Sunday, May 18, 2008

Ծյունինգ արած լրագրողներն ու քաղաքական գործիչները

Վերջերս մի ընկեր, թե «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը խիստ վիրավորվել է, որ հանրահավաքում իմ ելույթի ժամանակ իբր ասել եմ, որ մեր հեռուստաընկերության բոլոր աշխատակիցները հոգով-սրտով մեր կողմնակիցներն են: Սուրեն Սարգսյանը երբեք նման արտահայտություն չի արել: Ասել եմ` թե՛ «Հ2-ի» եւ թե՛ մնացած հեռուստաընկերությունների բոլոր կարգին մարդիկ, որոնց համար նշանակություն ունի հայոց պետականության ապագան, ովքեր գնահատում են ազատությունը, ովքեր ստրուկի հոգեբանություն չունեն, ովքեր իրենց հարազատ հորն են հայր կոչում եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա նրանք մեզ հետ են եւ մեր կողքին:

Որոշ տյունինգ արած լրագրողներ, թերեւս իրենց փոքրիկ անձը հիշեցնելու պատրվակով, իբր նեղացել են: Մերօրյա մեծապատիվ մուրացկաններին ես չեմ էլ հիշել: Իրենց հայտնի կենդանու տեղ դրած (ավանակի հետ չշփոթել, խոսքը ջայլամի մասին է),ավազակապետության ուղնուծուծը իմացող այս տյունինգ արածները սրբավարի մարդկանց խաբելու հերթական գործընթացն են սկսել. թե դատարանները որոշումներ կկայացնեն, օրենքի շրջանակներում լուծումներ կգտնվեն, հանձնաժողովները նիստեր կգումարեն, կպարզվի ճշմարտությունը...

Բա այդքան տգետ կլինե՞ն, կամ ինքզինքը մարդ այդքան տգետի տեղ կդնի՞` չգիտես ինչու մտածելով, թե դիմացիններն են այդպիսին:

Էդ ո՞ր օրենքից եք խոսում, այն մենթերի, որ իմ դեմ հայցադիմում են գրել, թե հանրահավաքներից մեկի ժամանակ ելույթ եմ ունեցել: Նրանք ՀՀ Սահմանադրությունն անգամ չեն կարդացել: Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի: Այդ ո՞ր դատարանների ընդունած արդար որոշումներից եք խոսում: Եթե Հայաստանի Հանրապետության դատավորները (մի քանի ազնիվները թող ինձ ներեն) արդարության ջատագովներն են, ուրեմն ես տիեզերագնաց եմ: Այդ ո՞ր հանձնաժողովից եք խոսում, Ազգային Ժողովի՞, այն պատգամավորների՞, ովքեր ՀՀ քաղաքացիներին սպանելու հրամանը հաստատեցին, այն պատգամավորների՞, որոնց ղեկավարը իր ներքինու ծղրտան ձայնով վերջիններիս խրախուսում էր սպանության հրովարտակին կողմ քվեարկել:

Հիմա դուք այդ տեղեկատվական աղբը ժողովրդի գլխին թափելով երկու գռոշ եք տանում ու հարամ փողով ձեր երեխաներին հաց տալիս, դեռ իմ մասին էլ բարձրաձայնում, թե ինչու եմ ձեր անունից խոսել: Ախր դուք ո~վ, ես` ո՞վ:

Ղարաբաղցի սպիտակահեր մի կին, ով մշտապես մասնակցում է ազատության պայքարին, մայիսի 9-ին մոտեցավ ինձ, թե` բանջարն ասում է` կանաչի եմ, ագռավն էլ` թե ղուշ եմ, Սերժ Սարգսյանն էլ կարծում է, որ նախագահ է: Ավելացնեմ` ձեզ էլ թվում է, թե լրագրո՞ղ եք:Ինչեւէ, ձեր պստիկությունը շատ չմեծացնեմ:

Մի առիթով գրեցի, թե Գալուստ Սահակյանը իմաստուն քաղաքական գործիչ է: Երեւի լուրջ է ընդունել ու եթերները մաշում է մեզ խելք ու խրատ տալով: Սխալվել եմ, Գալո՛ւստ Գրիգորիչ: Սեփական սխալն ընդունելն էլ տղամարդու գործ է, տարոսը ձեզ լինի: Ձեր ճռճռան իմաստությունից մեզ անմասն թողեք, որ ես ստիպված չլինեմ մաշտոցատառերը հարամել` ձեր մասին գրելով:

Ա՛յ, փայլուն մտքեր է արտահայտում Գառնիկ Իսագուլյանը, որ պետք է հասարակական տարբեր շերտերը ներկայացնող մի կազմակերպություն ստեղծել, որպեսզի բոլորի ձայնը հասնի նախագահին, ու ինքն էլ պատրաստ է նպաստել այդ պալատի գործունեությանը: Ախր, Գառնի՛կ Իսագուլյան, նախագահ պիտի ունենանք` օրինական ընտրված, ձայներ չգողացած նախագահ: Հենց այդ գործն անենք, այլեւս որեւէ պալատ ստեղծելու կարիք չի լինի, քանզի նախագահը ընտրված կլինի, ժողովրդինը կլինի, թե չէ ուղտին նստած կուզեկուզ անելը պատվաբեր զբաղմունք չէ:

Օրեր առաջ էլ Լեւոն Մելիք-Շահնազարյանն Արցախի հարցի ենթատեքստում Ադրբեջանի իշխանությունների ոչ լեգիտիմ լինելուց էր խոսում: Մի հարցնող լինի` այդքան որ գիտեք, սեփական աչքի գերանը ինչու՞ չեք տեսնում: Ով-ով, բայց դիվանագետը ավելի լավ պիտի հասկանա, որ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին աշխարհը լուրջ չի ընդունել եւ չի ընդունելու, ինչն էլ նշանակում է, որ յուրաքանչյուր լուրջ հարցադրմանը աշխարհի հզորները պարզապես փոխադարձելու են, որ Հայաստանի իշխանությունները օրինական չեն եւ ժողովրդի անունից էլ խոսելու իրավունք չունեն: Լավ կլինի այդ մասին բարձրաձայնեք, եթե, իհարկե, ձեր սրտացավ կեցվածքը շինծու չէ:

Ընդհանրապես սրտացավության մասին. համալսարանների ռեկտորները դարձել են ԱԱԾ-ի գործակալներ: Որտեղ ակտիվ ուսանող են տեսնում, հանրահավաքներին մասնակցած ազնիվ պատանի, ով կարող է մեր երկրի ապագան լինել, փորձում են գլխին գործ սարքել, վնասել, որ ապագան իրենցն ու իրենց թշվառական նեղճակատ շրջապատինը լինի: Սրանց օրինակը հիմա բերեմ` կփշաքաղվեք: Պատկերացնում եք` մայր բուհում գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի նախագահը Սերգո Երիցյանն է: Այո՛, այո՛, չեք շփոթվել, այն նույն Սերգո Երիցյանը, ով 1996 թվին մի ամբողջ գյուղ էր հայտնաբերել, որտեղ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին էին ընտրել, ով հետագայում նույն աճպարարությամբ մի ամբողջ գավառ էր փնտրում, որ Ռոբերտ Քոչարյանին է ընտրել: Ու այդպիսի գավառ գտնելու արդյունքում տխրահռչակ Քոչարյանը վերջինիս այդ հանձնաժողովի վզին փաթաթեց, եւ հերն անիծած, որ նույն պահին 6-7 խոշոր գիտնականներ վիրավորանքից հրաժարականի դիմում տվեցին: Լավ է, որ դեռ ինքնասիրություն ունեցող գիտնականներ էլ ունենք: Բնական է, որ Սերգո Երիցյանին խոնարհվող ռեկտորները ճշմարիտ ուսանող չեն ուզում:

Բայց սա դեռ ի՞նչ է: Մարդկանց սպանելու հրաման արձակածն էլ դայլայլեց: Ոչ ավել, ոչ պակաս Քոչարյանը խոսք էր ասել ու գիտեք ինչի՞ց էր խոսել, կարո՞ղ եք պատկերացնել` ինչպիսի բառ էր արտաբերել, ամուր նստեք, որ կարդալուց վայր չընկնեք: Քոչարյանը բարոյականությունից էր խոսել: «Վա՛հ տո, համա թե ժուլիկն է»,- կասեր Սունդուկյանը: Քոչարյանն ու բարոյականությունը մի շարքի վրա՞: Ավազակապետաց ավազակապետը, ում մոտ այսօր էլ Սերժիկ Սարգսյանը իրեն փորձում է նախագահ զգալ, ում ձեռամբ ազատ ձեռներեցությունն իր մերձավորների եւ ձեռնասուն տղերքի մենաշնորհը դարձավ, ով մարտի 1-ին մարդկանց սպանելու հրաման տվեց, այսօր բարոյականությունից է խոսում: Եթե Քոչարյանը խոսում է բարոյականությունից, պիտի դիմենք աշխարհի հոգեւոր խորհրդին, որ ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացու սուրբ ձեռնադրի: Պատկերացնու՞մ եք` այդ մարդը, ում հաջողվեց երկու անգամ բռնազավթել ՀՀ նախագահի աթոռը, ով յուրաքանչյուր պատահական ինքնասպանության եւ ռոմանտիկների կատարած սպանության արդյունքում մեկ քայլ առաջ է գնացել, Տեր-Պետրոսյանի արարքներից է խոսում: Եթե այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքի մի ծայրից սկսի պարզապես զբոսնել, թիկունքից հարյուր հազարներ կշարժվեն: Տեր-Պետրոսյանը 1998 թվից Ռոբերտ Քոչարյանի փնտրած տղամարդն է: Վերջապես գտել է ու չի հաշտվում: Համոզվելու համար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը մի օր թող փորձեն առանց 10000-ոց զորքի զբոսանքի դուրս գալ:

Կարո՞ղ եք գուշակել, թե հարյուր հազարներն ինչու կգան:

Հայ ժողովուրդն այսօր սպասում է իր նախագահի կոչին, եւ այդ կոչն արդեն եղել է: Հունիսի 20-ին ազգովի ազատության հրապարակ ենք գալու:Այդ օրը նաեւ պիտի զբոսնենք, եւ հենց այդ օրը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի բազմահազար նվիրյալ աշխատակիցները, ոստիկանները, մեր պետության համար սրտացավ գեներալները վստահ եմ մեր զբոսանքի բաղկացուցիչը կդառնան: Ու կազդարարենք ավգյան ախոռների մաքրման սկիզբը:

Հաղթե՛լ ենք ու հաղթանակը ամրագրելու ենք: Այնպես ենք ամրագրելու, որ այլեւս որեւէ պատեհապաշտ երբեք չմոռանա, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր գողանում եմ ժողովրդի ձայնը, կրակում ժողովրդի վրա:


Սուրեն Սարգսյան
chi.am

No comments: