Friday, May 9, 2008

«Երբ պահը գալիս է մենք միակամ ենք ու մի բռունցք»

Այսօր Շուշիի ազատագրման օրն է, օր, որ հետագայում նաեւ անվանվեց Երկրապահի օր: Այս օրը ունի մեծ խորհուրդ քանի որ մայիսի 8-ի հաղթանակով հիմք դրվեց Արցախյան պատերազմի հաղցթանակին:

«Այսօրվա խորհուրդը շատ մեծ է»,- «Ա1+»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: «Այսօր հաղթանակի տոնն է, տղաները գիտե՞ս ինչ ոգեւորություն ապրեցին այդ օրը: Ընդհանրապես, երեւի ժողովուրդը այդ ժամանակ չզգաց հաղթանակի զորությունը, չզգացինք, թե ինչ հզոր հաղթանակ է սա, բայց հետագայում արդեն հասկացանք, որ մենք այն ժողովուրդն ենք, որ նաեւ հաղթել գիտի: Շուշիի հաղթանակը հետագա հաղթանակների սկիզբը հանդիսացավ. դա հզոր հաղթանակ էր: Ապրեն տղաները, բոլորը»,- ասաց Գրետա Սարգսյանը:

«Ա1+»-ի խնդրանքով նա անդրադարձավ նաեւ մեկուսացված ազատամարտիկների խնդրին, ովքեր այսօր մեղադրվում են տարբեր հոդվածներով, այդ թվում նաեւ իշխանություն զավթելու համար. «Սա անմարդկայնություն է, անբարոյականություն, չի կարելի ազգի տղաներին, ովքեր կոչումով թեեւ հերոս չեն, բայց իրենց գործունեությամբ հերոս են, տանել, առանց որեւէ պատճառի բանտերը լցնել, դա անբարոյականություն է, մենք այդ ժողովուրդը չենք: Նախ նրանք ոչինչ չեն արել, եւ նրանց մեղքն ապացվուցված չի, իրենք քաղբանտարկյալներ են եւ իրենց գաղափարների համար են ձերբակալված, բայց ազգի տղաներին, որոնք իրենց կյանքը դրեցին, զոհվեցին, շատերն էլ սայլակների մեջ են իրենց օրերն անցկացնում, մարդիկ, որ իրենց նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը, այսօր հայտնվել են բանտերում»:

Բայց նա վստահ է, որ վաղ թե ուշ քաղաքական հայացքների համար ձերբակալված անձինք դուրս են գալու, «որովհետեւ նրանց վրա որեւէ բան չեն կարող գտնել, ազգի պաշտպանության համար կյանքը դնող մարդը, երկրի համար կյանքը չխնայող մարդը չի կարող զենք բարձրացնել իր հայրենակցի վրա, դրանք բոլորը սարքովի բաներ էին»:

Գրետա Սարգսյանը նկատում է, որ մարտի 1-ի անմեղ զոհերը չպետք է լինեին. «Այսօր, խաղաղ պայմաններում, երբ մենք ամեն մի հայի համար կյանք ենք տվել, ամեն հայ 10-20 թուրքի դեմ է կանգնել, էս խաղաղ պայմաններում 10 զոհ տալը անընդունելի է, իսկ այդ զոհերը կապել ընդդիմության հետ, ուղղակի անբարոյականություն է. ընդդիմությունը ոչ հրահրել է, ոչ զենք է գործադրել. էդ բոլորն իրենք սարքեցին իրենց աթոռները, պաշտոնները պահպանելու համար, իզուր տեղն իրենց կրկնակի անգամ վարկաբեկեցին»:

Տիկին Գրետան դիմում է իր որդու մարտական ընկերներին, ովքեր այսօր իշխանությունների կամոք Եռաբլուրում չէին. «Տղաներ ջան, ես ձեր ցավը տանեմ, Սասուն ջան, Մյասնիկ ջան, Հակոբ ջան, Մուշեղ ջան, Գագիկ ջան, պինդ մնացեք, ամուր մնացեք:-ապա շարունակում է,- Նրանք քաջ են, նրանք հերոս են, նրանք կռվից չեն վախեցել, բանտ նստելուց պիտի վախենա՞ն. էս ամբողջ ժողովուրդը պատրաստ է բանտ նստել. նրանց եթե թվում էր, թե բանտ նստեցնելով` պիտի ժողովրդին վախեցնեն, սխալվեցին իրենց հաշվարկների մեջ»:

Գլուխը շարժելով ու չհավատալով, որ այսօր հերոս ազատամարտիկներն անազատության մեջ են, տիկին Գրետան ասում է. «Տղաները պետք է ազատվեն. մենք հզոր ազգ ենք, մեզ ոչինչ չի կարող կոտրել: Երբ պահը գալիս է, բոլորս միակամ ենք, մի բռունցք ենք, եւ կեցցե մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը, մեր կանայք, որոնք բոլորովին նորովի դրսեւորվեցին այս շարժման ընթացքում»:


A1+

No comments: