Wednesday, May 7, 2008

Պահանջում են անկախ եթեր

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր պիկետ էին անում` «Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորին», «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», «Հ1-ը մի դարձրեք անառականոց» ցուցապաստառներով, վանկարկելով «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն մամուլին», «Ազատ, անկախ Հայաստան» :

Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած պիկետի մասնակիցները ՀՌԱՀ-ից պահանջում էին ԵԽԽՎ բանաձեւի կետերի իրագործում, օբյեկտիվ լրատվության ապահովում, «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների վերաբացում, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի վերակազմավորում:

«Իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է վարել քոչարյանական ավազակապետական ռեժիմի տխրահռչակ քաղաքականությունը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքը»,-հայտարարում էին պիկետի կազմակերպիչները:

ՀՌԱՀ-ին ուղղված հայտարարության մեջ նշված էր.. «Ընդունելով, որ այս իշխանության գոյության պայմաններում անհնար է այս ոլորտում պատկերացնել դրական արմատական փոփոխություններ` միաժամանակ մեր խնդիրն ենք համարում պայքարելու ազատ մամուլի ու ազատ խոսքի վերականգնման համար: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պահանջում ենք հրաժարվել հանրային հեռուստաընկերությունը բացառապես իշխանության խոսափողը դարձնելու ստորացուցիչ քաղաքականությունից եւ ապահովել իրապես անաչառ եւ չեզոք լրատվություն»:

Հայտարարությունը հանձնելուց հետո պիկետի մասնակիցները երթով հասան մինչեւ ռադիոտուն,որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը : Այստեղ եւս նրանք նույն պահանջը ներկայացրեցին եւ հանձնեցին նույն հայտարարությունը: Այսօրվա պիկետը «հսկում» էին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցները:

Ի դեպ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Իմ հրաժարականի վերաբերյալ պահանջները մեկ անգամ չէ, որ հնչել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս պաշտոնին իմ նշանակումն ուժի մեջ է ընդհուպ 2013 թվականը։ Եվ եթե մինչեւ այդ ժամանակը որեւէ բան չպատահի, ապա ես չեմ պատրաստվում հրաժարական տալ կամ փոխել աշխատավայրը», -ասել է Ալեքսան Հարությունյանը։


A1+

No comments: