Friday, May 16, 2008

Հինգ ազատամարտիկ հետևեցին իրենց հրամանատարի կոչին

Արդեն չորս օր է` շարունակվում է շիրակցի ատամարտիկների հացադուլը: Անժամկետ հացադուլին ի սկզբանե մասնակցում էին 14 ազատամարտիկ, այսօր նրանցից հինգն առողջական խնդիրների պատճառով դուրս են եկել հացադուլից, իսկ մնացածներն հացադուլից դուրս կգան առաջիկայում:

Ազատամարտիկներն այս քայլին գնալու են այն պարզ պատճառով, որ իրենց հրամանատարը Աշոտ Զաքարյանը հրամայել է դադարեցնել հացադուլը: Նշենք, որ այս օրերին շատ քաղաքական ուժեր են իրենց բարոյական աջակցությունը ցուցաբերել հացադուլավորներին, իսկ այսօր նրանց այցելել են ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Մանուշակ Պետրոսյանը եւ ազատամարտիկների առողջական վիճակով մտահոգ երեւանաբնակ քաղաքացիներ:

Անժամկետ հացադուլ հայտարարելուց հետո ազատամարտիկները վստահեցնում էին, որ հացադուլից դուրս կգան միայն այն դեպքում, եթե նման կոչ իրենց անի իրենց հրամանատարն ու ազդեցիկ եւս որոշ մարդիկ: Աշոտ Զաքարյանն նման հրաման հացադուլավորներին տվել է, սակայն նրանցից միայն հինգն են հացադուլը դադարեցրել: ԵԿՄ անդամ Արմեն Զաքարյանն ասում է, որ իրենց հրամանատարի հրամանը քննարկման ենթակա չէ, հացադուլը դադարեցրած ընկերներին կմիանան մի քանի օրից, մինչեւ հետագա անելիքները հստակեցնեն:

Արմեն Զաքարյանն ասում է, որ հացադուլը դադարեցրած ազատամարտիկներն այդ քայլին գնացել են միայն առողջական վիճակի պատճառով: Նրանք հիմնականում եղել են առաջին, երկրորդ կարգի հաշմանդամներ, ըստ այդմ` հացադուլը շարունակելու պարագայում առողջության վատթարացումն անխուսափելի կլիներ:

Հացադուլավորների առողջական վիճակին գրեթե ամբողջ օրն հետեւում է ազատամարտիկների մարտական ընկեր, մասնագիտությամբ բժիշկ Հարություն Կիրակոսյանը: «Չէի կարող իրենց կողքին չլինել, իմ պարտքն եմ համարում օգնել ազատություն պաշտպանող մարդկանց: Պատկերացրեք առաջին, երկրորդ կարգի հաշմանդամներ, ուզում են նորից պայքարել: Հիմա որ իրենց նորից զենք տաս` կելնեն կկռվեն»,-ասաց նա:

Իսկ թե երբ կդադարեցնեն ազատամարտիկները հացադուլը, պարզ կդառնա առաջիկա օրերին` գործողությունների ռազմավարությունը հստակեցնելուց հետո միայն:

Գյումրիի «Ցայգ» հ/ը

No comments: