Բումերանգը մի գործիք է կամ խաղալիք, ինչը նետելուն պես պետք է ակնկալես դրա սլացիկ վերադարձը: Եվ որսորդը հաջողությամբ դառնում է զոհ:
Խոսքս չեմ ուղղում անզուգական ավազակապետերին` բարոյականություն քարոզող անբարո մարդասպաններին. իրենց տղամարդ երեւակայող, բայց սեփական ժողովրդից զորքով պաշտպանվող վախկոտներին. սահմանափակ բառապաշարով թերուսներին: Դրանց բումերանգն արդեն իսկ հարվածել է: Խոսքս ուղղում եմ մյուսներին: Նրանց, ովքեր ինքնամաքրման հնարավորություն դեռեւս ունեն:
Կոչով եմ դիմում մեր դատավորներին:
Մի՛ դատեք անմեղ մարդկանց: Վաղ թե ուշ քաղբանտարկյալների նկատմամբ շինծու մեղադրանքներով այդ գործերը կմերժվեն Եվրադատարանում, իսկ դուք ոչ միայն կվարկաբեկվեք մասնագիտորեն, պաշտոնանկ կարվեք կամ կտուգանվեք, այլ ինքներդ կհայտնվեք քրեական հանցագործի կարգավիճակում:
Կոչով եմ դիմում մեր ոստիկաններին:
Մի՛ պաշարեք Ազատության հրապարակը, կեղծ վկայություն մի՛ տվեք ու զբոսնողներին բերման մի՛ ենթարկեք: Վաղ թե ուշ ձեր երեխաները կամաչեն ոստիկանական համազգեստը պատվազրկող իրենց հայրերից:
Կոչով եմ դիմում ԱԺ պատգամավորներին:
Մի՛ դարձեք տհաս խոսնակի խամաճիկ ու մի՛ զրկեք ձեր գործընկերներին անձեռնմխելիությունից: Չէ՞ որ մի օր էլ դուք` քաղաքական հայացքների համար մեկուսարաններում անմարդկայնորեն ծեծված, կարող եք հայտնվել խորհրդարանի ամբիոնում եւ հայցել ողջամտություն: Իսկ դրա փոխարեն` ոլորված եւ շղթայված ձեռքեր:
Կոչով եմ դիմում պատասխանատու լրատվամիջոցներին:
Մի՛ հեռարձակեք այնպիսի նողկալի սուտ կամ ստոր զազրախոսություն, որի անբարոյականության տակից հետո դժվար լինի դուրս գալ: Չե՞ք մտածել, որ Շարժումը կարող է հաղթել մինչեւ ձեր արտոնագրերի ժամկետների լրանալը, իսկ նորերը կտրվեն ըստ մասնագիտական որակների, այլ ոչ պնակալեզության չափանիշների:
Կոչով եմ դիմում նունե-եսայաններին:
Մի՛ հեգնեք, թե մարտիմեկյան զոհերը իրենք են մեղավոր իրենց մահվան մեջ, քանի որ ճիշտ պահին ճիշտ վայրում չէին: Չե՞ս կարծում, որ այսպիսի պարզունակ ու էժանագին մտադատողությամբ մի օր էլ դու կամ քո վարսավիրանոցը կարող եք հատնվել ոչ ճիշտ պահին ոչ ճիշտ վայրում: Ի վերջո, այդ զոհերի նման մարդիկ են այցելում քո համերգները եւ քեզ կուշտ ու ապահով կյանքով ապրելու հնարավորություն տալիս:
Կոչով եմ դիմում հոգեբաններին, պատմաբաններին …
Մի՛ փնովեք ու վարկաբեկեք Համաժողովրդական շարժումը: Նույն կերպ էիք վարվում նաեւ 88-ին: Շուտով ստիպված եք լինելու կրծքով պաշտպանել Շարժումը եւ գրել գիտական թեզեր ժողովրդական ազատատենչ ընդվզման վերաբերյալ:
Դավիթ Կ.
No comments:
Post a Comment