Wednesday, May 21, 2008

Ազատամարտիկի մայրն ուշաթափվեց դատարանում

Մարտի 1-ին ոստիկանին իբր հրելու մեղադրանքով դատվող Արցախյան պատերազմի հրամանատարներից Խաչիկ Գասպարյանի դատավարությունը երեկ անսպասելի ընդմիջվեց. ազատամարտիկի 59-ամյա մայրն ուշաթափվեց դատարանի դահլիճում, երբ մեղադրող դատախազ Աշոտ Նադոյանը սառնասրտորեն պատվեր կատարողի տոնայնությամբ պահանջեց 2.5 տարվա ազատազրկման ենթարկել ազատամարտիկին:

Տեսնելով Խաչիկ Գասպարյանի մոր վիճակը` դահլիճն իրար անցավ, բողոքն արտահայտեց «ամոթ դատախազին» վանկարկումներով, ով ինչ դեղ ուներ բերեց, որ օգնություն ցույց տա տարեց կնոջը: Ավելի ուշ շտապօգնություն եկավ: Դատավորը ստիպված էր ընդմիջել դատը:

«Մենք երդվյալ ազատամարտիկ ենք, ոչ թե ինչ-որ մեկի փեշի տակի նստած, ու մենք առավել սիրում ենք մեր հայրենիքը: Ես մեկուսարանում գտնվում եմ այդ հայրենիքի համար` զուտ իմ քաղաքական հայացքների համար», - երեկ դատարանում ցուցմունք տալով` հայտարարեց Խաչիկ Գասպարյանը: Իսկ երբ ազատամարտիկը նկարագրում էր, թե ինչպես են իրեն ոստիկանները ծեծել մարտի 1-ի առավոտյան, դահլիճում շատերը ցնցված էին: «Ինձ բռնությամբ դուրս հանեցին եւ սկսեցին մահակներով ծեծել ու գոռում էին, թե Սասուն Միքայելյանին ենք բռնել», - պատմեց Արցախյան ազատամարտում երեք անգամ ծանր վիրավորված, հայրենիքին ծառայելու համար բազմաթիվ պարգեւների արժանացած Խաչիկ Գասպարյանը: Մարտի 1-ի առավոտյան նրան Արշակունյաց պողոտայում ոստիկանները տաքսուց իջեցրել ու դաժանաբար ծեծել են` էլեկտրաշոկի ենթարկելով: Երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկն ուշաթափվել է, նրան ուշաթափված վիճակում դրել են ոստիկանական մեքենա ու տարել Կենտրոնի ոստիկանություն: Երբ ուշքի է եկել, տեսել է մատները ջարդված են ու ամուսնական մատանին չկա, ունքից ու մարմնի տարբեր տեղերից արյուն է գալիս: Դատաբժիշկները վնասվածքներն ուսումնասիրել ու արձանագրել են 12-13 օր հետո միայն: Գասպարյանի խոսքերով` ծեծը շարունակվել է մեքենայում, ինչպես նաեւ Կենտրոնի ոստիկանությունում: «Որ տեսնեմ, կճանաչեմ, Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներ էին, մի փոխգնդապետ մահակով մի քանի հոգով ծեծում էին: Իսկ էստեղ եկած վկաներին ընդհանրապես չեմ տեսել», - ասաց քաղբանտարկյալը: Նրա խոսքերով, ոստիկանությունում իր հետ եղել ու իրեն ծեծված տեսել են Մուշեղ Սաղաթելյանը, Սամվել Հարությունյանը, Ավետիք Ներսիսյանը եւ մի քանի այլ անձինք: Բերման ենթարկված ազատամարտիկը վատացել է ոստիկանությունում, արդեն Էրեբունու բաժնում, ուր նրան տեղափոխել էին ավելի ուշ, շտապօգնություն կանչել են ժամը 15.30-ին միայն: Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկը պնդել է, որ Գասպարյանը անպայման պետք է հիվանդանոց տեղափոխվի, անկողնային ռեժիմ է անհրաժեշտ նրան, ոստիկանության աշխատակիցները վիճաբանել են ու չեն թույլատրել, որ Գասպարյանը անհրաժեշտ բուժօգնություն ստանա: Դատաբժշկական եզրակացության մեջ գրված է, որ Գասպարյանը ուղեղի ցնցում է ստացել, գլխի պատռվածք, կոտրվել են ողնաշարի 4-5 ողերը, ձեռքը, մատները: Յուրաքանչյուր նորմալ երկրում նման եզրակացությունը բավարար կլիներ, որ ոստիկանների դեմ քրեական գործ հարուցվի: Երեկ, սակայն, դատարանը հետաձգեց, ապա առանց քննության թողեց պաշտպան Ամալյա Ավագյանի միջնորդությունը` Խաչիկ Գասպարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ: «Չի բխում քրեական գործի հիմքերից, հանգամանքները չեն բխում քրգործի տվյալներից, ուստի պետք է մերժել», - սառնասրտորեն հայտարարեց մեղադրողը: Պաշտպանը միջնորդեց որպես վկա դատակոչել Գասպարյանի հետ Կենտրոնի ոստիկանությունում եղած անձանց, որոնք կարող են փաստել որ ժամին, ինչպես են բերել Գասպարյանին Կենտրոնի բաժին եւ ինչպես են ծեծի ենթարկել նրան: Մասնավորապես` խոսքը նույն օրը Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված Մուշեղ Սաղաթելյանի, Սամվել Հարությունյանի, Ավետիք Ներսիսյանի, Սարգիս Պարունակյանի մասին է: Ըստ մեղադրողի` «նրանք գործով նշանակություն ունցող որեւէ տվյալի չեն տիրապետում»: Դատավորը մերժեց միջնորդությունը:

Երեկ դատարանում վկայություն տվող վկա ոստիկանները փաստեցին մեկ բան. որ նրանց նախաքննական ցուցմունքները նախապատրաստվել են այլ մարմնի կողմից եւ իրենց հորդորել են ստորագրել դրանց տակ: Համենայնդեպս, երկու վկաների խոսքերը նախաքննական ցուցմունքների հետ կապ չունեին: Տպավորությունն այնպիսին է, որ մարտի 1-ի գործով բազմաթիվ փաստեր կան հենց ոստիկանների դեմ, ու նրանց այսօր ստիպում են գնալ դատարաններում շինծու ցուցմունքներ տալ` քրեական պատասխանատվության չենթարկվելու համար: Երեւանի ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկաններից Ժորա Համբարձումյանը երեկ դատարանի դահլիճում մեկ ճանաչում էր, մեկ չէր ճանաչում Խաչիկ Գասպարյանին: Ասաց` ինքը հերթապահ է եղել մարտի 1-ին, ժամը 7-7.30 սահմաններում մարդկանց են բերել բաժին: Դատախազի հարցին, թե դրանց մեջ եղե՞լ է Խաչիկ Գասպարյանը` պատասխանեց. «Խաչիկ Գասպարյանը ո՞ր մեկն ա», հետո հավելեց. «Հա եղել է»: Սկզբից ասաց, տեղյակ չի, չի հետաքրքրվել, ինչի համար են բերել, կողքից ասել են, թե բերվածները մասնակցել են անօրինական միտինգներին, նախաքննական ցուցմունքում երկարաշունչ նախադասություններով սահմանել էր Խաչիկ Գասպարյանի մեղքը` զարմանալիորեն կրկնելով նախաքննական մարմնի եզրակացությունն ու տվյալները: Տեսնելով` վկայից բան դուրս չի գալիս, մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, որը ակնհայտ կապ չուներ վկայի` դատարանում տված ցուցմունքի հետ: Պաշտպանի հարցին, թե ինքը բռնության հետքեր տեսե՞լ է ոստիկանների վրա, վկան պատասխանեց` ոստիկանների շորերը քաշքշված էին: Էրեբունու ոստիկան Հայկ Սարգսյանը նույնպես շատ բան «չէր հիշում», ուստի դատախազն իր հարցադրումներով ստիպեց, որ ընդունի նախաքննական ցուցմունքը:

«Ամբողջ Հայաստանին, նույնիսկ աշխարհին է պարզ, որ շինծու դատեր են սրանք, ձեր պատվիրատուն է ճնշում գործում ձեզ վրա, որ ինձ հենց հիմա դատեք», - պատասխանելով դատախազի հարցին հայտարարեց ազատամարտիկը:

Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ մայիսի 22-ը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Zhamanak.com

No comments: