Friday, May 16, 2008

Արամ Կարապետյանի կյանքը վտանգված է (լրացված)

«Հենց սկզբում պարզվեց, որ ես գործ ունեմ սրտանոթային բարձ ռիսկի պայմաններում գտնվող սրտային հիվանդի հետ: Ճնշման ցանկացած բարձրացման ժամանակ կարող է հանգեցնել սրտանոթային մահացության»,- այսօր հայտարարեց «Էրեբունի» բժիշկական կենտրոնի սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանը, որը երեկ այցելել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին եւ անձամբ զննել նրան: Պարոն Գասպարյանը մեկուսարան է այցելել Արամ Կարապետյանի հարազատների հրավերով: «Նախ իրականացրեցինք էլեկտրասրտագրություն, որի վրա հայտնաբերեցինք սրտի միջնապատի սնուցման խանգարում, ինչ 44 տարեկան տղամարդու համար շատ վտանգավոր է: Մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդի մոտ տեղի է ունեցել; քաշի կտրուկ անկում»,- ասաց բժիկը:

Շարունակելով Արամ Կարապետյանի վիճակի նկարագրությունը` նա ասաց. «Առկա է զարկերակային հիպերտենզիա, որի դեպքում սրտանոթային մահացությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քանի սովորական մարդու մոտ»: Բժիշկը հայտնեց, որ Կարապետյանին որքան հնարավոր է արագ պետք է տեղափոխել մասնագիտացված սրտաբանական կենտրոն եւ հետազոտություն իրականացնել: Իր ախտորոշումը բժիշկը հանձնել է մեկուսարանի ղեկավարությանը: Նա վստահ է, որ Կարապետյանի առողջական վիճակը չի վերականգնվի դեղերի միջոցով: Մինչ Արմեն Գասպարյանի այցելությունը Արամ Կարապետյանին զննել է մեկուսարանի բժիշկը եւ գտել, որ Արամ Կարապետյանի վիճակը այնքան էլ վտանգավոր չէ:

«Ես Արամ Կարապետյանին այցելել եմ իբրեւ բժիշկ եւ նրան զննել ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ մարդու: Նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ մարդ: Ես նույնպես չունեմ քաղաքական հայացքներ եւ միայն սրտաբանական հետազոտություն եմ կատարել»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցի ասաց բժիշկ Գասպարյանը:

Նա մեկուսարանի ղեկավարությանը նաեւ առաջարկել է այլ սրտաբանի հրավիրել` Կարապետյանին հետազոտելու համար: Այսօր Արամ Կարապետյանի առողջական վիճակի եւ կյանքի համար պատասխանատու է Երեւանի քրեկակատարողական հիմնարկի ղեկավարությունը:

Իսկ ահա այսօր քննչական մարմինը դիմել է դատարան` Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը մայիսի 24-ից հետո, երբ լրանում է նրան մեկուսարանում պահելու երեք ամիսը, կրկին 2 ամսով երկարաձգելու համար:


(լրացված)

Արամ Կարապետյանին տեղափոխեցին հիվանդանոց

Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետը այսօր հանձնարարել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետին` Արամ Կարապետյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, նրա առողջական վիճակը պարզելու եւ նրան բժշկական հետազոտման ենթարկելու համար:

Հանձնարարվել է նաեւ ապահովել հիվանդանոցում նրա պահպանությունը: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:


A1+

No comments: