Saturday, May 24, 2008

«Ես այդքան համբերատար ու հանդուրժող չեմ, որքան Րաֆֆին»

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը խիստ մտահոգում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին: «Ա1+»-ին հայտնելով, որ ինքը հյուրի կարգավիճակում է Հայաստանում, նա իր մտահոգությունը հայտնեց իբրեւ հայ մարդ. «Դա մեծ ողբերգություն էր (նկատի ունի մարտի 1-ը-խմբ): Ես չեմ կարող ասել` ով է մեղավոր, ով է արդար: Կարծում եմ` մեղավոր ենք բոլորս, որ թույլ տվեցինք հասնել այս աստիճանին: Սփյուռքը ցնցված է, որ իր սիրելի մայրաքաղաքում արյուն թափվեց»:

Որպես լուծում պարոն Հովհաննիսյանն առաջարկում է միմյանց ներելու ճանապարհը. «Պետք է հանդուրժենք միմյանց եւ չպատժենք: Զոհեր եղան եւ ժողովրդի, եւ ոստիկանության կողմից: Եթե շարունակվեն մարդկանց բանտերում պահել, ապա ցավն ու ատելությունը ավելի կմեծանա»:

Նրան մտահոգում է նաեւ Հայաստանից շարունակվող արտագաղթը: Իսկ հնարավո՞ր է, որ Ռիչարդ Հովհաննիսյանն էլ հետեւի իր որդու` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին եւ մշտական բնակություն հաստատի Հայաստանում. «Ա1+»-ի հարցին` Ռիչարդ Հովհաննիսյանը կատակելով պատասխանեց. «Հավանաբար ես չէի կարող, ես այդքան համբերատար ու հանդուրժող չեմ, որքան Րաֆֆին»: Քանի որ պարոն Հովհաննիսյանը Հայաստան է ժամանել 1918թ. մայիսի 28-ի` Առաջին հանրապետության հիմնադրման օրվա առիթով` այսօր ամփոփեց մեր վերջին 90 տարվա պատմությունը եւ նշեց. «Այս փոքրիկ պետության ստեղծումը այն ժամանակ անսպասելի էր, քանի որ ամբողջ հեղափոխական շարժումը, Հայկական հարցը կենտրոնացված էր Արեւմտյան Հայաստանում: Մեր ամբողջ մտավորականությունը, ղեկավարները, որտեղ էլ որ լինեին` Թբիլիսիում, Պոլսում, չէին մտածում Արեւմտյան Հայաստանի մասին եւ չէին կարծում, որ կարող են համախմբվել Երեւանի շուրջ, եւ Երեւանը կդառնա մայրաքաղաք: Երբեմն պատմությունը խաղեր է խաղում: 10 հազար քառ կմ-ով ստեղծվեց այս փոքրիկ պետությունը եւ հասավ մինչեւ Արարատի փեշերը եւ դարձավ 50 հազար քառ. կմ: Մենք հույս ունեինք, որ մենք պետք է ելք ունենայինք դեպի ծով` Արեւմտյան Հայաստանը կապելով Արեւելյանին, ինչը տեղի չունեցավ»:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ մայիսի 28-ի խորհուրդը խորացնելու անհրաժեշտություն ունի. «Հայրենասիրությունը պետք է խորանա ու զարգանա ժողովրդի մեջ, սակայն դրա համար ժողովուրդը պետք է ազատված լինի առօրյա հոգսերից, չմտածի արտագաղթելու համար»: Պարոն Հովհաննիսյանին զարմացնում է այն փաստը, որ ամենամեծ սգո` ապրիլի 24-ին` 1915թ. Հայոց ցեղասպանության օրը, Երեւանում խանութներն աշխատում են, ինչը նա բացատրում է այն իրողությամբ, որ նույնսկ այդ օրը մարդկանց սոցիալական վիճակը նրանց թույլ չի տալիս մոռանալ առօրյա հոգսերը: Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր երկրներում էլ հասարակությունը նույն հավասար սոցիալական պայմաններում չէ, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում անհավասարություն ավելի ակնհայտ է. «Փողոցներում այնպիսի տպավորություն է, որ անապահովների մասին մտածող չկա, իսկ դա մեր իշխանությունների խնդիրն է: Ես այստեղ հյուր եմ, սակայն ինձ մտահոգում է երկրի վիճակը»:

Նա նաեւ նշեց, որ ավելի մեծ հարգանք ուներ 1918թ. առաջին հանրապետթյան ղեկավարների նկատմամբ, քան ներկայիս: «1918թ. ղեկավարները եկան դրսից` տառապելու իրենց ժողովրդի հետ. ոչ մի ղեկավար, ոչ մի վարչապետ չշահագործեց իր պաշտոնը, որպեսզի անձանապես օգուտ ստանա, հարստանա, դրսից եկած նպաստը օգտագործի իր հարազատների,ազգականների հանգիստ կյանքի համար: Նրանք տառապեցին եւ մեռան իրենց ժողովրդի կողքին: Օրինակ` Արամ Մանուկյանը մահացավ տիֆից»:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ինչ վերաբերում է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա նա գտնում է, որ ճանաչման առումով ընթացքի մեջ է, սակայն կարծում է, որ չափից ավելի գումար է տրամադրվում լոբբիի համար. «Երբեմն ես մտածում եմ, որ դա ավելորդ աշխատանք է, որովհետեւ այդ նույն միլիոնները կարող ենք տրամադրելու մշակույթին, դպրոցներին, հայապահպանման աշխատանքին»: Պատմաբանը վստահ է, որ ավելի է դժվար է լինելու, երբ սկսեն խոսել ոչ թե ցեղասպանության ճանաչման, այլ հատուցման մասին: «Մենք ասում ենք ճանաչեք ցեղասպանությունը, սակայն դա մեզ չի բավարարում: Որքան ժամանակ անցնի, ավելի բարդ է լինելու խնդիրը, քանի որ ցեղասպանություն վերապրածների թիվը գնալով պակասում է: Դրական այն է, որ որոշ թուրք գիտնականներ այսօր չեն ընդունում իրենց իշխանության, կառավարության առասպելները ցեղասպանության մասին: Մենք պետք քաջալերենք այդ գիտնականներին, որպեսզի ներսից ուրացման քաղաքականությունը մերժվի: Ի վերջո, Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Իսկ թե ինչ տեսքով կլինի այդ փոխհատուցումը, ապա պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ դա ՀՀ կառավարության խնդիրն է. «Մեր նախորդ նախագահը այնպիսի մի բան հայտարարեց, որ ես զարմացա: Նա ասաց` քանի որ 1915թ.-ին Հայաստան գոյություն չուներ, մենք տարածքների պահանջ չենք կարող դնել: 1945թ. Իսրայելն էլ պետություն չուներ, սակայն այդ հարցը մինչ օրս բարձրացնում էր: Ես գտնում եմ, որ մեր կառավարությունը պետք է բարձրացնի փոխհատուցման հարցը: Գուցե դա տարածքային փոխհատուցում չլինի, սակայն առնվազն պետք է վերակառուցել մեր մշակութային կոթողները»: Թեեւ պարոն Հովհաննիսյանը չնշեց, թե ով էր հայտարարության հեղինակը, սակայն բոլորին է հայտնի, որ այդ հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր, որ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդգրկել էր արտաքին քաղաքականության օրկարգում:

Ի դեպ, պարոն Քոչարյանը ոչ միայն հայտարարել էր,. որ տարածքային պահանջ չունի Թուրքիայից, այլեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը արտաքին օրակարգ ընդունելու առիթով` ժամանակին Տեր-Պետրոսյանին ասել էր, որ ինքը չգիտի, թե ինչ է ցեղասպանությունը, սակայն վստահ է, որ եթե այն ընդգրկվի արտաքին օրակարգում, ապա սփյուռքը մեծ գումարներ կտրամադրի Հայաստանին: Այս հարցի առնչությամբ պարոն Հովհաննիսյանն «Ա1+»-ին ասաց. «Սփյուռքը գումար է տրամադրում միայն նրա համար, որ սիրում է իր հայրենիքը, սակայն երբ տեսնում է, որ որոշ նախարարներ, նախագահի հարազատներ սփյուռքում մեծ շինարարություն են կատարում` հարց է առաջանում, թե որտեղից այդ գումարները եւ կասկածներ են առաջանում: Ուրախանում են, որ համահայկական հիմնադրամը 10 միլիոն է հավաքել, բայց ամոթ է, որ հզոր սփյուռքը այդքան չնչին գումար է տրամադրում: Սփյուռքը սկզբում շատ մեծ ոգեւորությամբ եկավ Հայաստան մեծ ներդրումներ անելու, սակայն կարճ ժամանակ անց իրեն խաբված զգաց: Այսօր Սփյուռքի կարողության մի չնչին մասն է միայն Հայաստանին տրամադրվում: Փոխադարձ վստահության պետք է լինի»:

Նա գտնում է, որ հայ ժողովուրդը պետք է աշխարհին ներկայանա ոչ թե սգալով` զոհի կարգավիճակով, այլ` կառուցելով, զարգանալով:

No comments: