Tuesday, May 13, 2008

Շփոթել էին Սասուն Միքայելյանի հե՞տ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին ներկաները ոտնկայս ու ծափողջուններով դիմավորեցին: Շուրջ 5 րոպե անընդմեջ հնչող ծափերը ընդհատվեցին դատավոր Գագիկ Ավետիսյանի դատարան մտնելիս:

Սակայն մի քանի քաղաքացիների ոտքի չկանգնելը դատավորին զայրացրեց եւ վերջինս դատը չսկսեց, մինչեւ դուրս չարեց «կարգազանցներին», որոնցից մեկն էլ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը:

«Վատ եմ զգացել, նստել եմ, ի վիճակի չեմ եղել եւ հիմա չեմ դուրս գա»,-դժգոհում էր Մելիսա Բրաունը, որին ոստիկանները ձեռքից բռնած դուրս հանեցին: Դատավորն էլ հայտարարեց, թե դատը սկսելուց հետո ոչ մեկին չթույլատրել մտնել դատարանի դահլիճ:

Արարատի Գետափնյա գյուղի բնակիչ, Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, 41-ամյա Խաչիկ Գասպարյանը մեղադրվում է 316 հոդվածի 1-ին մասով: Ըստ առաջադրված մեղադրանքի` նա մարտի 1-ին ժամը 06-ին, երբ ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Ազատության հրապարակ եւ պահանջել անօրինական միջոցառման դադարեցում, Գասպարյանը չենթարկվելով` հարձակում է գործել ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Երբ սկսվեց դատական նիստը, Խաչիկ Գասպարյանի հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը հանդես եկավ միջնորդությամբ`դատարանից պահանջելով կարճել իր պաշտպանյալ Խաչիկ Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

«Իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչել եւ տվել է ցուցմունքն, որ ինքը ներկա չի եղել մարտի 1-ին առավոտյան ժամը 6-ին Ազատության հրապարակում: Նա որպես վկա եւ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ այդ օրը եղել է իր ընկերուհու տանը»,- միջնորդության մեջ նշեց Ամալյա Ավագյանը, ապա հավելեց, որ Խաչիկ Գասպարյանը առավոտյան ժամը 9:30-ին տաքսիով Նոր Նորքի զանգվածից իջել է Արշակունյաց պողոտա, որտեղ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, նրան դուրս են հանել, դաժանաբար ծեծի ենթարկել` պատճառելով նրան ծանր մարմնական վնասվածքներ, այնուհետեւ տարել Կենտրոն ոստիկանություն, այնտեղից էլ Էրեբունի ոստիկանություն:

«Նրա քրեական հետապնդումը կապված է նրա քաղաքական հայացքների հետ, մասնավորապես նրա համար, որ նա ԵԿՄ անդամ է, մասնակցել է հանրահավաքներին եւ սատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ քրեական գործը հարուցելուց հետո էլ նրա ընտանիքին սպառնացել են Արարատի մարզի Գետափնյա գյուղի գյուղապետը եւ ոստիկանությունը` ուղղակի ասելով, որ ձեզ բոլորիդ պիտի դատենք, որ ընտրել եք Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց փաստաբան Ամալյա Ավագյանը: Նա նաեւ միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Երկու միջնորդությունն էլ դատարանը հետաձգեց` համարելով ոչ ժամանակին:

Ի դեպ, ըստ ամբաստանյալի հարազատների, Խաչիկ Գասպարյանը այսօր հայտնվել է դատարանում, քանի որ նրան ոստիկանները շփոթել են ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ: Երբ պարզվել է թյուրիմացությունը, ոստիկանները նրան ազատ արձակելու փոխարեն, «գործ են սարքել»

Դատական նիստը կշարունակվի մայիսի 19-ին, ժամը 12:30-ին:


A1+

No comments: