Friday, May 30, 2008

Դատապարտում են

Մի քանի ՀԿ-ներ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:

Մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» եւ «Հիմա» երիտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը եւ դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջեւ առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:

Մենք դատապարտում ենք իշխանությունների որդեգրած գործելակերպը եւ հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու եւ վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ:

Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն եւ պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հույս» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե

«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Զարթոնք-89» ՀԿ

«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Միջնաբերդ» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հելսինկյան ասոցիացիան:

Մայիսի 28-ին Երեւանում դաժան ծեծի է ենթարկվել «Հիմա» եւ «Սկսելա» երիտասարդական, ընդդիմական շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը: Հայաստանի իշխանությունները, ցանկություն չունենալով զբաղվել հանցագործությունների բացահայտմամբ նախագահական ընտրությունների եւ խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ, իրականացնում են նոր հանցագործություններ` շարունակելով ամենաթողությունը, անցկացնելով ուժի դիկտատի քաղաքականությունը:

Արհամարհվում են միջազգային հանրության պահանջները` երկրում ժողովրդավարական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հանցագործությունների անաչառ հետաքննության անցկացումը, որը եւ նշված է ԵԽԽՎ-ի 1609 Բանաձեւում: Շարունակվում են պատվերով դատավարությունները ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաեւ շարունակվում է նրանց` հորինված եւ չապացուցված հանցագործություններում մեղադրելը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի վրա Գլխավոր դատախազության կողմից ճնշումները ոչ այլ ինչ են, քան հերթական ճնշումը այլակարծության վրա: Երկիրը, որտեղ կան ավելի քան հարյուր քաղաքական բանտարկյալներ, տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում:

Հելսինկյան Ասոցիացիան եւս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի իշխանությունների վրա լուրջ ճնշում գործադրելու անհրաժեշտության վրա` կոչ անելով անհապաղ իրականացնել ժողովրդավարական փոփոխություններ եւ իրականացնել միջազգային հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները:

No comments: