Friday, May 30, 2008

ՍՍ-ի ժամանակների հերոսը



Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցելու համար քրեական պատասխանատվության ենթարկված մարդկանց դատավարություններն արդեն վկաների հարցաքննության փուլում են եւ այդ վկաները ոստիկանության այն աշխատակիցներն են, որոնց նկատմամբ, ըստ մեղադրանքի, քաղբանտարկյալներն իբրեւ թե բռնություն են կիրառել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի նախագահությամբ իրականացնում էր հերթական դատաստանը: 67 ամյա Միսակ Հովակիմյանի գործով վկայություն էին տալիս ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկաններ Գարիկ Շուշանյանը եւ Էդգար Պետրոսյանը: Երկուսն էլ հաղթ, ուղեղներն անջատած, մկանները լարած, լկտիի դիմակ հագած ու մարտնչողի կեցվածքով եկել էին պատմելու, թե ինչպես էին մարտի 1-ի առավոտյան Միսակ Հովակիմյանին բերման ենթարկելիս նրա կողմից բռնության ենթարկվել, այլ կերպ` ծեծվել: Ըստ երեւույթին, երկուսն էլ տառապում էին ուղեղի տկարությամբ, ունեին հիշողության հետ կապված լուրջ պրոբլեմներ, որովհետեւ այդպես էլ չկարողացան հիշել, թե ինչպիսի իրավիճակում են «բերման ենթարկել» պարոն Հովակիմյանին, իրենց խոսքով` «ամբաստանյալին»: Փաստաբան Մուշեղ Շուշանյանի հարցին, թե որքան ժամանակ են իր պաշտպանյալին պահել ոստիկանության իրենց բաժանմունքում, առաջինը պատասխանեց, թե չի հիշում, որովհետեւ ժամացույց չուներ: Երկրորդը` որն ըստ դատաքննությանը չմասնակցող վկաների, ընդհանրապես չի մասնակցել պարոն Հովակիմյանի «բերման ենթարկմանը», նույն հարցին պատասխանեց, որ չի հիշում եւ վերջ: Փաստաբան Շուշանյանի հարցին, թե ինչ մեքենայով են իր պաշտպանյալին բերման ենթարկել, առաջինն ասաց, որ ոստիկանական «ՈւԱԶ» մեքենայով: Էդգար Պետրոսյանը նույն հարցին պատասխանեց` «Ամերիկյան մեքենա էր, մակնիշը չեմ հիշում, էսպես, լուսային էֆեկտներով մեքենա էր, ես լավ չեմ հիշում»,-բարբաջեց Արաբկիրի քրեական հետախուզության օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ, ինչպես ինքն ասաց` «ԵՊՀ իրավաբանական ֆակուլծետի» շրջանավարտ Էդգար Պետրոսյանը: Թեպետ դատավոր Ռուբեն Ափինյանը նրան ակնահայտ հուշում ու ուղղորդում էր, բայց լեյտենանտի բթամտությունը նրան էլ էր ջղայնացնում: Երբ փաստաբան Շուշանյանը փորձում էր պարզել, թե մարտի 1-ին Ազատության հրապարակի հարակից տարածքում հատկապես ո՞ր հատվածում էր այդ ոստիկանը ծառայություն իրականացնում, սա ասաց` «Մեղեդիի մոտ» ու հունից հանեց դատավորին: «Գրո'ղ, թաղեմ կյանքդ»,-զուգահեռ հնչեց դահլիճից: Ափինյանը մուրճը զարկեց սեղանին ու ջղայնացած հարցրեց` «Ի՞նչ մեղեդի, ասացե’ք, թե որ հատվածում էիք գտնվում, կարող եք սխեմայի վրա ցույց տալ»: Սա ձեռ ու ոտ ընկավ, սկսեց ինչ-որ անհեթեթություններ բարբաջել: Ափինյանն ընդհատեց ու հուշեց` «Զրույց մի արեք, հստակ պատասխանեք հարցերին»: Զրույցն, իհարկե, շարունակեց, որովհետեւ հստակ չէր կարող պատասխանել այն պարզ պատճառով, որ պարոն Հովակիմյանին «բերման ենթարկելու» հետ, ըստ վկաների, ոչ մի կապ չի ունեցել: Օպերն ասաց, որ ինքը պարոն Հովակիմյանին բերման է ենթարկել, որովհետեւ Ազատության հրապարակի մատույցներում հավաքված ժողովրդի միջից նա է ամպագորգոռ խոսել ու իրեն «պրովոկացիայի» ենթարկել: Մինչ այդ, նախորդ վկան ասել էր, որ բերման ենթարկելու հիմքը եղել է այն, որ Հովակիմյանը «Ձայնի տոնայնությունը բարձրացնելով-իջեցնելով սկսեց իրեն պրովոկացիայի ենթարկել»: Դատական նիստի ընթացքում դահլիճում ներկա` մարտի 1-ի ողբերգության ականատեսներից մի կին տեսնելով պարոն Հովակիմյանին ու վկա Պետրոսյանին, բարձրաձայն հայտարարեց, որ ինքը պատահաբար տեսել էր, թե ինչպես են այդ մարդուն բռնության ենթարկում ոստիկանները, եւ այդ վկան այնտեղ չի եղել ու սուտ վկայություն է տալիս: Դատավորն այդ կնոջը անմիջապես դուրս հրավիրեց դահլիճից: Ընդմիջմանը, դատարանի շենքի մուտքի մոտ այդ տիկինը պատմեց` «Ես մարտի 1-ի առավոտյան անցնում էի Ազատության հրապարակի մոտով... տեսել եմ այդ մարդուն, որին դատում են, եւ երբեք չեմ մոռանա այդ տեսարանը: Ճկուն, բոյով տղաներ էին նրան շրջապատել, սեւ, զարհուրելի գլխաշորերով: Կյանքում չեմ մոռանա նրանց դեմքը: Ոչ մի մկան չէր շարժվում, իսկ աչքերն ուղղակի, ոնց որ ապակուց լինեին: Նրանք այդ մեծ մարդու ձեռքից բռնած, գետնով քարշ էին տալիս: Նա դիմադրելու ուժ էլ չուներ, ուղղակի ուժասպառ կախված էր: Հետո ձեռքերից բռնեցին ու... թուղթը ինչպե՞ս են ճմրթում, այդպես նրան շպրտեցին ոստիկանության մեքենան: Այս տղան, որ վկայություն էր տալիս, այդ մարդու մոտակայքում էլ չի եղել: Տեսարանը այնքան զարհուրելի էր, որ երբեք չեմ մոռանա: Դրա դեմքը կլոր, չաղ տղա է դա, իսկ բերման ենթարկողները բոյով, ձգված տղաներ էին»,-պատմեց տիկինը, որի անունը չենք հրապարակի` այս դժնդակ օրերում նրան թիրախ չդարձնելու համար:

Բառացիորեն փուլ եկող մեղադրանքը փրկելու ոչ մի շանս չէր մնա, եթե դատավոր Ափինյանը ոչ այնքան արդար, գոնե չեզոք դիրքորոշում որդեգրեր ու խոսքը կտուրը գցելու, այսինքն` պրոցեսի առանցքը դահլիճի մթնոլորտը չդարձնելու ակնհայտ մարտավարության չդիմեր: Անարդարության զգացողությունից բորբոքված դահլիճի կրքերից փախչելու նպատակով նա մի քանի անգամ 10 րոպեով ընդմիջում հայտարարեց, ետ եկավ ու նորից շարունակեց իր սեւ գործն այնքան ժամանակ, մինչեւ իրավաբանական «ֆակուլծետն» ավարտած ոստիկանը պաշտպանական կողմի հարցերի պատասխանները հորինելու դարդից նեղն ընկած, կատաղեց ու բնավորությունը բացահայտեց տեղում` դատավորի չտեսնող ու դահլիճի տեսանող աչքերի առջեւ: Նա գաղտագողի ձեռքը տանում ու անջատում էր «Տարեգիրի» ձայնագրիչը, եւ երբ նկատեցի ու ասացի` «Չհամարձակվես ձայնագրիչս անջատել», միացրի այն եւ շուռ եկա, որ հեռանամ, ձեռքիս գրիչը դիպավ նրա շապիկի թեւին, եւ նա ամբողջ ուժով հարվածեց ուսիս: Դատավորը սա որակեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու ինձ հեռացրեց դատարանի դահլիճից: Փաստաբան Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, բայց մինչ այդ հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտվեց, եւ դա քրեորեն հետապնդելի արաք է: Դատավոր Ափինյանը խոստացավ, որ թե վկայով, թե լրագրողով «կզբաղվեն միայն դատավճռի հրապարակումից հետո»: Ինչ վերաբերվում է ինքնաբացարկի մասին միջնորդությանը, ապա Ափինյանն այն մերժեց: Իսկ ՀՀ դատախազությունն ընդդեմ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատական նիստն այդ օրը ավարտվեց, որովհետեւ ավարտվեց դատավոր Ափինյանի եւ նրա զուգընկեր Արամ Ամիրզադյանի աշխատանքային օրը:

No comments: