Մեղադրյալներ Գավառում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարանբերեցին ձեռքերն ու ոտքերը շղթայված: Այնուհետեւ նրանց ոտքերը շղթայեցին սեղանի տակ հատուկ նախատեսված ձողին:
Դահլիճում ներկաները ամբաստանյալներին ծափողջյուններով դիմավորեցին, իսկ դատավորը դրան արձագանքեց` «Կրկե՞ս եք եկել, թե՞ թատրոն, որ ծափահարում եք»:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը եւ Սիմոն Ամիրխանյանը մեղադրվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ՀՀ նախագահի ընտրություններին ձայներ կեղծելու մեջ:
Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել էր երեքական տարի կալանավորման: Նրանցից բացի նույն հանցանքի մեջ մեղադրվում էր 22/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայցյանը, որը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել՝ մեկ տարի պայմանական փորձաշրջանի կիրառմամբ:
Դատական նիստը դեռ չսկսված՝ ներկա գտնվողները դատարանից պահանջեցին տրամադրել էլ ավելի մեծ դահլիճ, քանի որ ոչ բոլոր ցանկացողները կարող էին ներկա գտնվել գործի քննությանը: Պարբերաբար հնչող այս պահանջը դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից անտեսվեց, սակայն նա թույլատրեց բոլոր ցանկացողներին թեկուզ կանգնած ներկա գտնվել դատական նիստին: Ներկաների մեջ էին նաեւ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Դատապաշտպան Սեդա Սաֆարյանը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնք մեկը մյուսի հետեւից դատավորի կողմից մերժվեցին՝ «անհիմն լինելու» պատճառաբանությամբ:
Առաջին միջնորդությունը վերաբերում էր Գեղարքունիքի մարզային դատախազ Վահրամ Մարգարյանին բացարկ հայտարարելուն, քանի որ նա «ակնհայտորեն պաշտպանում էր իրական կեղծարարին՝ Հռիփսիմե Հայցյանին եւ ամբողջ մեղադրանքը բարդում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա»:
Դատախազն արդարացավ՝ ասելով, որ մեղադրյալներն ու նրանց դատապաշտպանն ամեն կերպ փորձում են քրեական այս գործը քաղաքականացնել: Դատական նիստին ներկա գտնվողները դատախազի ասածների եւ հայտարարությունների ժամանակ պարբերաբար պոռթկում էին ու ամոթանք տալիս նրան, իսկ մեղադրյալներին՝ ամեն կերպ քաջալերում: Ներկա գտնվողներից մեկը հանկարծ վեր թռավ տեղից ու բարկացած բղավելով դուրս եկավ դահլիճից՝ ասելով, որ չի կարող լսել դատախազի ստերը:
Հաջորդ միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, եւս մերժվեց: Ըստ դատախազի՝ դա արդար որոշում էր, քանի որ մեղադրյալներն ազատության մեջ գտնվելով կարող են խոչընդոտել դատաքննությանը: Այնուհետեւ դատապաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն անձամբ երաշխավորագիր է ներկայացնում, որ Կարապետյանն ու Ամիրխանյանը գրավի դիմաց եւ բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ազատ արձակվեն: 15 րոպե խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց այս միջնորդությունը եւս մերժել: Միջնորդությունների մերժումից հետո Սիմոն Ամիրխանյանը դատարանին առաջարկեց ժամանակ չկորցնել եւ միանգամից կատարել քաղաքական պատվերը՝ հրապարակել դատավճիռը:
No comments:
Post a Comment