Փետրվարի 19-ին` ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաշվելու ընթացքում Իջեւանի Աչաջուր գյուղում տեղի է ունեցել սպանություն: Սպանվել է Աչաջուրի բնակիչ Դավիթ Վարդումյանը:
Այս օրերին Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է սպանվողի մտերիմ ընկերոջ` Տաթեւ Գասպարյանի դատավարությունը, որին ձերբակալել են փետրվարի 26-ին եւ մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` անօրինական զենք կրելու մեջ: Տաթեւ Գասպարյանը փետրվարի 19-ին եղել է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված աձը: Տաթեւ Գասպարյանի ընկերները պնդում են, որ իրենց ընկերոջը ձերբակալել են, որպեսզի նա հաշվեհարդար չտեսնի Դավիթ Վարդումյանի սպանության համար:
Տաթեւ Գասպարյանի ընկերները նաեւ վստահեցնում են, որ Դավիթ Վարդումյանին սպանել են Աչաջուրի ներկայիս գյուղապետի եղբոր տղաները:
Ինչ վերաբերում է Տաթեւ Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործին եւ նրան առաջադրված մեղադրանքին` անօրինական զենք կրելուն, ապա նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունին «Ա1+»-ին ասաց. «Հարուցված գործով սպանության հանգամանքները չեն անցնում: Պարզապես գործող անցնող վկաններից մեկը եկել է իմ պաշտպանյալի տուն եւ ասել` վախենում է, որ իրեն էլ Դավիթ Վարդումյանի նման կսպանեն, քանի որ իրեն սպառնացել են»:
Ի դեպ, Տաթեւ Գասպարյանը Աչաջուրի նախկին գյուղապետն է եւ Նարինե Ռշտունին ընդամենը մեկ դատավարության մասնակցելով` ասում է. «Ընդհանրապես Աչաջուրում թշնամական վերաբերմունքը է տիրում` նախկին եւ ներկայիս գյուղապետերի միջեւ: Գյուղը 2 մասի է բաժանված»: Ինչ վերաբերում է Տաթեւ Գասպարյանին առաջադրված մեղադրանքին, ապա Նարինե Ռշտունին վստահեցրեց, որ իր պաշտպանյալը զենք չի ունեցել. «Ըստ գործի նյութերի` Տաթեւ Գասպարյանին վերագրվող զենքը այն նույն վկայի զենքն է, որը եկել է նրա տուն եւ ասել, որ վախենում է, թե իրեն էլ կսպանեն: Սկզբում վկան ասել է, որ դա իր զենք է, իսկ հետո ասել, թե իրենը չէ»: Քանի որ այդ վկային դատարանում դեռ չեն հարցաքննել փաստաբանը այլ մանրամասներ չհայտնեց:
Տաթեւ Գասպարյանի դեպ հարուցված գործը նրա փաստաբանը համարում է հետապնդում. «Շատ տարօրինակ հետապնդում է: Ես իմ միջնորդության մեջ նշել եմ, որ գործը քաղաքականացված է, քանի որ նրա բնակարանում խուզարկության հանձնարարություն տրվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված մայր գործով, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում»:
Նարինե Ռշտունին նաեւ հայտնեց, որ Տաթեւ Գասպարյանի եւ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված գործերի միջեւ կապ չկա: Աչաջուրի նախկին գյուղապետ ՏաթեւԳասպարյանի դեմ հարուցված քրեական գործը Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի վաղը:
A1+
No comments:
Post a Comment