
«Մենք իշխանություններին ողջամիտ ժամկետ տվեցինք խելքի գալու եւ երկրում ընթացող գործընթացները բնական հուն մտցնելու համար: Եթե իրենց մոտ բանականությունը չհաղթի, մենք չենք կարող հույսներս դնել բանականությունից կաղող այս իշխանության վրա եւ մենք պետք է իրացնենք մեր սահմանադրական իրավունքը»,- այսօր հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Իսկ իշխանությունների խելքի գալու ժամկետը, ըստ նրա, նշել է ԵԽԽՎ-ն` ՀՀ-ի վերաբերյալ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւում: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` Մուսինյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյականության հետ կապված խնդիրներ ունի:
«Քոչարյանը չկարողացավ հերքել Համաժողովրդական կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած փաստարկները: Որեւէ բանական պատասխան չհնչեց: Դեռ ավելին, որեւէ իշխանավոր ջանքեր չգործադրեց Քոչարյանին պաշտպանելու համար: Քոչարյանի վերջին հարցազրույցը կորակեի` ջղաձիգ արդարացումներ»,- ասաց Արման Մուսինյանը` բոլորին խորհուրդ տալով Քոչարյանի հարցազրույցում քաղաքական մեկնաբանություններ կամ վերլուծություններ չփնտրել:
Նա անդրադարձավ նաեւ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի դեպքերի հետ նա առնչություն չունի եւ մարտի 1-ին Ազատության հրապարակում է եղել` Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու համար: «Ձեռքեր ոլորելով անվտանգություն չեն ապահովում: Ես կզարմանայի, որ նա համարձակություն ունենար եւ պատասխանատվություն վերցներ եւ ասեր, որ այնտեղ է եղել եւ առնչություն է ունեցել: Գրիշա Սարկիսովը ՀՀ առաջին նախագահին օրեր շարունակ փաստացի պահել է անազատության մեջ: Այնպես որ նրա պատասխանատվության հարցը կլուծի մարտի 1-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողովը, որն անպայման կստեղծվի»:
Այսօր ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Տեր-Պետրոսյանի խոսնակը գնահատում է շատ լարված, պայթունավտանգ. «Այս իրավիճակը հետեւանք է փետրվարի 19-ի նախագահի ընտրություններում կազմակերպված զանգվածային կեղծիքների, ինչպես նաեւ դրան հաջորդած մարտի 1-ին իշխանությունների կազմակերպած ջարդի»:
Նա համարում է, որ այս ամիսների ընթացքում իշխանությունները ոչ միայն հետեւություններ չեն արել երկրում քաղաքական գործընթացներին նորմալ հուն տալու, այլեւ` շարունակում են ռեպրեսիվ եւ բռնի մեթոդներով վերջնականապես ճնշել ընդդիմությանը, ինչն իրենց չի հաջողվում: «Ապրիլի 17-ից ` ԵԽԽՎ ընդունած բանաձեւից հետո Հայաստանում 7 մարդ է ձերբակալվել: Այսինքն` քաղաքական հետապնդումները ոչ միայն չեն դադարեցվել, այլեւ` շարունալվել են եւ նոր թափ են ստացել քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիանները»,-ասաց նա: Խոսնակը նշեց, որ առաջին նախագահը որպես երկխոսության հիմք շարունակում է ընդունել ԵՄ-ի եւ ԵԽԽՎ-ի առաջարկները, որոնք գործող իշխանությունները ընդունում են իբրեւ նախապայման:
Ըստ Մուսինյանի` ԵԽԽՎ-ի եւ միջազգային այլ կառույցների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքի մասին են վկայում նաեւ այն փաստերը, որ մինչ օրս փոփոխության չի ենթարկվել «Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը» եւ չի ձեւավորվել անկախ հանձնաժողով` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար:
«Պետական մարմինները, որոնք զբաղված են մարտի 1-ի քրեական գործերը սարքելով, որեւէ ռեալ քայլ չեն կատարել մարտի 1- իրական պատասխանատուների նկատմամբ: Կա 10 զոհ, սակայն սպանությունների առիթով քրեական գործեր չեն հարուցվել, նույնիսկ կասկածյալի կարգավիճակ չի ստացել որեւէ ոստիկան, չկա որեւէ ձերբակալված կամ կալանավորված, որը մեղադրվի զենք կրելու մեջ: Այսինքն` իրավական սպեկտրը ամբողջությամբ ոչնչացված է եւ գործում է միայն քաղաքականը: Իշխանություններն էլ իրենց քայլերով չեն ապացուցել, որ պատրաստ են փոխել իրենց գործելաոճը»:
Արման Մուսինյանը վստահ է, որ մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար այս իշխանությունների օրոք անկախ հանձնաժողով չի ստեղծվելու: Երկրում լուրջ փոփոխություններ նրա կարծիքով տեղի կունենան միայն արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների միջոցով:
Ի՞նչն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը չկարողացավ փետրվարի 19-ին իր հաղթանակը արձանագրել նաեւ ՍԴ-ում` հարցին` Մուսինյանը պատասխանեց.«Պատճառը` ավտոմատներն էին: Մենք քաղաքական գործունեություն էինք վարում, իսկ իրենք ավտոմատներն են գործի դնում»: Նա Տեր-Պետրոսյանի հաղթանակն է համարում նաեւ հետեւյալ փաստը. «Մենք այսօր ունենք համախմբված, ակտիվ, թող ներվի ինձ, ասելու համար, բայց «դուխը տեղը» հասարակություն, որը ատում է այս իշխանություններին»:
Առաջին նախագահի խոսնակն այսօր նաեւ ասաց, թե ինչ է պատճառը, որ իրենք չէին մասնակցում Երեւանում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին. «Չմասնակցեցինք այդ ընտրություններին, որովհետեւ դրանք հակասահմանադրական են: Համաձայն ՀՀ Սահմանադրության` 2 տարվա ընթացքում բոլոր օրենքները պետք է համապատասխանեցնեին Սահմանադրությանը: Այսօր Երեւանը պետք է ունենար ընտրված քաղաքապետ: Այսօր Երեւանը հակասահմանադրական վիճակում է: Երվանդ Զախարյանն այսօր ապօրինի քաղաքապետ է: Եւ մենք չենք պատրաստվում մասնակցել որեւէ հակասահմանադրական միջոցառման»:
A1+
No comments:
Post a Comment