Saturday, May 10, 2008

Հայի ազատագրված ոգին այնտեղ էր

Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ են:

Եռաբլուրը... Մեր հերոսների պանթեոնը: Երեւանում: Մեր հարգանքի տուրքը ի՞նչ է մի իրողության առջեւ, որի անունը Եռաբլուր է: Բայց ազատագրված տարածքները, արդեն 14 տարի խաղաղության մեջ ապրող Արցախը... Սրանց քաղաքական եւ պատմական նշանակությունը համարժեք է, երեւի, մեր հազարավոր տղաների թափած արյանը: Մեղա քեզ, Տեր:

Եռաբլուրը... Մեր հանդիպման վայրերից մեկը. ուր խաչվում են երեկն ու այսօրը: Մեր նվաճումներն ու մեր անելիքները: Մենք ու... մենք:

...1992-ի մայիսի 8: Ազատագրվեց Շուշին: Իրենց` «Սասուն» ջոկատն էլ էր այնտեղ կյանքի ու մահու կռիվ տալիս: Իսկ ինքը, որ ջոկատի կազմավորման առաջին օրից էր մարտի դաշտում, բացակա էր: Բուժվում էր: Վիրավորվել էր Կիչան-Սրխավենդում: Մարտի 12-ին: Այսինքն` Շուշիի գրավումից մոտ երկու ամիս առաջ: Իսկ մայիսի 8-ին իր ուրախությանը չափ չկար: Վիրավոր էր, ոտքերը` հաշմված, բայց երջանիկ: Թեկուզեւ ինքը բախտ չէր ունեցել մասնակցելու Շուշիի ազատագրմանը: Այս ազատամարտիկը այսօր էլ երջանիկ է, թեեւ իր հրամանատարը ձերբակալված է, բայց «ժողովուրդն արթուն է, համախմբված, միակամ, ու դա վերջին տասը տարվա մեր միակ համազգային ձեռքբերումն է»:

Երեկ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը վանատուրցիների հետ Երեւանում էր: Եռաբլուրում: Վանատուրցիները երեկ բաժանվել էին երկու մասի: Մի մասը եկել էր Եռաբլուր, մյուս մասը մնացել էր գյուղում, որպեսզի հանկարծ չլինի թե իրենց Ազատության հրապարակը դատարկ մնա: Հայ ժողովրդի` Վանատուրում բնակվող այս հատվածը ամեն ինչ անում է, զարմանալիորեն, քաղաքականապես հասուն քայլերով: «Բոլորն էլ ուզում էին գալ, բայց հրապարակում մարդ պիտի մնար, թե չէ կասեն` վանատուրցիները իրենց խոսքի տերը չեն: Ասել ենք, չէ՞, որ կանգնելու ենք ամեն օր ու մինչեւ հաղթանակ: Ուրեմն` կանգնելու ենք: Իսկ Եռաբլուր չէինք կարող չգալ: Մեր հերոսների մի մասն այստեղ է հանգչում: Վաղն էլ գնալու ենք «Սասուն» ջոկատի մեր զոհված տղաների հիշատակին Վանատուրում կանգնեցված հուշարձանին ծաղիկներ դնելու», - ասացին վանատուրցիները: Իսկ ինքը` Արշավիր Բոզինյանը ի՞նչ զգացողություններ ունի, երբ այցելում է Եռաբլուր. «Անդրանիկ զորավարն այստեղ է: Սպարապետը, իմ եղբայրների, իմ մարտական ընկերների մեծ մասն այստեղ են` Եռաբլուրում: Նրանք մեր սրբություններն են: Եվ ինչքան ապրեմ, գալու եմ Եռաբլուր: Դա իմ պարտքն է: Ամեն գալով ավելի եմ լիցքավորվում, մանավանդ, որ տեսնում եմ, թե ինչպես է ժողովուրդը հարգում իր հերոսներին:

Ես պարտավոր եմ այստեղ լինել: Պիտի միշտ գամ, որ իմ երեխաները այս ճանապարհը չմոռանան»:

Արշավիր Բոզինյանը երեկվանից մայիսի 8-ը եւ 9-ը հայտարարել է սգո օրեր, իսկ մեկ շաբաթով` հացադուլ: Նա գլխին սեւ ժապավեն էր կապել. «Այս օրերը տոնական են, իհարկե, քանի որ մեր հաղթանակն են խորհրդանշում: Բայց եւ սգո օրեր են ինձ համար, քանի որ իմ հրամանատարը եւ մյուս ազատամարտիկներն ու տղաները, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակում, բանտարկված են: Բանտարկված են մի երկրում, որի անկախության համար պայքարեցինք, անկախության ու ժողովրդավարության հիմքը դրեցինք` հրամանատարությամբ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ որի ներկայիս իշխանությունը երեւակայում է, թե կարեւորում է ժողովրդավարական արժեքները»:

Արշավիր Բոզինյանի հետ հացադուլ է հայտարարել նաեւ վանատուրցի, «Սասուն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրի Ժանետա Ներսիսյանը: Վերջինս ասաց, որ Վանատուրից շատերն են ուզում միանալ հացադուլին. «Ուզում են, եւ մենք չենք կարող մարդկանց արգելել: Իհարկե, չի կարելի թույլ տալ, որ տարեց մարդիկ հացադուլի նստեն: Ինչ վերաբերում է ժամկետին` ցույց կտա ժամանակը: Առայժմ` մեկ շաբաթով: Իսկ պահանջը նույնն է. ազատ արձակել Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»:

...Երեկվա օրը ազատագրվեց Շուշին: Երեկվա օրը Եռաբլուրում հայի ազատագրված ոգին էր: Երեկվա օրը արդեն որերորդ անգամ հոգիները հանդիպեցին: Մեր եւ... մեր:

No comments: