
Ազատամարտիկը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` փետրվարի 26-ին նրա բնակարանից հայտնաբերվել է 7-62 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Այդ 30 փամփուշտի համար Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման:
Երբ հրամանատարին դատական նիստերի դահլիճ բերեցին, ներկաները ոչ միայն նրան ծափերով դիմավորեցին, այլեւ` սկսեցին բարձր վանկարկել. «Ազատություն, ազատություն»:
Վանկարկումները շարունակվեցին անգամ դատավորների գալուց հետո եւ միայն նախագահող դատավոր Մարգարիտա Սիմոնյանի` մի քանի անգամ հորդորներից հետո նրանք լռեցին: Հովհաննես Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել ձեռնաշղթաներով: «Նայեք եղբորս ոտքերի կանդալները: Ո՞ւմ ոտքերն եք կանդալում: Նա կարո՞ղ է փախնի, երկիր է պաշտպանել»,-չդիմացավ հրամանատարի քույրը:
Դատը հետաձգվեց սկսվելուց անմիջապես հետո. փաստաբան Վարդան Զուռնաչյանը, որը ներկայացրել էր վերաքննիչ բողոքը, անհայտ պատճառով չէր ներկայացել դատական նիստին: Բացի այդ Հովհաննես Հարությունյանը դատարանից պահանջեց իբրեւ փասաբան ներգրավել եւս մեկ փաստաբանի` Հովիկ Արսենյանին:
Դատարանը բավարարեց պահանջը, սակայն զգուշացրեց, որ հաջորդ նիստին Հովիկ Արսենյանը պատրաստ ներկայանա եւ չպահանջի լրացուցիչ ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար:
Հաջորդ նիստը կլինի մայիսի 22-ին, ժամը 11:30-ին:
Ի դեպ, Հովհաննես Հարությունյանի կինը` Անժելա Ալավերդյանը, մի քանի օր առաջ գրավոր դիմել էր Վերաքննիչ քրեական գործերով դատարանի դատավոր Մարգարիտա Սիմոնյանին, որպեսզի այսօր տրամադրվեր մեծ դահլիճ:
Նա ոչ միայն պատասխան չէր ստացել, այլեւ դատն այսօր կրկին նույն փոքր դաճլիճում անցկացվեց:
Ինչո՞ւ չի բավարարվել պահանջը` հարցին Մարգարիտա Սիմոնյանը պատասխանեց, որ տեխնիկական պատճառներով իրենք միշտ այդ նույն դահլիճում են դատերը լսում, եւ խոստացավ նաեւ գրավոր պատասխանել նամակին:
Նշենք, որ նույն հիմնավորմամբ հետաձգվել էր նաեւ Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով վերաքննիչ դատավարությունը, քանի որ նա եւ պահանջել էր երկրորդ փաստաբան: Ինչպես Հովհաննես Հարությունյանի, նրա շահերն էլ առ այսօր պաշտպանում էր փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
A1+
No comments:
Post a Comment