից հետո Ֆրեդը Կետին գժի տեղ է դրել, բայց դա երկար չի տեւել: Ֆրեդը պատմեց, որ երեկոները գնում է դիահերձարան եւ Կետին բարի գիշեր ասելուց հետո միայն գնում քնելու:
- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:
Մենք ճաշեցինք ափամերձ մի ռեստորանում, Ժնեւի լճում աճող մի իշխանանման ձուկ կերանք` տեղական սոուսով եւ ֆրանսիական սպիտակ գինիով: Վերադարձանք հյուրանոց, ես վերցրի ճամպրուկս, ու գնացինք երկաթուղային կայարան:
Մենք գրկախառնվեցինք, հրաժեշտ տվեցինք իրար, պայմանավորվեցինք, որ հանդիպելու ենք Շոտլանդիայում` Կետի թաղմանը: Ֆրեդը ասաց, որ թաղումը երեւի մի տասը օրից կլինի: Կետի հայրը երկու օրից պետք է լիներ Լոզանում` անհրաժեշտ փաստաթղթերով: Ֆրեդը ասում էր, թե չգիտի` ինչպես է Կետրինի հոր, ապա նաեւ մոր աչքերին նայելու:
Մի պահ ինձ թվաց, թե ես պետք է մնամ Ֆրեդի հետ, բայց մենք եկանք այն եզրակացության, որ իրեն էլ, ինձ էլ մենակ մնալ է անհրաժեշտ:
***
Ըստ էության, ես գնում էի Շոտլանդիա` Կետրինի թաղմանը: Բայց ինձ անհրաժեշտ էր 7-10 օր սպանել ճանապարհներին: Մի երթուղի էի գծել ինձ համար, ըստ որի` պետք է հասնեի Գերմանիայի հյուսիսում գտնվող Էմդեն նավահանգիստ, այնտեղից էլ` նավով Էդինբուրգ, Շոտլանդիա: Լոզանից ես գնացքի տոմս գնեցի մինչեւ Դյուսելդորֆ` այն հաշվարկով, որ գուցե մի երկու օր մնամ այնտեղ, հետո էլ մի երկու քաղաք մտնելով հասնեմ Էմդեն` այս ընթացքում մշտական կապի մեջ լինելով Ֆրեդի հետ:
Այսպիսի ճամփորդության համար գնացքը խիստ հարմար տրանսպորտային միջոց է: Նախ երկաթուղու ուղեւորները լուրջ ստուգումների չեն ենթարկվում: Հետո` գնացքում կարելի է ապրել ինչպես հյուրանոցում. իմ կուպեում լոգարան կար, հեռուստացույց. գնացքից կարելի է զանգել: Կարճ ասած, եթե չես շտապում, գնացքը իդեալական տրանսպորտ է:
Եւ բացի այդ, գնացքը իմ երազած Հայաստանի սիմվոլներից մեկն է, այն խորհրդանշում է տեղաշարժի ազատությունը: Ես երազում եմ այն օրերի մասին, երբ հնարավոր կլինի Երեւանում գնացք նստել եւ իջնել, ասենք, Լոզանում, Բեռլինում, Մոսկվայում, Պեկինում... Նման երկաթգծեր կան, մնում է դրանք աշխատեն: Եւ այս պարագայում Հայաստանում օդային տրանսպորտի գները այդքան թանկ չեն լինի եւ կունենան շատ ավելի էժան եւ հարմարավետ այլընտրանք:
Գնացքի պատուհանից նայելը եւ մտորումների գիրկն ընկնելը չափազանց հաճելի զբաղմունք դուրս եկավ: Իմ կուպեի պատուհանից, սակայն, ես չէի ուզում տեսնել Շվեյցարիան կամ Գերմանիան ու չէի տեսնում: Գնացքի պատուհանից նայելով` ես փնտրում էի ապագայի Հայաստանը, ես ուրվագծում էի ապագայի Հայաստանը, ես տեսնում էի ապագայի Հայաստանը. կղմինդրե տանիքներ, բարեկարգ տներ, ծաղկի մեջ կորած բակեր, ժպտադեմ գյուղեր, հպարտությամբ ճառագող մարդիկ, մահվան վրա մատ թափ տվող տատիկներ եւ պապիկներ, ազատ երիտասարդություն, ինքն իր եւ ոչ թե հարեւանի համար ապրող ընտանիքներ, ընտանեկան ռեստորաններ, հարգված իշխանություններ, վստահություն ապագայի նկատմամբ, անտառների մեջ չտեղավորվող կենդանիներ, լիաթոք, լիաթոք շնչառություն, Հայրենիքի լիաթոք զգացողություն, օրենքի անասելիություն, ազատություն, ազատություն, որ զգում ես կրծքիդ տակ:
Ծանրաբեռնված ճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ: Ճանապարհամերձ մոթելներ, ռեստորաններ` լցված օտարերկրացիներով` վրացիներով, պարսիկներով, թուրքերով, ադրբեջանցիներով, ռուսներով, եվրոպացիներով, ամերիկացիներով, լատինոներով, սեւերով, մոնղոլոիդներով. նրանք գործով են եկել կամ ուղղակի ճամփորդում են ընտանիքների, մանր երեխաների հետ: Կամ էլ ուղղակի ծեր ամուսիններ, որոնք որոշել են աշխարհը տեսնել կյանքի մայրամուտին:
Հարյուրհազարավոր տպաքանակներով գրքեր` գեղարվեստական, գիտահանրամատչելի, փաստավավերագրական, թարգմանական եւ հայաստանցի հեղինակների, դասական եւ ժամանակակից: Քննարկումներ` գրականության, պատմության, արվեստի, ապագայի մասին:
Քրիստոնյա երկիր, քրիստոնյա մարդիկ, սեր մերձավորի նկատմամբ: Անհանդուրժողականություն ստի, կեղծիքի, լկտիության, ապօրինությունների նկատմամբ: Պաշտպանված իրավունքներ, պաշտպանված ինքնասիրություն, պաշտպանված արժանապատվություն...
Այս ամենը ես տեսնում էի գնացքի պատուհանից, այդ ամենի գոյության մասին էր վկայում ամեն տուն, ամեն հայացք, ամեն ծառ, ամեն մայրուղի, ամեն կամուրջ, ամեն կայարան:
Նայում էի գնացքի պատուհանից, ես տեսնում էի այդ ամենի հայաստանյան տարբերակը, այն ինձ համար իրական էր, շոշափելի, մոտակա... Բայց մոտակա չի նշանակում սկուտեղի վրա մատուցված: Ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցի այն երկիրը, որում մենք երազում ենք ապրել: Մենք պետք է կերտենք մեր ազատ Հայրենիքը, մենք պետք է կերտենք մեր Հայրենիքի ապագան:
Բայց սպասեք, ովքե՞ր են այդ «Մենք»-ը, ովքե՞ր են մտնում նրա կազմի մեջ: Գուցե «Իմպիչմենտ» դաշինքում ներգրավված ուժե՞րը, գուցե ՀՀՇ՞-ն, գուցե ՀԺԿ՞-ն, գուցե «Հանրապետությո՞ւնը», գուցե «Նոր ժամանակնե՞րը», գուցե «Հայ ազգային կոնգրեսում» ներգրավված ուժե՞րը:
Ինչպիսի~ անհեթեթություն, մտքերի ինչպիսի~ զազրելի ընթացք, ինչպիսի գայթակղությո~ւն, որին անհուսալիորեն տրվել են այսօր Հայաստանում իշխողները: Նրանք` կոալիցիայի մեջ մտած ուժերը եւ նրանց ուղղակի եւ անուղղակի սատարողները, ուրիշ բան չեն անում. նրանք կառուցում են իրենց երազած երկիրը. «Մենք կառուցում ենք մեր երազած երկիրը»,- ասում են նրանք: Ո՞րն է, ուրեմն, խնդիրը. խնդիրն այն է, որ նրանց ասած «Մենք»-ի մեջ մտնում են մի քանի կուսակցությունների վերնախավի ներկայացուցիչներ, օլիգարխներ, պալատական մտավորականներ: Նրանց «Մենք»-ի մեջ 10 հազար, լավ, 20 հազար, լավ, 100 հազար մարդ է մտնում, այն դեպքում, երբ երկիրն ունի 3 միլիոն քաղաքացի` Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս: Նրանց կառուցած երկիրը համապատասխանում է այդ 100 հազարի ցանկություններին, դա 100 հազարի երազած երկիրն է:
Ես գիտեմ, որ խիստ չափազանցնում եմ այդ թիվը, շատ եմ չափազանցնում: Որովհետեւ երազել եւ 5 հազար դրամով քվեարկել` տարբեր բաներ են: Այո, կան մարդիկ, ովքեր դրամ վերցնելով` քվեարկել են Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այո, նրանք ձայն են տվել Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց արդյո՞ք նրանք ձայն են տվել իրենց երազած Հայաստանին:
Այո, կան ոստիկաններ, որոնք կատարում են իշխանության ապօրինի հրահանգը, բայց արդյո՞ք նրանք այդպիսով կատարում են իրենց երազած Հայաստանի հրահանգը, արդյո՞ք նրանք ուզում են, որ իրենց զավակները ապրեն մի երկրում, որտեղ իրենց նման ոստիկաններ կան:
Նույնը ասենք քննիչին, դատախազին, դատավորին, հարկային տեսուչին: Նրանց կարող է սփոփել այն միտքը, թե իրենք իրենց տիտղոսները, պաշտոնները փոխանցելու են ժառանգաբար: Բայց սա արդեն 14-րդ դարի ֆեոդալիզմ է եւ անկախ սրանից 30 հազար մարդու երազած Հայաստան:
Իսկ ովքե՞ր պետք է մտնեն «Մենք»-ի կազմի մեջ. հայաստանցի յուրաքանչյուր քաղաքացի: Նրանք չեն տեղավորվի ոչ մի դահլիճում, ոչ մի սրահում` ֆուրշետի: Նրանք կտեղավորվեն միայն Ազատության հրապարակում` Հայաստանի սրտում: Մեր երազած երկիրը 3 միլիոն մարդու երազած երկիրն է, եւ այդ երեք միլիոնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր երազանքի մասին բարձրաձայնելու, իր երազանքը ուրիշների երազանքին խառնելու, ընդհանուր երազանքի ձեւավորմանը մասնակցելու ազատություն եւ հնարավորություն:
Այդ երեք միլիոն մարդը պիտի որոշի, ինքը պիտի որոշի, թե ում է վստահում իր երազանքի իրագործման ղեկավարումը, այդ երեք միլիոն մարդը պետք է կարողանա փոխել ղեկավարին:
Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները, ովքե՞ր են այդ երեք միլիոն թիմի անդամները: Դու ես, ես եմ, նա է: Իսկ ինչո՞ւ պետք է դու քեզ պատասխանատու զգաս ապագայի առաջ:
Որովհետեւ հետո, շատ հետո, հեռավոր մի օր քո որդին, քո դուստրը, անարդարությունից, բռնությունից, ամենաթողությունից կոտրված, հուսահատ ի վերջո հարցնելու է քեզ.
- Հայրի՛կ (մայրի՛կ), իսկ դու քո կյանքում ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես` ես լինելու հնարավորություն ունենամ:
Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.
-Ես, զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:
Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա քեզ, որովհետեւ նրանք կապրեն իմ ու քո` երեք միլիոն մարդու երազած Հայաստանում:
(շարունակելի)
No comments:
Post a Comment