Monday, May 5, 2008

Հրամանատարին դահլիճ բերեցին շղթայված

Մինչեւ Վերաքննիչ քրեական դատարանում կլսվեր Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի դատական նիստը, հավաքված բազմության եւ դատարանի աշխատակիցների միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Դատական նիստերի դահլիճը փոքր էր եւ հավաքվածները դատարանից պահանջում էին մեծ սենյակ, որպեսզի նիստին կարողանան մասնակցել գոնե հարազատները: Պահանջը բնականաբար չբավարարվեց եւ մարդկանց մեծ մասը ոչ միայն կանգնած մնաց, այլ նաեւ դրսում: Սակայն հարազատների բողոքի ձայնն էլ ավելի բարձրացավ, երբ շղթայված ներս բերեցին Հուսիկ Բաղդասարյանին: «Հերոսին ինչի՞ եք կապել: Ոտքերն ինչի՞ համար եք կապում: Ամոթ, հայոց հերոսին չեն շղթայում: Մենք քո հետ ենք»,- վրդովված էին ներկաները:

Այսօր դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ լսվում էր Հուսիկ Բաղդասարյանի իրավապաշտպան Վարդան Զուռնաչյանի բողոքը Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը նրան դատապարտել էր 3 տարի ազատազրկման` քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով/ ապօրինի զենք-զինամթերք/:

«Մեղադրանքի հիմքը` 16 փամփուշտ ապօրինի պահելը, լրիվ անհիմն է: Նման փորձաքննության եզրակացություն ես չեմ հանդիպել իմ պրակտիկայում: Ի՞նչ մեթոդիկայով է որոշվել, ի՞նչ տեխնիկական պայմաններից ելնելով է որոշվել, որ այդ 16 օրինական փամփուշտները ոչ թե որսորդական են, այլ մարտական»,- ասաց իրավապաշտպան Վարդան Զուռնաչյանը: Նա զարմացած է, որ դատավճիռ կայացնելիս դատավորը հաշվի չի առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ. «Քանի որ նա անչափահաս ունի, նաեւ ծառայություններ ունի հանրապետության հանդեպ, որի պարագայում դատական պրակտիկայում պատիժը լինում է մեղմ եւ պատժի կատարումը հետաձգվում է»:

Իրավապաշտպանը նաեւ զարմացած է, որ նմանատիպ մեկ այլ գործում, երբ հայտնաբերված փամփուշների քանակն ավելի շատ է եղել, ազատազրկել են 1 ու կես տարի, իսկ Հուսիկ Բաղդասարյանի դեպքում, երբ ավելի քիչ փամփուշտ են հայտնաբերել` 3 տարի:

Հուսիկ Բաղդասարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ նշեց, որ առգրավվածը որսորդական փամփուշտներ են եւ պահանջեց իրեն արդարացնել: Ի դեպ, պաշտպանի կողմից արվեցին մի քանի միջնորդություններ, որոնից մեկը վերաբերվում է նոր փորձագիտական քննություն անցկացնելուն, ինչը մերժվեց դատարանի կողմից:

Երբ դատական նիստը մտավ դատավարական ճառի փուլ, Վարդան Զուռնաչյանը միջնորդնեց, որպեսզի ճառի համար տրամադրեն երեք օր ժամանակ: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այսպիսով` դատական նիստը կշարունակվի մայիսի 8-ին, ժամը 13:30-ին:

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Դատական նիստից առաջ, ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքի առաջ մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում`»Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ արձակեք Հուսիկ Բաղդասարյանին» այս եւ այլ նմանատիպ ցուցապաստառներով:

Մեկ ժամ անընդմեջ հավաքվածները բռունցքները վեր պարզած թափահարում էին եւ գոռում. «Ազատ, անկախ, Հայաստան», «Հիմա», «Ազատություն»: Ժամանակ առ ժամանակ երգում էին նաեւ ազատագրական, հայրենասիրական երգեր:

«Ամեն ինչ սկսվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցելուց: Փետրվարի 25-ին խուզարկել են տունը, նա էլ օրինական զենքերը օրինական փամփուշտներով կամավոր հանձնել է, իսկ հիմա էլ ասում են, թե փամփուշտները որսորդական չեն,- դժգոհեց Հուսիկ Բաղդասարյանի կինը`Մարիամ Բաղդասարյանը,- 4 տարվա ընթացքում տարին երկու անգամ գալիս, ստուգում են զենքը, փամփուշտները եւ ոչ մի անգամ ոչ մի նման բան չեն արձանագրել: Դրա համար էլ սրա տակ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Նա մասնակցել է միտինգներին, նստացույցին եւ Մասիսում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Հուսիկը քաղբանտարկյալ է»:

Հուսիկի հարազատներից մեկն էլ նշեց, թե իշխանությունները որոշել են խմբով մարդկանց բռնել, դատել, դրա համար հանձնարարվել է իրավապահներին «գլխներին գործ սարքել»:

«Կոնկրետ Հուսիկ Բաղդասարյանի գլխին չեն կարողացել սարքել, վախեցել են: 16 փամփուշտը որսորդական է, սակայն նրանք դիտել են որպես մարտական: Խեղկատակություն է»,-ասաց նա:

«Սա առաջին եւ վերջին գործը չի: Բոլորս շատ լավ ենք գիտակցում, որ քաղաքական հայացքների զոհեր են մարտի 1-ից առաջ եւ հետո բանտերում գտնվողները: Ամոթ է սրանց, հազար ամոթ: Թող ուրեմն Սահմանադրությունից հանեն այն կետը, որը սահմանում է սեփական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքը: Ապրում ենք իսկական բռնապետական երկրում»,- ասաց քաղաքացի Ռոզան:


A1+

No comments: